Բավ է պառակտվել
07-11-2019 18:08

The Guardian. Կհետևի՞ Մեծ Բրիտանիան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Լորդ Արա Դարզին, ով այս տարի դարձել էր “Ավրորա” մրցանակաբաշխության Ընտրական հանձնաժողովի նախագահ, գովեստի խոսքեր է ուղղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հասցեին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ: Նրան անհանգստացնում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նմանատիպ ճանաչման բացակայությունը: Այս մասին գրել է The Guardian - ը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն, անտեսելով Թուրքիայի նախազգուշացումները, հոկտեմբերի 29-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

“Որպես առաջին հայ բրիտանական խոհրդարանում ես ոգեշնչված եմ , որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Բայց ես նախկինի պես անհանգստացած եմ այն հանգամանքով, որ բրիտանական կառավարությունը հրաժարվել է ճանաչել շուրջ մեկուկես միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրության անկումից հետո բարձրացած բռնության ալիքի հետևանքով”, - ասել է Դարզին:

Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության մասին լիակատար լռությունն էր, որ խրախուսեց Երրորդ Ռեյխի հիմնադիր Ադոլֆ Հիտրելին, երբ նա ծրագրում էր ոչնչացնել Եվրոպայի հրեական բնակչությունը:

“Իմ հայրենակիցները և ես ափսոսում ենք, որ մեր սեփական կառավարությունը համառորեն ժխտում է (հայերի՝ խմբ.) Ցեղասպանությունը` ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային վիրավորելու վախից դրդված: Առնվազն 20 երկիր պաշտոնապես ճանաչել է այս կոտորածը որպես ցեղասպանություն, նրանց թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Եվրախորհրդարանն: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այժմ միացել է նրանց” - նշել է Դարզին:

Նա ասել է, որ իր պապը և նրա որդիները սպանվել են Օսմանյան կայսրության կառավարական ուժերի կողմից 1915 թ.։

“Նրա դուստրն՝ այն ժամանակ դեռ պատանի իմ տատը, մեռած է ձևացել։ Նա մոր հետ ոտքով հեռացել է Էրզրումից, որտեղ ապրում էր ընտանիքը, և մի քանի շաբաթ անց հասել Մոսուլ, հյուսիսային Իրաք: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ մենք փախստականներ էինք”,- ասել է Դարզին:


Ըստ նրա՝ ցեղասպանությունը գլոբալ խնդիր է:

“Ներկայացուցիչների պալատի բանաձևում ասվում է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս չպետք է առնչություն ունենա “հայերի կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ”: Մեր խորհրդարանը պետք է անի նույնն”, - ասել է Դարզին: