Բավ է պառակտվել
20-01-2017 13:18

Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայքլ Պենսայի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը Վաշինգտոնում:
Նրանք հավատարմության երդում կտան երկրին և Սահմանադրությանը:
Ավանդույթի համաձայն նոր պաշտոնը ստանձնելուց առաջ ամերիկյան նոր առաջնորդը քաղաքավարության այց կկատարի Սպիտակ տուն:Ծրագրվում է, որ Դոնալդ Թրամփին ուղեկցելու է նրա կինը՝ Մելանյան: Նախատեսվում է, որ շքամուտքի մոտ, Հյուսիսային նախասրահի կամարների տակ նրանց կդիմավորի ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման: Պենսիլվանիա ավենյու 1600 հասցեում գտնվող նախագահական նստավայր կայցելեն նաև Պենսը՝ իր կնոջ, Քարենի հետ, ինչպես նաև Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի, երդմնակալության արարողությունների անցկացման հարցերով համատեղ կոմիտեի ղեկավարները:
Երկրի արդեն հեռացող ղեկավարը շնորհակալական նամակներ կգրի Սպիտակ տան աշխատակիցներին, և Օվալ սենյակում նոր առաջնորդին ուղղված մաղթանքներով գրություն կթողնի:
Սպիտակ տանը հավաքվածները կարճ ժամանակով կշփվեն իրար հետ, ինչից հետո նախագահական ավտոշարասյունը Սպիտակ տնից կուղևորվի Կապիտոլիումի բլուր՝ դեպի Կոնգրեսի շենքը, որտեղ էլ տեղական ժամանակով ժամը 11:30-ին (20:30 հայ.) կսկսվի երդմնակալության արարողությունը:
Թրամփի և Պենսի պաշտոնավարումը կսկսվի ամերիկյան հասարակությունում տեղի ունեցած պառակտման ֆոնին, որը ինչպես երևում է գնալով միայն ավելի է խորանալու:
Associated Press ինֆորմացիոն գործակալության պատվերով իրականացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին չորեքշաբթի օրը, վկայում են այն բանի մասին, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության (56%) կարծիքով երկիրը սախալ ուղղությամբ է շարժվում: Այդ կարծիքը չեն կիսում ամերիկացիների 42%-ը:
Նոր սոցիոլոգիական հետազոտությունը նաև բացահայտել է, որ ամերիկացիների 86%-ի համար Վաշինգտոնում իշխանափոխության հետ մեկտեղ առաջնային են համարվում ներքին քաղաքականության խնդիրները(առողջապահություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն, միջռասայական լարվածություն):
Ինչպես պարզվեց, արտաքին քաղաքաքկան խնդիրները կարևոր են հարցվածների 56%-ի համար: Այդ խնդիրներից ամենաառաջնայինն են ահաբեկչության և միգրացիայի հարցերը:

Ովքե՞ր են հրավիրված
Թրամփի երդմնակալության արարողության կապակցությամբ Կապիտոլիումի արևմտյան աստիճանների վրա հատուկ հարթակ է տեղադրվել, որի մակերեսը 929 քառ. մետր է: Դրա չափսը համընկնում է 2005թ. հունվարի քսանին Ջորջ Բուշ –կրտսերի երդմնակալության ժամանակ օգտագործված հարթակի չափսին: Հարթակի վրա կտեղավորվեն արարողության մասնակիցներն ու ավելի քան 1600 հյուրերը, որոնց թվում են իրենց պաշտոնները լքող Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իրենց ընտանիքներով, Թրամփն ու Պենսն իրենց ընտանիքներով, ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Փոլ Ռայանը և այլ օրենսդիրներ, նախկին նախարարներ և նոր աշխատակազմում այս պաշտոնների թեկնածուներ, ինչպես նաև Գերագույն դատարանի, շտաբերի ղեկավարների Կոմիտեի անդամներ, նահանգապետեր:
Բացի այդ, ավանդույթի համաձայն արարողությանը ներկա են լինում պետության նախկին ղեկավարները: ԱՄՆ-ի նախկին նախագահներից Ջիմմի Քարտերն առաջիններից էր, ով հաստատեց միջոցառմանն իր մասնակցությունը: Նրանից հետո դա արեցին նաև Ջորջ Բուշ կրտսերը, Բիլլ Քլինքոնն ու նրա կինը՝ Հիլարին, ով Թրամփի մրցակիցն էր նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններին:
Ինչ վերաբերվում է Ջորջ Բուշավագին, ապա նա չի կարող ներկա գտնվել արարողությանը՝ առողջական խնդիրների պատճառով:
Հարթակի վրա առանձին տեղեր են նախատեսված այլ երկրներից դեսպանների համար: Սովորաբար Ամերիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը արտերկրից բարձրաստիճան անձինք ներկա չեն գտնվում:
Ինչպես հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Նիկոլայ Լախոնինը, արարողության ընթացքում Ռուսաստանը կներկայացնի դեսպան Սերգեյ Կիսլյակը:

Երդումն ու ճառը.
Թրամփի և Պենսի պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի կունենա կեսօրին (21:00 հայ.):
Երդումն առաջինը կտա Պենսը, ինչից հետո Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը կընդունի ԱՄՆ-ի հաջորդ նախագահի երդումը: Համաձայն Սահմանադրության երկրորդ հոդվածի, Թրամփը պետք է արտասանի հետևյալ խոսքերը.
«Ես հանդիսավոր կերպով երդվում եմ , որ ազնվորեն եմ կատարելու Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները, և որքան որ թույլ կտան ուժերս, կպահպանեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»: Սովորաբար նախագահներն այս խոսքերին ավելացնում են. «Եվ թող օգնի ինձ Աստվածը» բառակապակցությունը:
Դեռևս Ջորջ Վաշինգտոնի կողմից հաստատված ավանդույթի համաձայն պետության ղեկավարը Աստվածաշնչի վրա է երդում տալիս, չնայած, որ դա չի պարտադրվում ոչ մի գրված կանոնով:
2013 թվականին իր երդմնակալության ժամանակ Օբաման իր ձերքը դրել էր Աբրահամ Լինքոլնի աստվածաշնչի վրա: Իսկ Թրամփը որոշել է միանգամից երկու Աստվածաշունչ կիրառել՝ լինքոլնյանը, և իր ընտանեկանը, որը նվեր էր ստացել մորից՝ դեռ 9 տարեկան հասակում:
Պենսը իր երդումը կտա Գերագույն դատարանի անդամ Կլարսեն Թոմասի միջոցով: Նա պետք է երդում տա ամերիկացիների մեծարանքը վայելով Ռոնալդ Ռեյգանի ընտանիքին պատկանած Աստվածաշնչի վրա:
Հենց որ երկրի ղեկավարը երդում տա, ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի նվագախումբը կնվագի Hail to the Chief(« Փառք հրամանատարին») նախագահական հիմնը: Դրա հետ միաժամանակ կհնչի 21 զենքերից արված կրակոցը:
Երդմնակալության արարողությանը հետևում է հանդիսության հաջորդ պարտադիր մասը՝ նախագահի խոսքը, որում նա կմատնանշի իր քաղաքականության հիմնական ուղղությունները:
ԱՄՆ-ի նախագահության պատմության ինստիտուտի մասնագետ Քրիստոֆեր Բրինքլին CNN հեռուստաալիքին տված իր հարցազրույցում հայտնել է, որ Թրամփն ինքն է գրում երդմնակալության ժամանակ ասվելիք իր խոսքը:
« Թրամփի խոսքերով նա ուզում է, որ իր ճառը կարճ լիրնի,- նշել է պատմաբանը և հավելել,- Նա ասել է, որ այն հստակ է լինելու, և որ նա ինքնուրույուն է գրում այն: Այո, իհարկե խոսքի վրա աշխատում են նաև մասնագետներ, բայց Թրամփն ուզում է, որ իր խոսքը՝ ի՛ր ստեղծագործությունը լինի»:
Արարողությունը կեզրափակի ԱՄն-ի հիմնը՝ The Star-Spangled Banner –ը (« Դրոշ. ողողված աստղերով): Այս անգամ այն կատարելու պատվին է արժանացել 16-ամյա ամերիկյան սոպրանո Ջեքի Իվանկոն:

Համեստ զորահանդես և երդմնակալության պարահանդեսներ.
Հանդիսության ավարտին, իրենց պաշտոնները ստանձնած նախագահն ու փոխնախագահը կմտնեն Կապիտոլիումի շենք, որտեղ երդմնակալության արարողությունների համատեղ կոմիտեն նրանց պատվին ընթրիք կմատուցի:
Կոմիտեի փոխանցմամբ ընթրիքին իբրև սառը խորտիկներ կմատուցվեն Մեն նահանգից բերված օմարներ և Մեքսիկական ծովածոցից բերված ծովախեցգետիններ: Իբրև հիմնական ուտեստ կմատուցվի շոկոլադե սոուսով բիֆշտեքս, իսկ իբրև աղանդեր շոկոլադե սուֆլե և բալա-վանիլային պաղպաղակ:
Ըստ ամերիրկյան ԶԼՄ-ների Թրամփը ալկոհոլ չի գործածում, սակայն ճաշկերույթին անպատճառ կլինեն կալիֆորնիական գինիներ:
Ընթրիքի ընթացքում Թրամփին ու Պենսին իբրև հուշանվեր կհանձնվեն ամերիկյան Lenox ընկերության բյուրեղապակյա բաժակներ: Թրամփի համար նախատեսված բաժակի վրա պատկերված են Սպիտակ տունը և նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հուշարձանը: Իսկ Փենսը կստանա նմանատիպ բաժակ՝ Կապիտոլիումի և Լինկոլնի հուշարձանի պատկերներով:
Ճաշկերույթից հետո Թրամփն ու Պենսը կգլխավորեն Կոնգրեսից Սպիտակ տուն ընթացող հանդիսավոր երթը: Ինչպես նշվում է, այս անգամ երթը կարճ կտևի, քանի որ Թրամփն ուզում է որքան հնարավոր է շուտ գործի անցնել: 2013 թ. Այն տևել է մոտ երեք ժամ: Այժմ նախագահի թիմում ենթադրում են, որ այն կտևի մեկ ու կես ժամ: Ընդհանուր առմամբ երթին մասնակցություն կունենա 8 հազար մարդ և 40 կազմակերպություն:
Երդմնակալության օրը ընդունված կարգով կավարտվի վաշինգտոնյան պարահանդեսներով: 1949թ. Հարի Տրումենի օրոք դա մեկ պարահանդես էր, Դուայթ Էյզենհաուերի օրոք՝ երկու, Բիլլ Քլինթոնի օրոք պարահանդեսների թիվը հասավ 14-ի, իսկ Բարաք Օբամայի օրոք կրճատվեցին, հասնելով 10-ի, իսկ հետո, նրա երկրորդ շրջանի նախագահության երդմնակալության ժամանակ տրվեց 2 պարահանդես:
Թրամփի օրոք ծրագրված է երեք պարահանդես, որոնցից երկուսը նախատեսված են մասնակիցների լայն շրջանակի համար: Դրանք կանցնեն Վաշինգտոնի ցուցահանդեսների և գիտաժողովների համար նախատեսված խոշորագույն կենտրոնում:
Երրորդ պարահանդեսը, որում մասնակցություն կունենա նաև Թրամփը, կտրվի երկրի զինված ուժերի պատվին: Իբրև պարահրապարակ ընտրվել է Ազգային շինարարական ցուցահանդեսի շենքը:

Անվտանգությունն ամենից վեր է.
Երդմնակալության արարողությունը կազմակերպող կոմիտեում նախտեսում են ռեկորդ սահմանել՝ արարողությանը մասնակցելու համար Վաշինգտոնի կենտրոնական պողոտա եկող մարդկանց քանակով:
2009 թ.-ին, Օբամայի պաշտոնին անցման ժամանա այդտեղ էր եկել 1,8 մլն մարդ: Սակայն այս տարի, Թրամփի կողմնակիցները ենթադրում են, որ միջոցառմանը կհավաքվի մինչև 3 մլն մարդ:
Երդմնակալության արարողության համար պատասխանատու իրավապահ գերատեսչություններն ու ծառայությունները շատ ավելի համեստ գնահատականներ են ներկայացնում՝ ենթադրելով, որ Վաշինգտոնի կենտրոնում կհավաքվի 800-900 հազարից ոչ ավելի մարդ:
Մայրաքաղաքային իշխանությունները հայտնել են, որ կարգուկանոն ապահովելու համար երդմնակալության ընթացքում մոբիլիզացվելու են լրացուցիչ 3 հազ. ոստիկաններ: Բացի այդ քաղաք են ժամանելու ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի 5 հազ. մարտիկներ:
Ընդհանուր առմամբ դժվար է հիշատակել մի ծառայություն, որը ներգրավված չլինի Թրամփի երդմնակալության արարողության մեջ: Իշխանությունները անհանգստության պատճառներ ունեն: Բացի ահաբեկչության վտանգից, իշխանությունները զգուշանում են նաև DisruptJ20 հասարակական միության ակտիվիստներից, ովքեր հայտարարել էին, որ մտադիր են խոչնդոտել երդմնակալության արարողությանը: Ակտիվիստ Դեվիդ Թորնսթոնի խոսքերով հունվարի 20-ին նրանք պատրաստվում են խափանել Կապիտոլիումի բլրի շուրջ տեղակայված 12 անցակետերի աշխատանքը:

Որքան կարժենա երդմնակալության արարողությունը.

The Washington Post թերթի գնահատմամբ, երդմնակալության արարողության վրա կատարվող ծախսերը կարող են կազմել 175-ից 200 մլն. դոլար, ինչը շատ չի գերազանցում նախորդ տարիների ծախսերը: Այս ծախսերը մեծամասամբ լրացվում են հուշանվերների և պարահանդեսների տոմսերի վաճառքից եկած գումարներով, ինչպես նաև անհատների նվիրաբերություններով:
Երդմնակալության կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ վաճառքում լինելու են Կապիտոլիումի բլրի տրիբունաների և պարահանդեսների տոմսեր: Բայց դրանց մեծ մասը կբաշխվի հովանավորների միջև:
Ծախսերը փակելու ևս մի փորձված միջոց է հուշանվերների վաճառքը: Այս ամիս Թրամփի ու հանրապետականների համատեղ նախընտրական կազմակերպությունը ֆիրմային սիմվոլիկայով և 45 թվով գլխարկներ, կրծքանշաններ և շապիկներ էր թողարկել: Այդպիսի հուշանվերների արժեքը տատանվում է 10 -ից 60 դոլարի միջակայքում:
Չնայած դրան, ծախսերի մի մասն այնուամենայնիվ կընկնի հարկատուների ուսերին: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ֆեդերալ իշխանություններից արդեն պահանջել է քաղաքին փոխհատուցել անվտանգության ապահովման համար ծախսված գումարները: Դրա ընդհանուր գումարը կազմում է 30 մլն դոլար, սակայն կառավարությունն առայժմ պատրաստ է հատկացնել միան 19 մլն, դոլար: