Բավ է պառակտվել
20-02-2021 12:06

Տագնապալի նշաններ ամենուր․ վերջին վեց տարիներն ամենաշոգն են եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում․ ՄԱԿ

ԱՄՆ-ի վերադարձը Կլիմայի փարիզյան համաձայնագիր դրա խնդիրների իրականացման հույս է ներշնչում, չնայած կլիմայի փոփոխությունն ուժ է հավաքում, և վերջին վեց տարիներն ամենաշոգն են եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ուրբաթ օրը, տեսակապով ելույթ ունենալով ԱՄՆ-ի՝ Կլիմայի հարցերով համաձայնագիր վերադառնալուն նվիրված հատուկ միջոցառման ժամանակ։ Ելույթը հեռարձակվել է ՄԱԿ կայքով։

«Տագնապալի նշաններ են ամենուր։ 2015 թվականից սկսած վեց տարիներն ամենաշոգն են եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Երկօքսիդի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Ամբողջ աշխարհում ավելանում է հրդեհների, ջրհեղեղների և այլ բնական աղետների թիվը։ Եթե մենք ոչինչ չփոխենք՝ կբախվենք ջերմաստիճանի երեք աստիճանով աղետալի բարձրացմանն»,- ասել է նա։

Գուտերիշը կրկին ողջունել է ԱՄՆ-ի վերադարձը Փարիզի համաձայնագիր, հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը և պաշտոնապես կհաստատի մինչև 2050 թվականն արտանետումների զրոյական մակարդակին հասնելու մտադրությունը։ «Այժմ համաձայնագիրը գործում է այն տեսքով, ինչպիսին պետք է լիներ դրա ստեղծողների պատկերացմամբ»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
ԱՄՆ ծրագրերը

Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Ջոն Քերին իր խոսքում վերահաստատել է ԱՄՆ մտադրությունը ակտիվորեն ներգրավվել այն երկրների կոալիցիան ընդլայնելու գործում, որոնք Բայդենի նախաձեռնած ապրիլյան գագաթնաժողովում և նոյեմբերին Գլազգոյում կայացած կլիմայական կոնֆերանսում պարտավորվել են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Նա նշել է, որ խոսում է նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի մասին: «Բոլորը պետք է մաս կազմեն այս աշխատանքին: Չինաստանը, որին բաժին է հասնում ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ քանակը, պետք է մասնակցի մինչև 2030 թվականը դրանք որոշակի մակարդակի իջեցնելու ջանքերին։ Հնդկաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան, բոլոր խոշոր պետությունները պետք է մաս կազմեն այդ աշխատանքին»,- ասել է Քերին:

«Մենք վերադառնում ենք Փարիզի համաձայնագրին խոնարհ, բայց հավակնոտ: Խոնարհ, որովհետև մենք կորցրեցինք չորս տարի, երբ ԱՄՆ-ը չէր անդամակցում համաձայնագրին, և քանի որ գիտենք, որ ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն դիմակայել այդ մարտահրավերին», - հավելել է կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատարը: - Եվ հավակնոտ, քանի որ միայն Փարիզի համաձայնագրերը բավարար չեն մեր նպատակներին հասնելու համար»:

Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովից հետո: Մասնակից երկրները պայմանավորվել են կանխել մինչև 2100 թվականը մոլորակի միջին ջերմաստիճանի բարձարցումն ավելի քան երկու աստիճանով ՝ համեմատած նախաարդյունաբերական դարաշրջանի հետ: Համաձայնագիրը երկրների կամավոր պարտավորություններ է ենթադրում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու հարցում։