Բավ է պառակտվել
25-08-2016 11:17

Թուրքիան ևս մի տանկային ստորաբաժանում է ուղարկել Սիրիա

Թուրք զինվորականները ևս մի տանկային ստորաբաժանում են ուղարկել Սիրիայի հյուսիս, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություն է իրականացվում:

Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում Ջերաբլուս քաղաքի ազատագրման համար՝ միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման գրոհայինների դիրքերին, հարվածներ են իրականացվում նաև տանկերից և հրետանիից:

«Առնվազն ևս 10 տանկ հինգշաբթի օրը հատել է սիրիական սահմանը»,- ասված է գործակալության հաղորդագրությունում: Ըստ տվյալների՝ այդ տանկերը կմիանան մեկ այլ տանկային խմբի, որը Սիրիայի սահմանը հատել է նախօրեին:

Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով ռազմական աղբյուրների, ավելի վաղ հայտնել են, որ տեղի ունեցողը Սիրիայում ցամաքային գործողություն չէ, թուրքական և կոալիցիոն ուժերի գործողությունների նպատակը միջանցք բացելն է սիրիական «չափավոր ընդդիմության» համար՝ ահաբեկիչներից Ջերաբլուսը մաքրելու նպատակով: