Բավ է պառակտվել
09-10-2020 12:09

«Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչներ են․»․Աշխարհի հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում

Արդեն մի քանի օր է աշխարհի տարբեր քաղաքներում հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով աշխարհին ուշադիր լինել, կանգնեցնել Թուրքիայի կամ Ադրբեջանի ագրեսիան ու ահաբեկչական գործողությունները։ Այս օրերին հայերն ամբողջ աշխարհում վանկարկում են «ARTCAKH IS ARMENIA»` «Արցախը Հայաստան է»։

Այսօր բողոքի ակցիա է անցկացվել Սպիտակ տան մոտ: Մարդիկ Վաշինգտոն են ժամանել Միացյալ Նահանգների տարբեր հատվածներից: Մասնակիցները հայկական դրոշներով, Արցախին աջակցող պաստառներով, «Էրդողանը ահաբեկիչ է», «Արցախը Հայաստան է» կոչերով պահանջել են դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին՝ Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի համար:

Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ցույց է անցկացրել Փարիզում: Մոտ 2 հազար մարդ Թուրքիայի դեսպանատան մոտ դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը: Սա Փարիզում թվով երկրորդ բողոքի ցույցն էր, իսկ առաջինը կազմակերպվել էր Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են տարբեր գրություններով պաստառներ և հնչեցրել վանկարկումներ՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչներ են ու պետք է կանխել Արցախի ու Հայաստանի դեմ նրանց գործողությունները: Մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էին ուշադրություն դարձնել հակամարտության խնդրի վրա, աջակցել ճշմարտությանը և խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Իսկ մինչ Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի մոտ Արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակի քննարկմանումն էր ընթանում զուգահեռ հարյուրավոր հայեր բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիայի մասնակիցները Եվրոպական կառույցներին մեղադրել են ծավալված իրադարձություններին և ռազմական գործողությունների չարձագանքելու մեջ։
«Մենք մեղադրում ենք Եվրոպային՝ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար։ Եվրոպան մնում է կույր ու համր, մենք նրան մեղադրում ենք։ Խաղաղ բնակչությունը ռմբակոծվում է, Եվրոպան մնում է համր։ Թշնամին ռմբակոծում է հայկական քաղաքները, Եվրոպան դարձյալ լուռ ու համր է։ Եվրոպական խորհրդարանը չի անում այն, ինչ պետք է․ ԱՄՈԹ, ԱՄՈԹ, ԱՄՈԹ»,- հայտարարում են ցույցի մասնակիցները։

Նախօրեին էլ Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում հայերը հավաքվել էին թուրքական դեսպանատան դիմաց ՝ վանկարկելով  «Ադրբեջանը պատերազմ է ուզում, Արցախը խաղաղություն»,«Artcakh is Armenia, Stop war»` «Արցախը Հայաստան է, կանգնեցնել պատերազմը»։
Տորոնտահայերը Արցախի ու Հայաստանի դրոշներով քայլերթ իրականացրեցին կոչ անելով գործել ու վերջ տալ Թուրքիայի ահաբեկչական գործողություններին և փրկել կյանքեր։
Իսկ Հյուսիսային Ամերիկայում ապրող հայ և հայկական ծագում ունեցող դերասաններն ու ռեժիսորները տեսաուղերձով դիմել են աշխարհին․․․ «Արցախն ու Հայաստանը հարվածի տակ են․․․ մենք բոլորս մեր Արցախցի քույրերի ու եղբայրների կողքին ենք․․․․ պահպանեք խաղաղություն սահմաններին․․․․ դուք  մենակ չեք․․․․ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, սա գլոբալ մարդու իրավունքների խնդիր է»։

 

 

Արմինե Գևորգյան