Բավ է պառակտվել
27-04-2021 08:48

Թուրքիան չի բացառում ԱՄՆ-ի հետ պաշտպանական պակտի սառեցման հնարավորությունը ցեղասպանության մասին Բայդենի խոսքերից հետո

Անկարան կարող է կասեցնել պաշտպանական և տնտեսության ոլորտում թուրք-ամերիկյան համաձայնագիրն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության տեղեկություններով, Թուրքիայի ղեկավարությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ պատրաստվում է գործողություններ ձեռնարկել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբի իրադարձությունների զոհերի հիշատակի օրը Բայդենի հայտարարության հետ կապված: Որպես պատասխան քայլ՝ Անկարան, մասնավորապես, քննարկում է պաշտպանության և տնտեսության ոլորտում համագործակցության թուրք-ամերիկյան համաձայնագիրը կասեցնելու հնարավորությունը, որը կնքվել է 1980 թվականին: Ըստ այդ պայմանագրերի՝ Միացյալ Նահանգները ֆինանսական և տնտեսական օգնություն են ցուցաբերում Թուրքիային, ինչպես նաև աջակցում և համագործակցում Թուրքիայի ռազմական արդյունաբերության ու բանակի զարգացման և արդիականացման գործում:

Շաբաթ օրը Բայդենը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանեց «Հայոց ցեղասպանություն»: ԱՄՆ նախկին նախագահները խուսափել են օգտագործել այդ եզրույթը: Էրդողանը մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել Բայդենի հայտարարությանը:

Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, և կոչ է արել ԱՄՆ նախագահին «շտկել այս լուրջ սխալը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարել է անհրաժեշտ ուղերձ միջազգային հանրությանը:

Թուրքիայի կառավարությունը ճանաչում է հայերի զանգվածային մահվան փաստը, բայց դեմ է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը և չափազանցված է համարում զոհերի թիվը, որի վրա պնդում է հայկական կողմը: Անկարայի կարծիքով, հայերի մահը ոչ թե կառավարության նպատակային քաղաքականության արդյունք էր, այլ Օսմանյան կայսրությունում քաղաքացիական պատերազմի հետևանք, որի զոհ էին դարձել նաև թուրքերը: