Բավ է պառակտվել
17-04-2017 11:43

Թուրքիան խորհրդարանական կառավարման կարգից անցում կատարեց նախագահականին

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների հաշվարկը գրեթե ավարտվել է: Արդեն պարզ է, որ հաղթանակ են տարել նախագահական կառավարման կարգի կողմնակիցները: Նշենք, որ սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ հանդես եկածները թվային տարբերությամբ շատ չեն տարբերվում:
Ընդամենը 1,25 մլն.-ով ավելի ընտրող է կողմ քվեարկել երկրի կառավարման համակարգում արմատական փոփոխություններին (51,3%-ն ընդդեմ 48,7%-ի): Թուրքիայի կենտրոնական Ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենի հայտարարության համաձայն, «տվյալ պահին ձայների հաշվարկը գրեթե ավարտված է և մնում է մշակել ևս 600 հազ. քվեաթերթիկ»: Այդպիսով հանրաքվեի փաստացի արդյունքն արդեն պարզ է: «Վերջնական արդյունքները կներկայացվեն ամենաուշը 11-12 օրից»,- ասել է Գյուվենը:
Քվեարկություն և ձայների հաշվարկ
Հանրաքվեի օրը Թուրքիայում ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, բացառություն են կազմել մի քանի տեղային միջադեպեր: Դիարբեքիրի մարզում ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով վիճաբանություն է ծագել տեղական ուժերի միջև, և արձակված կրակոցների արդյունքում երեք մարդ զոհվել է: Ստամբուլում 30 հոգուց բաղկացած խմբի կողմից ստորացումների է ենթարկվել լրագրող Ալի Բայրամողլուն, ով նախկինում աշխատել է փոփոխություններին աջակցող իշխանական « Ենի շաֆակ» թերթում, սակայն հանրաքվեին հասարակայնորեն հանդես եկավ Սահմանադրական փոփոխությունների դեմ: Իսկ մեկ այլ տեղ, Խաթայ մարզում, ընտրական տեղամասերից մեկում «Ընտրություն» բառով կնիքի փոխարեն ընտրողներին տվել են «Այո» բառով կնիքներ: Որոշ քաղաքացիների բողոքից հետո կնիքները փոխարինվել են: ԿԸՀ-ն հայտարարել է, որ «Այո» կնիքով քվեաթերթիկները ևս կհաշվարկվեն:
Իշխանությունները հայտարարեցին հաղթանակի մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «երկրի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ պատմական որոշում է կայացվել, որի վերաբերյալ վեճերը չէին դադարում վերջին 20 տարիներին»: «Ազգը պաշտպանեց իր ապագան և բոլորը, այդ թվում նաև Թուրքիայի դաշնակիցները պետք է հարգեն մեր ժողովրդի այս որոշումը»,- ասել է նա: Էրդողանն ընդգծել է, որ այս քվեարկությանը տանող ճանապարհը « ծանր էր, բայց երկիրը հաղթահարեց դա և սկսում է ամենակարևոր ռեֆորմի՝ կառավարման համակարգի իրագործումը»: Նա նշեց, որ « պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի կառավարման կարգը փոփոխվում է քաղաքացիական քաղաքական համակարգի ձեռքով», ոչ թե «հեղաշրջումներից և հեղափոխություններից հետո իշխանության եկած կառավարությունների կողմից»:
Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցն աջակցություն է գտել:« Ոչ պաշտոնական տվյալներով քվեարկությանը գերակշռում են «այո»-ները: Թուրքիան իր դեմոկրատիայի զարգացման հարցում նոր էջ է բացում: Քվեարկության արդյունքները լավագույն պատասխանը դարձան բոլոր նրանց համար, ովքեր կանգնած էին 2016թ. հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու հետևում»,- ասել է նա: Միևնույն ժամանակ ակներև է, որ իշխանություններին չի գոհացրել հանրաքվեին կողմ և դեմ արտահայտվածների քանակական չնչին տարբերությունը: Այդ մասին ակնարկել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը:
Ընդդիմությունը դժգոհ է
Հիմնական ընդդիմությունը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ԿԸՀ-ից կպահանջի անցկացնել 60% քվեաթերթիկների վերահաշվարկ, քանի որ համաձայն չէ արդյունքների հետ, և պնդում է, որ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ «իշխանությունները մեքենայությունների են դիմում՝ հօգուտ իրենց»:
ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Կիլիչդարողլուն նաև հայտարարել է, որ փոփոխությունների հանրաքվեն ցույց տվեց հասարակության մեջ կոնսենսուսի բացակայությունը:
« Թուրքիայի բնակչության առնվազն 50%-ը ասում է՝ «ոչ» սհմանադրական փոփոխություններին, այնպես որ այս քվեարկության արդյունքները հասարակական կոնսենսուսի օրինակ չեն կարող դիտվել»,- ասել է նա:
Պրոքրդական Ազգերի դեմոկրատական կուսակցությունը ևս մտադիր է դիմել ԿԸՀ՝ ձայների վերահաշվարկի պահանջով:
Փոփոխությունների էությունը
Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են Թուրքիայում խորհրդարանական կառավարման կարգից անցում կատարել նախագահականին: Նախագահի իրավասությունները զգալիորեն ընդլայնվում են և նա դառնում է ինչպես պետության այնպես էլ կառավարության ղեկավար՝ ցանկության դեպքում պահպանելով իր կուսակցական պատկանելիությունը: Վարչապետի պաշտոնը լուծարվում է, իսկ նախագահը իրավունք է ստանում նշանակել փոխնախագահի և նախարարների, դատական կոլեգիայի մի մասին և դատախազներին: Պատգամավորների քանակը ավելանում է հասնելով 550-ից 600-ի:
Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական հաշվարկից հետո արդյունքներն ընդունվեն, ապա հերթական ընտրությունները, որոնց ժամանակ կընտրվեն և՛ նախագահ, և՛ ԱԺ պատգամավորներ, տեղի կունենան 2019թ. նոյեմբերի 3-ին: Բացի այդ նախագահական կառավարմանը վերաբերող բոլոր կետերը ևս ուժի մեջ կմտնեն 2019թ.: