Բավ է պառակտվել
05-08-2020 13:21

Տեղեկություն ունենք Բեյրութում ազգությամբ հայ երեք մահացածի և շուրջ 100 վիրավորի մասին. ՀՀ ԱԳՆ

 

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ», - նշել է Նաղդալյանը։

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: