Բավ է պառակտվել
08-09-2022 21:03

Մահացել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին

Շոտլանդիայի Բալմորալ դղյակում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։

«Թագուհին խաղաղությամբ կնքել է մահկանացուն այսօր կեսօրին Բալմորալ դղյակում»,- հայտարարությունն է մեջբերում Ռիա Նովոստի-ն։

Հինգշաբթի Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ բժիշկները անհանգստացած են Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով և խորհուրդ են տվել, որ նա գտնվի բժիշկների հսկողության տակ: Ավելի ուշ թագուհու մաետ են եկել նրա բոլոր երեխաները։

Եղիսաբեթ II-ը՝ Ջորջ VI թագավորի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրը, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղիսաբեթը դարձել է բրիտանական թագի ժառանգորդը։ Նա կրթություն է ստացել տանը, իսկ 1945 թվականին ընդունվել է Օժանդակ տարածքային ծառայություն՝ բրիտանական բանակի իգական դիվիզիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ստացել է կրտսեր հրամանատարի կոչում։

1947 թվականին տեղի է ունեցել Եղիսաբեթի և Հունաստանի ու Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը, ով հրաժարվել է բոլոր տիտղոսներից, ընդունել բրիտանական քաղաքացիություն և ստացել Էդինբուրգի դուքսի կոչում։ Ամուսնության մեջ նրանք ունեցել են չորս երեխա․ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսը և արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի կոմսը:

1952 թվականին, հոր մահից հետո, Եղիսաբեթ II-ը դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Համագործակցության 15 թագավորությունների կառավարիչ և բուն Համագործակցության ղեկավար, Անգլիկան եկեղեցու ղեկավար և զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար։ Բրիտանական գահի իրավահաջորդության կարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հաջորդ ղեկավարը կլինի նրա որդին՝ Ուելսի արքայազն Չարլզը։ Նա այս տարի դառնում է 74 տարեկան։