Բավ է պառակտվել
02-05-2019 16:08

Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ․նախարար

Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստի ժամանակ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ Սևանի մակարդակը սկսել է բարձրանալ։

Նախարարը նշել է, որ մեկ անգամ արդեն բարձրաձայնել է 2019 թվականին Սևանի մակարդակի բարձրացման ակնկալվող և տարակուսանք հարուցած ցուցանիշը, և վերհաստատել է այն։

“Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը կբարձրանա 45 սմ-ով: Լճի մակարդակի բարձրացման պրոցեսն արդեն սկսվել է և ակնկալվում է, որ այդ աճը կկազմի երկու օրում մեկ սանտիմետր”, - ասել է Ցոլակյանը:

Նա նշել է, որ ապրիլին ակնկալվող աճը տեղի չի ունեցել տարածաշրջանում օդի համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով, սակայն մայիսին լեռներում հորդառատ անձրևներ և ձնհալ է ապասվում, ինչը թույլ կտա հասնել նշված ցուցանիշին:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ անցած տարի այս ժամանակաշրջանում Սևանա լճից ոռոգման նպատակով արդեն ջրառ էր կատարվել, իսկ այս տարի ջրառի մակարդակը դեռևս զրոյական է:

«Մենք դեռևս ջրառ չենք կատարել, քանի որ ջուրը բավարար է, բայց նաև ուզում եմ նշել, որ ջրամբարների մակարդակն էլ է բավականին բարձր, հույս ունեմ, որ ոռոգման խնդիր չի լինի”, - ասել է Ցոլակյանը:

Ավելի վաղ Ցոլակյանը հայտարարել էր, որ ոռոգման սեզոնի սկզբին՝ հունիսին Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացած կլինի 45 սանտիմետրով: Ընդ որում՝ 1 սմ -ը կազմում է 12 մլն խմ ջուր: Ոռոգման շրջանում նախատեսվում է լրացուցիչ ապահովել մոտ 570 մլն խմ ջուր:

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ լճի մակարդակը 5-10 սմ բարձր կլինի նախորդ տարվա համեմատ:

Սևանա լիճը՝ տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրը, Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձրադիր լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում, 1914 մ բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք լճի երկարությունն ավելի քան 70 կիլոմետր է, իսկ ջրային հայելու մակերեսը կազմում է մոտ 1,5 հազար քառակուսի կիլոմետրի։ Սևանից սկիզբ է առնող միակ գետը Հրազդանն է (Արաքսի վտակը), մինչդեռ լիճ են թափվում 28 գետ ու գետակ, որոնց ավազանների գումարային մակերեսը կազմում է 2776 քառ․ կիլոմետր։ Նախատեսվում է մինչև 2030թ․ լճի մակարդակը բարձրացնել օպտիմալ՝ 1903,5 մետրի։