Բավ է պառակտվել
28-02-2017 11:01

Մերձավոր Արևելքում պատերազմների վրա ԱՄՆ-ն ծախսել է 6 տրիլիոն դոլար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցած 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում տարբեր պատերազմների վրա ծախսել է 6 տրիլիոն դոլար, ինչից հետո, սակայն, տարածաշրջանը միայն ավելի պայթյունավտանգ է դարձել:
Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած նահանգապետերի հետ հանդիպմանը:
« Մենք գրեթե 17 տարի պատերազմում էինք Մերձավոր Արևելքում: Մոտ մեկ ամիս առաջ ես գտա այդ պատերազմների անցկացման ծախսերի ցուցակը: Մենք այդ նպատակների վրա ծախսել ենք 6 տրիլիոն դոլար: 6 տրիլիոն դոլար՝ Մերձավոր Արևելքում պատերազմների համար»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Նրա խոսքերով դա պարզապես անթույլատրելի է.« Ընդորում, մենք ոչնչի չենք հասել: Իրականում, ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ոչինչը: Ներկայումս իրավիճակը Մերձավոր Արևելքում առանց կասկածի շատ ավելի վատ է, քան 16–17 տարի առաջ: Մենք ծախսել ենք 6 տրիլիոն դոլար, և ի՞նչ ենք ստացել: Տարածաշրջանը բոռերի բնի է վերածվել, կատարյալ քաոս, որը նախկինում չկար: Մենք ոչնչի չենք հասել, և մենք կփոխենք մեր նախկին անօգուտ մոտեցումը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելին, Թրամփի խոսքերով այդ նույն փողերը կարելի էր խելքով ծախսել հենց ԱՄՆ-ում.« Մենք 6 տրիլիոն դոլար ենք ծախսել Մերձավոր Արևելքում պատերազմների վրա՝ այն ժամանակ, երբ մեր ավտոճանապարհների և ճանապարհների վրա փոսեր են: Նյու Յորքի մեր թունելների երեսպատումը քայքայվել ու թափվում է»,- ասել է Թրամփը:
Հավելենք, որ Տեխաս նահանգի սենատոր, Հանրապետական կուսակցությունից նախկին նախագահի թեկնածու Թեդ Կրուզը նույնպես հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կուրսը հանգեցրել է աղետալի հետևանքների՝ տարածաշրջանի և ողջ աշխարհի համար: