Բավ է պառակտվել
06-11-2018 12:45

Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիող խմբավորումների ցանց (տեսանյութ)

Գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության համաձայն, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Համաձայն այդ հրապարակումների, հայկական մաֆիոզ խմբավորումների բացահայտման նպատակով Գերմանիայի ոստիկանությունը մշակել է հատուկ՝ FATIL (Fight against thieves in law - Պայքար “օրենքով գողերի” դեմ) անվանմամբ օպերացիա։ Այն եղել է խիստ գաղտնի և իրականացվել է Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների աջակցությամբ։

Ըստ Der Spiegel-ի, մի քանի տարի տևած հետաքննությունը հանդիսացել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենալայնաշավալ գործողություններից մեկը։ Արդյունքում իրավապահները պարզել են, որ հայկական մաֆիոզ խմբավորումները Գերմանիայում խորը արմատներ են գցել և ստեղծել են հզոր ցանց, սակայն ապացույցների բացակայության պատճառով կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել:

Ըստ գերմանացի լրագրողների, հայկական քրեական խմբավորումներն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2014 թ.-ին Թյուրինգիայի դաշնային երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի խաղատան մոտ երկու հայկական հանցավոր խմբավորումների միջև փոխհրաձգությունից հետո։ Ըստ ականատեսների, հանցավոր խմբավորումների անդամները դեպքի վայր են ժամանել շքեղ ավտոմեքենաներով, կրակ են բացել՝ հրազենային վիրավորում պատճառելով երկու հայի (27 և 54 տարեկան), այնուհետև մեծ աղմուկով հեռացել են նույն ավտոմեքենաներով՝ տեղում թողնելով ավելի քան 20 պարկուճ։

Իրավապահ մարմինները հարուցել են ավելի քան 14 քրեական գործ, հետաքննություն է սկսվել 42 անձի դիմաց, այդ թվում և՝ փողերի լվացման մեղադրանքով։ Ընդ որում, արյունալի պատահարից հետո կրքերը չեն հանդարտվել, հրաձգությանը հետևել է մեկ այլ հարձակում Գերմանիայում ապրող հայերից մեկի ռեստորանի վրա, ծեծ և այլն։

Համաձայն լրատվամիջոցների հրապարակումների, հետաքննության շրջանակներում շրջանառվել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի և Կարո Մուրատի անունները։ Սակայն իրավապահ մարմիններին չի հաջողվել գտնել հիմնավոր ապացույցներ նրանց և այլ կասկածյալների դեմ։

Հետաքննության ավարտից հետո կազմմված խիստ գաղտնի զեկույցում նշվել է, այնուամենայնիվ, որ Գերմանիայում իսկապես գործում է հայկական մաֆիա, որը ռուս-եվրասիական տարածաշրջանի այլ քրեական խմբավորումների հետ մեկտեղ տիրապետում է զգալի ֆինանսական ռեսուրսների՝ սպառնալով իրավական պետության հիմքերին։

Մինչդեռ հեղինակավոր գերմանական ԶԼՄ-րը նշում են, որ մի քանի ամիս առաջ՝ այս տարվա մարտին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Տյուրիգիայի երկրամասի ոստիկանապետի հետ և առաջարկել է Երևանի պաշտոնական աջակցությունը հայկական հանցավոր խմբերի բացահայտման գործում։ Սակայն Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը գաղտնի շրջաբերականով խորհուրդ չի տվել գործընկերներին համագործակցել դեսպանի հետ։

“Մաֆիոզ խմբավորումների և Հայաստանի իշխանությունների հնարավոր սերտաճման պատճառով այդ մասին խոսք անգամ չի կարող լինել”,- ասվել է գաղտնի զեկույցում՝ ըստ Der Spiegel-ի։ ԶԼՄ-ները, մսնավորապես, պնդում են, որ իրավապահ մարմինները կասկածներ ունեին, որ 2015թ.-ին Սերժ Սարգսյանի կողմից Գերմանիայում դեսպան նշանակված դիվանագետը կապեր է ունեցել հանցավոր խմբավորումների հետ, սակայն այդ կասկածները հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել;

Ավելի վաղ, 2008թ., երբ Սմբատյանը դեսպանատան աշխատակից էր, Դաշնային հետախուզական ծառայությունը կասկածել է նրան միջազգային մաքսանենգության մեջ, սակայն այդ գործով բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել և հետաքննությունը կասեցվել է։

Ինքը՝ Աշոտ Սմբատյանն, ով անցյալ շաբաթ նշանակվել է նաև դեսպան Լիխտենշտեյնում, կտրականապես հերքել և անհեթեթ է անվանել այդ մեղադրանքները:

Ի դեպ, գերմանական հանրային հեռուստատեսությունն ու ռադիոընկերությունը այս մասին մեծ ֆիլմ են նկարել, որը կցուցադրվի վաղը:

Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կապի մեջ է գտնվում գերմանական պետական մարմինների հետ՝ մամուլում հայտնված հրապարակումների արժանահավատությունը ճշտելու համար։

“Հաշվի առնելով հարցի նրբությունը և հնարավոր ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք համարում լրացուցիչ մեկնաբանություննր տալ։ ”Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք ըստ արդյունքների”, - նշել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։