Բավ է պառակտվել
10-09-2020 15:58

Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը․ վարչապետ

Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի ոչ մի առիթ չկա, հայտարարել է կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
Վերջին 3 օրում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման երկրի համար ռեկորդային թիվ․ 3 օր առաջ 45, նախօրեին՝ 44, իսկ այսօր՝ 57: Փետրվարի սկզբից երկրում գրանցվել է վարակի 1830 դեպք, ապաքինվել 1334 հիվանդ՝ վարակվածների ընդհանուր թվի 73 տոկոսը:
Այսօր բոլոր կովիդ կենտրոններում բուժում է ստանում 469 հիվանդ, որոնցից միայն 18-ի վիճակն է ծանր, չորս անձ գտնվում է կրիտիկական վիճակում։

“Այսօրվա 57, երեկվա 44 դեպքը վկայում են, որ համաճարակաբանական իրավիճակը երկրում դանդաղ փոխվում է։ Մենք ենթադրում էինք, որ երկրորդ ալիք է լինելու, և այն արդեն սկսվում է։ Մենք այն ակնկալում էինք աշնանը, և հենց աշնանն էլ այդ պրոցեսը սկսվեց: Կարևորն այն է, որ խուճապի համար պատճառներ չկան, իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է”,-ասել է Գախարիան:

Գախարիայի խոսքով՝ համավարակի առաջին իսկ օրերից կառավարությունը գործել է «արագ և ժամանակին», իսկ կարևորագույն քայլը եղել է “վարակի տարածման ռիսկերի կառավարումը”։

“Օրինակ, առաջին օրերին, մեր առողջապահական համակարգն անցկացրել է օրական 150 ՊՇՌ թեստ: Այսօր անցկացվում է միջինում 6-7 հազար թեստ, և շուտով հնարավորություն կլինի անցկացնել օրական 10 հազար թեստ”,- պարզաբանել է Գալխարիան:

Չնայած Վրաստանի առողջապահության նախարարությունը և հիվանդանոցային համակարգը լիովին պատրաստ են ընդունել հիվանդներին, վարչապետի խոսքով, պետք է առանձնակի հոգալ տարեցների մասին և պաշտպանել նրանց վարակից։

Հարկ է նշել, որ վերջին օրերին վարակաբաններն ասում են, որ վարակվածների թվի աճը չի նշանակում համաճարակի այսպես կոչված “երկրորդ ալիք”:

Մասնագետները թվերի աճը կապում են թեստավորման ընդլայնման և արձակուրդային շրջանում բնակչության շարժունության հետ:

“Մեզ մոտ գրանցվում է վարակվածության դեպքերի աճ, երկրորդ ալիքի մասին խոսք չկա: Հնարավոր “երկրորդ ալիքը” կապված է հոկտեմբերի վերջին- նոյեմբերի կեսերին հայտնվող շնչառական հիվանդությունների նոր սեզոնի հետ։ Հնարավոր է, որ գրիպի և այլ վիրուսային հիվանդությունների ֆոնի վրա վարակը խստանա: Ուստի երկրորդ ալիքի մասին խոսակցությունը վերաբերում է հենց այս ժամանակահատվածին: Իսկ հիմա մենք ասում ենք, որ գործ ունենք վարակվածների թվի որոշակի աճի հետ”, - այսպես է բացատրել իրավիճակը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

Հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նույնպես ասել է վերջերս լրագրողներին, որ “վերջին շրջանում կորոնավիրուսի ագրեսիվությունը նվազել է համաշխարհային մասշտաբով”:

“Եթե գարնանը աշխարհում մահացության մակարդակը 7% էր, ապա այսօր այդ ցուցանիշը 3.3% է, բացի այդ, մեր բժշկական անձնակազմը սովորել է ավելի լավ կառավարել հիվանդությունը: Օրինակ, եթե գարնանը ավելի շատ ծանր և կրիտիկական դեպքեր էին լինում, ապա այսօր հիվանդությունն ավելի հաճախ թեթև է անցնում”, - ասել է Գամկրելիձեն: