Բավ է պառակտվել
01-12-2021 10:53

Վրաստանում այսուհետ հանրային հաստատություններ այցելելիս «կանաչ անձնագրեր» կպահանջվեն

Վրաստանում չորեքշաբթի օրվանից «կանաչ անձնագրեր»՝ հատուկ սերտիֆիկատներ են պահանջվում հանրային հաստատություններ այցելելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 8-ին հանրապետության վարչապետին կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վրաստանի քաղաքացիներն ու օտարերկրացիները առանց այդ սերտիֆիկատների չեն կարող այցելել ռեստորաններ և սրճարաններ, կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, զվարճանքի և սպորտային հաստատություններ, խաղատներ, սպա և ֆիթնես կենտրոններ, հյուրանոցներ և ճոպանուղիներ ձմեռային հանգստավայրերում: Հասարակական տրանսպորտում «կանաչ անձնագրերը» դեռևս պարտադիր չեն։

«Կանաչ անձնագիր» ստանալու համար պետք է սմարթֆոն ներբեռնել հատուկ հավելված, գրանցվել և ստանալ QR կոդ։ Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում տեղադրել հավելվածը, կարող են «կանաչ անձնագիր» ստանալ Արդարադատության տանը։ Նոյեմբերի 15-ին վրացական այս վկայականները ճանաչվել են Եվրահանձնաժողովի կողմից։

Սերտիֆիկատներ կարող են ստանալ հանրապետության քաղաքացիներն, ովքեր անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը կամ հանրային վայր այցելելուց առնվազ 72 ժամ առաջ հանձնել են ՊՇՌ թեստ կամ էլ էքպրես թեստ՝ 24 ժամ առաջ։ «Կանաչ անձնագրից» կկարողանան օգտվել նաև նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով, բայց առանց արտերկիր մեկնելու իրավունքի։

Նորամուծությունը վերաբերում է նաև երկիր ժամանող զբոսաշրջիկներին։ Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հասարակական վայրեր այցելելու համար օտարերկրացիները պետք է ունենան պատվաստման վկայական, որը ներկայացնում են սահմանը հատելիս, կամ այս կամ այն ​​օբյեկտն այցելելուց առնվազն 72 ժամ առաջ արված բացասական ՊՇՌ թեստի, կամ էլ 24 ժամ առաջ արված էքսպրես թեստի բացասական արդյունքի փաստաթուղթ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ Երկրում արձանագրվել է վարակի տարածման մի քանի ալիք։ Համավարակի ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է վարակվածության 845 643 դեպք (բնակչության 22,68%-ը), հիվանդության բարդություններից մահացել է 12 054 մարդ։ Մարտի 15-ից հանրապետությունում պատվաստվում են Pfizer, Sinopharm և Sinovac Biotech ընկերությունների դեղամիջոցներով։ Վերջին տվյալներով՝ պատվաստանյութի երկու բաղադրիչներ ստացել է 998 613 մարդ, ինչը կազմում է հանրապետության ավելի քան 3,7 մլն մարդ բնակչության 26,78%-ը։