Բավ է պառակտվել
18-08-2017 14:39

Խոսրովի արգելոցում շարունակում են մխալ տորֆավայրերը

Խոսրովի արգելոցում տարածված ծխի օջախները մխացող տորֆային զանգվածներն են, այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
« Բարձր ջերմային ֆոնը դեռևս պահպանվում է: Այդ իսկ պատճառով մխացող օջախների հետմարումն անհրաժեշտ է»,- ասել է նախարարը:
Օգոստոսի 12-ին Խոսրովի արգելոցում այրվում էին « Ձմեռային » կոչվող տարածքն ու դրան հարակից խոտածածկ և անտառածածկ տարածությունները: Մարման աշխատանքներում ներգրավվել էին հրշեջներ, փրկարարներ, զինվորականներ և ոստիկանության աշխատակիցներ, կամավորներ, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ-ի հատուկ նշանակության ԻԼ-76 օդանավը: Հրդեհը հաջողվել էր մարել օգոստոսի 16-ին:
Մինասյանը հերքել է գործին անպատասխանատու վերաբերվելու և նման երևույթներին պատրաստ չլինելու մեղադրանքները:
« Ընթացիկ տարվա հուլիսի 17-ից բոլոր հատուկ պահպանվող բնական տարածքներում սահմանվել էր հսկողության շուրջօրյա կարգ, անհրաժեշտ բոլոր սարքավորումները բերվել էին բարձր պատրաստվածության վիճակի»,- ասել է նա, ընդգծելով, որ շոգ եղանակին հրդեհավտանգ իրավիճակի բարձր մակարդակն ակներև է:
Նախարարն ընդգծել է, որ տվյալ պահին բոլոր պահպանվող տարածքներում տարվում է խիստ վերահսկողություն:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ արգելոցի վերականգնման ծրագիր է մշակվելու:
« Ներգրավվելու են տեղական և արտասակմանյան կազմակերպություններ: Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մոտակա տարիներին վերականգնվի Խոսրովի արգելոցի կենդանական և բուսական աշխարհի բազմազանությունը»,- հավելել է նախարարը:
Խոսրովի (Գառնու) արգելոցը տեղակայված է հարավ արևմուտքից Սևանա լիճը շրջապատող Գեղամա լեռնաշղթայի փեշերին: Արգելոցի մեծ մասը ընդգրկում է լեռնային, չորադիմացկուն բույսեր, որոնք կարողանում են դիմակայել բարձր ջերմաստիճանների ազդեցությանը: Տեղանքը աչքի է ընկնում բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ բազմազանությամբ: Արգելոցը գտնվում է ծովի մակերեսից 1400-2250 մ բարձրությունների վրա:
Խոսրովի արգելոցում աճում է 1686 տեսակի բույս, որից 146-ը գրանցված է Կարմիր գրքում: Դրանց թվում է վայրի տանձը, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին, նշենին, Վավիլովի աշորան: Այստեղ պահպանության տակ են նաև գիհու և կաղնու նոսր անտառները, լեռնային անթառամները, լեռնատափաստանային և կիսանապատային բույսերը:
Խոսրովի արգելոցում բնակվում են սարդանմանների, խեցգետնանմանների և միջատների հազվագյուտ տեսակներ, որոնց թվում շատ են Կարմիր գրքում գրանցված թիթեռնիկները: Արգելոցում բնակվում է նաև 5 տեսակի երկկենցաղ և ձուկ, 33 տեսակի սողուն, 142 տեսակի թռչուն, 55 տեսակի կաթնասուն, մասնավորապես՝ անդրկովկասյան գորշ արջ, վարազ, լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, լուսան, գայլ, աղվես, ընձառյուծ և այլն: