Բավ է պառակտվել
07-02-2022 16:31

Իսպանիայում կչեղարկեն փողոցում պարտադիր դիմակ կրելու որոշումը

Իսպանիայի իշխանությունները համաձայնեցրել են փողոցում պարտադիր դիմակ կրելու որոշման չեղարկումը, որն ընդունվել էր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին՝ երկրում նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Թագավորության առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ գերատեսչության և մարզային իշխանությունների ներկայացուցիչները «հավանություն են տվել փողոցում դիմակների օգտագործման [կանոնների] փոփոխությանը»։ Երեքշաբթի օրը Թագավորության Նախարարների խորհուրդը նույնպես պետք է տա իր հավանությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հինգշաբթի օրը՝ կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։

Իշխանությունները նաև որոշել են ավելացնել Իսպանիայի ֆուտբոլի և բասկետբոլի առաջնություններին և այլ խոշոր սպորտային միջոցառումներին ներկա գտնվող երկրպագուների թիվը։Մասնավորապես, փակ տարածքները, որտեղ անցկացվում են հանդիպումներ, այժմ կարող են լրացվել մինչև 75%՝ 50%-ի փոխարեն: Եթե ​​միջոցառումը տեղի է ունենում բաց տարածքում, ապա երկրպագուների թիվը պետք է սահմանափակվի 85%-ով՝ առավելագույն հնարավոր այցելուների թվի 75%-ի փոխարեն:

47 միլիոն բնակիչ ունեցող Իսպանիայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակման ավելի քան 10 միլիոն դեպք, ավելի քան 94 հազար հիվանդ մահացել է։ 2020 թվականի դեկտեմբերի վերջին երկրում սկսվել է պատվաստումների արշավ։ Այս պահին 12 տարեկանից բարձր իսպանացիների 90%-ն արդեն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ։

Ավելի վաղ, Covid-ի օմիկրոն տարբերակի առաջացման ֆոնին Իսպանիայում կրկին աճեցին վարակի տարածման տեմպերը։ Արդյունքում հանրապետությունում գրանցվեց վարակվածների օրական աճի հակառեկորդ։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ թագավորությունն արդեն անցել է Covid-ի ընթացիկ ալիքի գագաթնակետը։