Բավ է պառակտվել
14-03-2019 14:03

Իտալիայում թույլ չեն տալիս դպրոց և մանկապարտեղ հաճախել չպատվաստված երեխաներին

Իտալիայում, բնակչության պատվաստումների մակարդակի նվազեցման և կարմրուկի նոր բռնկման ֆոնին, ուժի մեջ է մտել այսպես կոչված Լորենցինի օրենքը, որը պարտադրում է ծնողներին կատարել երեխաներին պարտադիր պատվաստումները։ Իտալիայի մանկապարտեզներն այժմ լիարժեք իրավունք ունեն, և որոշներն արդեն օգտվել են դրանից, չընդունել չպատվաստված երեխաներին, իսկ չպատվաստված դպրոցականների համար ծնողները պետք 500 եվրո տուգանք վճարեն։

Պարտադիր պատվաստումների մասին օրինագիծն ընդունվել է 2017 թվականին Իտալիայի այն ժամանակվա առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցինի նախաձեռնությամբ։ Լորենցինի օրենքն ուժի մեջ է մտել անցած երեքշաբթի։ Այն պահանջում է, որ մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ յուրաքանչյուր երեխա պատվաստվի տաս հիմնական հիվանդությունների դեմ։ Դրանց թվում են կարմրուկը, փայտացումը, դիֆթերիան, B հեպատիտը, կապույտ հազը, կարմրախտը, պարօտիտը (խոզուկ), ջրծաղիկը, բ տիպի հեմոֆիլային վարակը և պոլիոմիելիտը։

Իտալիայում պատվաստումների և պարտադիր իմունիզացիայի խնդիրը հատկապես բուռն է քննարկվել վերջին ամիսներին, մանավանդ, որ երկիրը ոչ մի կերպ չի հասնում ՄԱԿ-ի կողմից սահմանված նպատակին՝ բնակչության 95 տոկոսի պատվաստումներով ներգրավվածությանը։ Այդ ցուցանիշն Իտալիայում կազմում է 90 տոկոս։ Բացի այդ, վերջին ամիսներին երկրում զգալիորեն աճել է կարմրուկի դեպքերի թիվը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով, անցյալ տարվա նոյեմբերին Իտալիայում գրանցվել է կարմրուկի 58, դեկտեմբերին` 76, իսկ հունվարին` 165 դեպք: Եվ սա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է Ռումինիայից հետո:

Այժմ, երբ Լորենցինի օրենքն ուժի մեջ է մտել, նախադպրոցական հաստատությունների ղեկավարությունն իրավունք ունի արգելել հաստատություն հաճախել չպատվաստված երեխաներին, ում ծնողները չեն ներկայացրել երեխայի մոտ պարտադիր պատվաստումների առկայությունը հաստատող փաստաթուղթը։ Դպրոցները չեն կարող 6-16 տարեկան չպատվաստված երեխաներին արգելել դասերին մասնակցել, սակայն Լորենցինի օրենքի խախտումը սպառնում է պատժել նրանց ծնողներին, ովքեր ստիպված կլինեն մինչև 500 եվրո տուգանք վճարել։

Իտալական ԶԼՄ-ների տվյալներով, որոշ մանկական հաստատություններ և մարզային իշխանություններ արդեն օգտվել են Լորենցինի օրենքով նախատեսված իրավունքից։ Այսպես, Բոլոնիայի տեղական իշխանությունները մանկական հաստատություններ հաճախելու ժամանակավոր արգելքի նամակներ են ուղարկել բոլոր պարտադիր պատվաստումները չստացած շուրջ 300 երեխայի ծնողներին, իսկ պատվաստումների առկայությունը հաստատող տեղեկանքների հետ կապված խնդիր է հայտնաբերվել շուրջ 5000 երեխայի դեպքում։ Վենետիկի շրջանում չի թույլատրվել դպրոց գնալ 37, Ֆլորենցիայում և Լուկայում՝ 16, Նեապոլում՝ 3 երեխայի։ Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ ծնողները փորձել են թաքցնել երեխաների պատվաստումների պակասը, մոլորեցնելով նախադպրոցական և կրթական հաստատությունների ղեկավարությանը:

Իտալիայի առողջապահության ներկայիս նախարար Ջուլիա Գրիլոն նշել է, որ բոլոր ծնողները ժամանակ են ունեցել պատվաստել երեխաներին, հարմարության համար Լորենցինի օրենքի ուժի մեջ մտնելը հանգստյան օրից աշխատանքային օր է անգամ հետաձգվել։ Այժմ, ըստ նրա, կանոնները պարզ են․“Չկա՝ պատվաստում, չկա՝ դպրոց”։ Իտալիայի դպրոցների տնօրենների ազգային ասոցիացիայի նախագահ Անտոնելլո Ջանելլին հավելել է, որ “իրավիճակը շատ նուրբ է և ոչ միանշանակ, խոսքը գնում է հանրային առողջության մասին, և կրթական հաստատությունների պարտականությունն է պաշտպանել առավել խոցելի երեխաներին”։ Սակայն պարոն Ջանելլին հանգստացրել է ծնողներին․հենց որ նրանք ներկայացնեն տեղեկանք այն մասին, որ երեխաները ստացել են բոլոր պարտադիր պատվաստումները՝ բոլոր ուսումնական հաստատությունները նրանց նորից կընդունեն։