Բավ է պառակտվել
07-04-2021 13:17

Կալիֆոռնիան հայտարարել է COVID-19-ի պատճառով բոլոր սահմանափակումները վերացնելու ամսաթիվը

Կալիֆոռնիան ամբողջովին կվերացնի COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները մինչև հունիսի 15-ը, պայմանով, որ կշարունակվի պատվաստումների ընթացիկ մակարդակը, ասել է երեքշաբթի Գևին Նյուսոմը:

«Կարող ենք վստահորեն ասել, որ մինչև հունիսի 15-ը մենք կարող ենք սկսել նորմալ բացվել՝ մշտապես դիմակներ կրելու և մշտական զգոնության առկայության պայմաններում», - ասել է Նյուսոմը մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ բոլոր ձեռնարկությունները կկարողանան վերաբացել, իսկ նահանգի բնակիչներին խորհուրդ կտրվի հետևել «ռիսկերի նվազեցման ողջամիտ միջոցներին»:

Փակ տարածքներում խոշոր միջոցառումները կթույլատրվեն, հետևելով COVID-19-ի թեստի կամ պատվաստման առկայության պահանձներին, հավելել է նա: Սակայն, նրա խոսքով, պետությունը կպահպանի «անհրաժեշտության դեպքում հունիսի 15-ի ամսաթիվը վերանայելու հնարավորությունը»:

«Այժմ մենք կարող ենք սկսել պլանավորել մեր կյանքը համավարակից հետո, (...) այս թունելի վերջում լույսը երբեք ավելի պայծառ չի եղել», - ասել է Նյուսոմն իր հատուկ հայտարարությունում:

Կալիֆոռնիայում բնակվում է 40 միլիոն մարդ, այստեղ արդեն պատվաստանյութերի 20 միլիոն չափաբաժին է օգտագործվել: Ձմռանը Կակիֆոռնիայում COVID-19-ի բռնկում գրանցվեց, և նահանգը դարձավ վարակի տարածման էպիկենտրոններից մեկը ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, հունվարի կեսերից վարակի թվի կտրուկ անկում գրանցվեց։ Վերջին շաբաթների ընթացքում դեպքերի քանակը շարունակում է մնալ ցածր, չնայած Միացյալ Նահանգների այլ մասերում դրանց թիվն ավելացել է: