Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում Ֆարս նահանգի Շահ Չերաղ դամբարանում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ֆարսի փոխնահանգապետ Իսմայիլ Սաֆլիի խոսքով՝ առնվազն ութ մարդ վիրավորվել է։ «Այս գիշեր ահաբեկիչը հրազենով ներխուժել է Շահ Չերաղի դամբարան և մուտքի մոտ սկսել կրակել ուխտավորների ու սպասավորների վրա»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։ «Այս պահի տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ, ևս ութը վիրավորվել են»,- հավելել է Սաֆլին։ Նա նշել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Փոխնահանգապետի խոսքով՝ ուժայինները ձերբակալել են ահաբեկչին և հարցաքննում են նրան։ Սաֆլին ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է։
Ըստ Tasnim գործակալության՝ երկու զինյալ փորձել են մտնել մզկիթ, նրանցից մեկը ձերբակալվել է, իսկ երկրորդին վնասազերծելու աշխատանքը շարունակվում է։
Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձ կրակ էին բացել Շահ-Չերախի դամբարանում։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել հարձակվողներից մեկի վիրավորման և ձերբակալման մասին։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել էր։ Հարձակման զոհ էր դարձել 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել։