Բավ է պառակտվել
14-10-2020 17:20

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը: Այս մասին «Արմենպրես» -ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի պետական շահերի ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը` հավելելով, որ վերջին օրերին ANIF-ը իր ֆրանսիացի գործընկերների հետ կազմակերպչական ու համակարգված մեծ աշխատանք է իրականացրել:

«10 օր մենք աշխատել ենք ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ Դոմինիկ դե Վիլպենի, տեղի լրագրողների և խորհրդարանի անդամների հետ, ներկայացնելով, թե ինչ է կատարվում սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծում, Թուրքիայի դերը, որի ներգրավմամբ պատկերը ամբողջությամբ փոխվում է, և վարձկանների ներկայությունը: Մենք բացատրել ենք, որ խնդրի լուծման միակ իրական քաղաքական ճանապարհը միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Քանի որ Ֆրանսիայի խորհրդարանը արագ հասկացավ իրականությունը, նախագիծն այսօր առավոտյան ներկայացվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ստորին պալատ», - ասաց Փափազյանը:

Նախատեսվում է, որ նախագիծը կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Օրինագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանը շնորհակալություն հայտնեց իր ֆրանսիացի գործընկերներին, ովքեր իրենց հայանպաստ նախաձեռնություններով հետեւողականորեն աջակցում են արցախյան հիմնախնդրի կարգավորման ու արդարության վերականգնման գործընթացներին:

Փափազյանը նշեց, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տարվում Լոնդոնում և Հռոմում:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ, օգտագործելով ամբողջ զինանոցը, թիրախավորելով անգամ խաղաղ բնակչությանը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Գոյություն ունեն հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինված ուժերում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված վարձկանները։