Բավ է պառակտվել
28-03-2022 11:45

Շանհայում հայտարարվել է երկու տարվա ընթացքում ամենամեծ լոքդաունը

Չինաստանի Շանհայ քաղաքում, COVID-19 կորոնավիրուսի բռնկման ֆոնին, երկուշաբթի սկսվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենամեծ լոքդաունը, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press-ին։

Շանհայի լոքդաունը կընթանա երկու փուլով և կլինի ամենաինտենսիվը չինական Ուհան քաղաքում կարանտինից ի վեր, որտեղ կորոնավիրուսը հայտնաբերվեց 2019 թվականին։ Առաջին փուլի ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ փակ կլինեն Շանհայի Պուդունի տնտեսական շրջանը և հարակից տարածքները: Երկրորդ փուլը կսկսվի ուրբաթ օրը, կփակվի Շանհայի կենտրոնական մասը՝ Հուանգպու գետից արևմուտք։

Այս ժամանակահատվածում բնակիչները պետք է մնան տանը, կփակվեն գրասենյակներն ու ձեռնարկությունները, որոնց գործունեությունը չի համարվում կենսական նշանակության, կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Բացի այդ, լոքդաունի ընթացքում քաղաքի բնակչությունը կանցնի COVID-19-ի զանգվածային թեստավորում։

Քաղաքի շատ համայնքներում արդեն անցած շաբաթ էր լոքդաուն հայտարարվել բռնկման պատճառով: Անցյալ շաբաթ Շանհայի իշխանությունները արգելեցին նաև տեղական Դիսնեյլենդի այցելություններն, իսկ Tesla-ն դադարեցրեց աշխատանքները քաղաքի իր գործարանում:

Կիրակի օրը Շանհայում մոտ 3,500 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որոնցից միայն 50-ի մոտ է եղել COVID-19-ի ախտանիշներ: Չինաստանում առանց ախտանիշների վիրուսի գրանցված դեպքերը հաստատված դեպքեր չեն համարվում։

Ընդհանուր առմամբ, կիրակի օրը հանրապետությունում հայտնաբերվել է հիվանդության շուրջ 1,2 հազար և շուրջ 5 հազար առանց ախտանշանների դեպք։

Չինաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը որդեգրել է «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը COVID-19-ի նկատմամբ։ Սա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում խիստ լոքդաունի և պարտադիր կարանտինի միջոցով նրանց համար, ովքեր շփում են ունեցել վարակված քաղաքացիների հետ։ Քաղաքականությունը կիրառվում էր Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը կայացած 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական ​​աշխատանքների ժամանակ, սակայն իշխանությունները որոշեցին այն շարունակել խաղերի ավարտից հետո։

Չինաստանում համաճարակի ողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 144,5 հազար դեպք, գրանցվել է հիվանդության հետևանքներից շուրջ 4,6 հազար մահվան դեպք։