Բավ է պառակտվել
24-07-2021 12:10

ՅՈւՆԵՍԿՈ-ն զեկույց է պահանջել Թուրքիայից Սբ․ Սոֆիա տաճարի վիճակի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ Թուրքիայից պահանջել է զեկույց ներկայացնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի վիճակի մասին, որը 2020թ․ -ին վերածվեց մզկիթի, հաղորդում է Ինտերֆաքսը։
Թուրքիան պարտավոր է համապատասխան զեկույցը ներկայացնել մինչ 2022թ․ փետրվարի 1-ը։ Կոմիտեն «մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու», ինչպես նաև համալիրի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման շուրջ «երկխոսության ու տեղեկատվության բացակայության» առնչությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսի 10-ին հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Երկու շաբաթ անց, վերջին 86 տարվա ընթացքում առաջին անգամ մզկիթում տեղի ունեցավ մահմեդական աղոթք, որին մասնակցեց շուրջ 350 հազար մարդ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել 1934-ին՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ: 1985 թվականից ի վեր տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: