Բավ է պառակտվել
30-10-2019 14:32

Առաջատար լրատվամիջոցներն արձագանքել են ԱՄՆ պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

The Guardian-ը, BBC-ն, New York Times-ը և Al Jazeera-ն գրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունել են թիվ 296 բանաձևը, համաձայն որի նրանք ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթին աջակցել է 405 կոնգրեսական, 11-ը դեմ է քվեարկել, երեքը՝ ձեռնպահ:

The Guardian. բանաձևն ընդունվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության մթնոլորտում

“Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել որոշումն ընդունելուն, որը չունի պարտադիր իրավաբանական ուժ Օսմանյան կայսրությունում՝ ներկայիս Թուրքիայում, մոտ 1,5 միլիոն հայերի համակարգված սպանությունը որպես “ցեղասպանություն” պաշտոնապես ճանաչելու համար: Ավելի վաղ, երեքշաբթի օրը պալատը 403-ն ընդդեմ 16-ի ձայնով քվեարկել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման օգտին”, - ասվում է հոդվածում:

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատը դժգոհություն է հայտնել ամերիկյան զորքերը հյուսիսային Սիրիայից դուրս բերելու կապակցությամբ՝ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցից հետո:

Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարությունը վաղուց ժխտում է Հայոց ցեղասպանություն եզրույթը և լոբբիստական արշավ է իրականացնում Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում՝ այս բառի օգտագործումը խոչընդոտելու համար:

“Շատ երկրներ և ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները պաշտոնապես ճանաչել են (հայերի՝ խմբ) սպանությունը որպես ցեղասպանություն: Բայց ԱՄՆ Կոնգրեսը վերջին տարիներին դիմակայել է ակտիվիստների ճնշումներին, չցանկանալով լարվածություն ստեղծել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցի հետ հարաբերություններում: Բանաձևին աջակցությունն աճեց այն բանից հետո, երբ Թրամփը հնարավոր դարձրեց թուրքական հարձակումը քրդերի վրա”, - գրում է թերթը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել ընդունել բանաձևը

“Եթե մենք անտեսում ենք պատմությունն, ապա մեզ վիճակված է ականատես լինել անցյալի սխալների կրկնությանը: Քուրդ ժողովրդի վրա թուրքական զինուժի կողմից վերջերս կատարված հարձակումները վառ հիշեցում են այդ վտանգի մասին”, - ասել է Փելոսին:

Բանաձևի հեղինակներից մեկը՝ Կալիֆոռնիայից դեմոկրատ Ադամ Շիֆն ասել է, որ Ներկայացուցիչների պալատն այլևս չի մասնակցի ցեղասպանության ժխտմանը:

“Սա քվեարկություն է, որի համար ես պայքարել եմ 19 տարի, որպեսզի այն հնարավոր դարձնեմ, և սա այն է, հանուն ինչի տասնյակ հազարավոր իմ ամերիկահայ ընտրողներ աշխատել են, պայքարել և աղոթել տասնամյակներ”, - ասել է Շիֆը:

Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, արդյոք բանաձևը քվեարկության կդրվի Սենատում։

The Guardian-ը նաև մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով դատապարտել է բանաձևի ընդունումն և այն անվանել է “անիմաստ քաղաքական քայլ” և ”պատմությունը վերաշարադրելու փորձ”: Նա նաև նախազգուշացրել է բանաձևի ընդունման բացասական ազդեցության մասին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա:

The New York Times. առաջին անգամ Կոնգրեսի պալատը հայերի զանգվածային ջարդն անվանեց ցեղասպանություն

“Առաջին անգամ Կոնգրեսի պալատը պաշտոնապես ճանաչեց մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն”, - գրել է հրատարակությունը:

Նշվում է, որ դա արվել է ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի արյունալի ռազմական հարձակմանն: Օրենսդիրները զուգահեռներ տեսան Հայոց ցեղասպանության և քրդական ուժերի նախազգուշացման միջև առ այն, որ ամերիկյանզորքերի դուրսբերումը կհանգեցնի իրենց ժողովրդի էթնիկ զտմանը։

BBC. բանաձևը կարող է դիտվել որպես քաղաքական գործիք

“Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի բոլորի, բայց նախևառաջ՝ Թուրքիայի կողմից: Դժբախտաբար, նա դժվար թե պատրաստ լինի ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունն առանց արտաքին ճնշման: Երևի թե եկել է ժամանակը, երբ լրացուցիչ ճնշում կգործադրվի նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից”, - քվեարկության նախօրեին ասել է BBC-ին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով զրկվեց իր դիրքից 1915-ի դեպքերը ցեղասպանություն անվանելու հետևանքով:

Էվանսը հավելել է, որ կարելի է ակնկալել Վաշինգտոնից Թուրքիայի դեսպանի հետ կանչում, դատապարտման խոսքեր Անկարայից, ինչպես նաև ամերիկյան ապրանքներ չգնելու կոչեր:

Փորձագետ, Eurasianet- ի Կովկասի բաժանմունքի խմբագիր Ջոշուա Կուչեռան, իր հերթին, նշել է, որ այս քվեարկության պահը և այն հանգամանքը, որ դրա կողմնակիցներն այն ասոցացնում են Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում կոնկրետ խնդրի հետ, իրականում այն դարձնում է քաղաքական գործիք:

Al Jazeera. ԱՄՆ քաղաքական գործիչները կրկնակի հարված են հասցրել Թուրքիային

“Ամերիկացի քաղաքական գործիչները կրկնակի հարված հասցրեցին Թուրքիային` ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը և օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքի վրա Անկարայի հարձակման համար, ինչը հնարավոր դարձավ ամերիկյան զորքերի դուրսբերման շնորհիվ: Նմանատիպ օրենսդրության ընդունման նախկին փորձերը ձախողվել են թուրքական դիվանագիտական ընդդիմության արդյունքում”,- գրում է Al-Jazeera- ն:

Պարբերականը հիշեցնում է, որ չնայած Թուրքիան գիտակցում է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ, 1915-1917 թվականներին շատ հայեր են զոհվել էթնիկ բախումների և տեղահանությունների արդյունքում, նա մերժում է ցեղասպանություն եզրույթը:

Նախապատմություն

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։