Բավ է պառակտվել
26-01-2018 10:49

Որսագողերը Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են սպանել

Որսագողերը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում բեզոարյան այծ են որսացել, այս մասին հաղորդում են ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տեսուչ Ա․Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանն այն մասին, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոց է հնչել։
Տնօրենի հանձնարարությամբ վեց աշխատակիցներ մեկնել են այդ տարածք։ Տեղյակ է պահվել նաև բնապահպանության մարզային կառույցը։
Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծ անել։ Որսագողերին հայտնաբերելու ջանքերն ապարդյուն են եղել։ Միջադեպի մասին տեղյակ են պահվել իրավապահ մարմինները։
Բեզոարյան այծը, կամ մորուքավոր այծը (լատ. Capra aegagrus)-երկսմբակավոր կաթնասուն է, պատկանում է սնամեջ եղջյուրավորների ընտանիքին (Bovidae): Այն ներառված է Հայաստանի Կարմիր գրքում՝ իբրև վերացող տեսակ: