Բավ է պառակտվել
17-07-2020 15:30

Աշխարհահռչակ հայերը արտահայտվել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին (լուսանկարներ)

Արդեն մեկ շաբաթ է լրահոսի հիմնական թեման Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է։ Գնահատականներ հնչել են աշխարհի տարբեր անկյուններից։ Կոչերով հանդես են եկել նաև աշխարհահռչակ հայ արտիստներ;

Gisher.news–ը մեկտեղել է նրանց ուղերձները։

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում եւ Թվիթերում իր բազմամիլիոնանոց լսարանին կոչ է արել դատապարտել Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան:

Նա իր հետեւորդներին հայտնել է, որ «չնայած համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա. քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, Ադրբեջանը նաեւ սպառնացել է հարվածել Հայաստանի ատոմակայանին»։

Քիմը նշել է, որ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին ռազմական օգնության շարունակության հարցը: Նա հորդորել է կապ հաստատել սենատորների եւ ներկայացուցիչների հետ եւ կոչ անել աջակցել Հայաստանին։

«Ես իմ հայրենակիցների հետ եմ եւ աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են եւ ներգրավված են այս իրադարձություններում»,-գրել է Քարդաշյանը:


«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:
Օհանյանը ինստագրամի սթորի բաժնում տեղադրել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գրառումը. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ համավարակի պայմաններում»:

Մոսկվաբնակ հայտնի շոումեն, «Comedy Club»-ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանն էլ իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։ Նա իր էջում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ կից նշելով․

«Մեծ անհանգստությամբ հետեւում եմ Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի այդ գեղեցիկ շրջանն իմ փոքր հայրենիքն է։ Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հայրական կողմի իմ բոլոր նախնիները։ Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել։ Պայծառ հիշատակ զոհվածներին։ Եվ մի բան էլ. դադարեք հրահրել հայոց բանակին։ Դադարեցրեք «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը։ Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ կմղվի: Այդպես է եղել միշտ։ Այդպես կլինի միշտ։ Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,- գրել է նա։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սահմանին Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակին:

«Մեծագույն անհանգստությամբ հետեւում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմաններին լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին եւ ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքն իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին:
Ձեզ հետ եմ: Հենո»,-գրել է ֆուտբոլիստը:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն էլ անդրադարձել է Հայաստանի սահմանին ստեղծված լարված իրավիճակին ու գրառում կատարել:
«Կանգնած ենք մեր զինվորների կողքին, որոնք քաջաբար պաշտպանում են մեր սահմանները Հայաստանում»,- գրել է ֆուտբոլիստը:

 

 

Արմինե Գևորգյան