Բավ է պառակտվել
05-01-2020 11:34

Պայթյուն է հնչել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Հրթիռակոծվել է ամերիկյան բազան Իրաքում

Պայթյուն է հնչել Բաղդադի “կանաչ գոտում”, որտեղ գտնվում են կառավարական շենքերը և դիվանագիտական ներկայացուցչությունները: Ինչպես շաբաթ օրը հաղորդել է Sky News Arabia-ի թղթակիցն, ԱՄՆ դեսպանատան ճանապարհը արգելափակված է:

Հաղորդվում է, որ Բաղդադի “կանաչ գոտում” պայթել են “Կատյուշա” տիպի երկու հրթիռ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Reuters-ը հայտնում է, որ հրթիռն ընկել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ, զոհեր չկան:

“Ալ Արաբիա” հեռուստաալիքը, վկայակոչելով Իրաքի իրավապահ մարմիններին, հայտնել է, որ “կանաչ գոտի” են ուղարկվել բանակային և ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ։

Բացի այդ, առնվազն չորս հրթիռ ընկել է Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Սալահ ալ-Դին նահանգում գտնվող Էլ-Բալյադ ավիաբազայի տարածքում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: Իրաքյան բանակի ներկայացուցիչների խոսքով զոհեր և ավերածություններ չկան:

Հաղորդվում է նաև Բաղդադի Էլ Ջադրիա թաղամասի ականանետային հրետակոծման մասին, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ:

Ավելի վաղ, շաբաթ օրն Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ, գեներալ Աբդել Քարիմ Խալաֆը հայտարարել էր, որ Իրաքը “որոշում է կայացրել սահմանափակել ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը Իրաքում”: Մինչդեռ, դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանության վրա Իրաքի զինված ուժերի գրոհից հետո Վաշինգտոնը 750 ծովային հետևակային է ուղարկել այնտեղ՝ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը պաշտպանելու համար:

Իրավիճակը խայրահեղ թեժացել է

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է դեկտեմբերի 29-ին Սիրիայում և Իրաքում “Քաթայիբ Հեզբոլլահ” խմբավորման հինգ օբյեկտների վրա ԱՄՆ օդուժի կողմից իրականացված մի քանի հարձակումներից հետո: Այդ ժամանակ Պենտագոնը հայտարարեց, որ այդ կառույցը պատասխանատու է երկու օր առաջ Քիրքուկի մերձակայքում իրաքյան ռազմակայանի հրետակոծման համար, որի ժամանակ ամերիկացի սպա էր զոհվել: Ըստ իրաքյան ԶԼՄ-ների Էլ-Քաիմ քաղաքի (Անբարի նահանգ) շրջակայքում ռմբակոծության արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ, 50-ից ավելին վիրավորվել են:

Ամերիկացիների այս գործողություններն արժանացել են Իրաքի իշխանությունների կոշտ քննադատությանը, որոնք հայտարարել են Վաշինգտոնի ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին: Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի օդուժն ուրբաթ երեկոյան հարված հասցրեց Բաղդադի օդանավակայանին, ինչի արդյունքում զոհվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) “Էլ-Ղուդս” հատուկ ջոկատայինների հրամանատար Քասեմ Սուլեյմանին: Նրա հետ միասին սպանվեցին նաև շիական աշխարհազորայինների “Ալ-Հաշդ ալ-Շաաբի” ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և էլի մի քանի մարդ:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածը պաշտպանական բնույթ է կրել և նպատակ ուներ պաշտպանել Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկացի զինվորականներին: