Բավ է պառակտվել
25-07-2016 09:36

Պայթյուն Գերմանիայում, մեկ ահաբեկիչ է զոհվել, 12 մարդ՝ տուժել

Գերմանիայի Անսբախ քաղաքում հզոր պայթյուն է եղել, մեկ ահաբեկիչ է զոհվել, 12 մարդ էլ վնասվածքներ ստացել:

Զոհվածը 27-ամյա սիրիացի էր, որը առաջ բազմիցս հայտնվել էր ոստիկանության տեսադաշտում:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին Անսբախի կենտրոնում՝ ռեստորաններից մեկում: Հանգստյան օրերին քաղաքում երաժշտական փառատոն էր անցնում, որի այցելուներն էլ ըստ երեւույթին հարձակման թիրախն էին:

Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել էին, որ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչություն է եղել:

Բավարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 12-ն էլ՝ վիրավորվել:

Հիմա բոլոր տուժածները հիվանդանոցում են: Երեքի վիճակը ծանր է:

Ոստիկանների տվյալներով պայթյունը հենց զոհված ահաբեկիչն է կազմակերպել:

Նրա անձը գրեթե միանգամից պարզել են: Նա 27-ամյա սիրիացի է:

«Մեկ տարի առաջ նրան մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոհան Խերմաննան:

Խերմանայի խոսքով, տղամարդ բազմիցս եղել է ուշադրության կենտրոնում՝ ինքնասպանության երկու փորձից հետո նրան հիվանդանոց էին պառկեցրել:

Ոստիկանությունը չի բացառում, որ ահաբեկիչը կարող էր ծայրահեղական խմբավորումների անդամ լինել, բայց առայժմ այս տեղեկությունը հաստատված չէ: Սիրիացու հնարավոր հանցակիցների մասին նույնպես տեղեկություններ չկան:

«Մենք հայտնաբերել ենք նրա բջջային հեռախոսը: Այն հիմա վերծանում են: Մի քանի ժամից ամեն ինչ կպարզվի»,- ասել է Նյուրնբերգ քաղաքի ոստիկանապետի տեղակալ Ռոման Ֆերթինգերը: