Բավ է պառակտվել
10-11-2021 10:36

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը

1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ առանց առարկության ընդունվել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում, հայտնում է Հայ դատի Բրիտանիայի գրասենյակը։

«Այսօր պատմական օր էՀայկական հարցի համար։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ, առանց առարկությունների ընդունվեց։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։ Շնորհակալություն ենք հայտնում (պահպանողական պատգամավոր՝ խմբ.) Թիմ Լոութոնին և բոլոր համահեղինակներին այս հաջողության համար»,- ասվում է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։

Օրինագծի մասին

Փաստաթուղթը պարունակում է երեք հիմնական դրույթ. առաջին՝ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և հարակից տարածքներում հայերի զանգվածային ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Բրիտանիայի համար կարևոր է մի քանի պատճառով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է:
Բացի այդ, Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:
«Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լոութոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու այս անարդարությունը»,- ասվում է գրասենյակի հայտարարությունում:
Բրիտանիայի Հայ Դատի հանձնաժողովը և Մեծ Բրիտանիայի հայ համայնքը կոչ են անում թագավորության կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները և հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։