Բավ է պառակտվել
08-08-2018 10:35

Երկրագունդը վեր է ածվում ջերմոցի. գիտնականներն ահազանգում են

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ, անգամ կլիմային վերաբերող Փարիզյան համաձայնագրի բոլոր պայմանների իդեալական պահպանման դեպքում՝ երկրագնդի միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 4-5 աստիճանով ավելի բարձր կլինի, քան մինչարդյունաբերական ժամանակաշրջանում: Արդյունքում մոլորակը կվերածվի «ջերմոցի», և շատ տարածաշրջաններ կդառնան պարզապես ոչ պիտանի բնակության համար:
Ջերմոցային գազերի արտանետումները գլոբալ տաքացման վրա ազդող միակ գործոնը չեն: Գիտնականների խոսքով, մարդու գործունեության արդյունքում բնության մեջ տեղի են ունենում այլ անդառնալի պրոցեսներ, որոնք կարող են նպաստել մթնոլորտի հետագա տաքացմանը: Այդ թվում՝ հավերժական սառույցների հալոցքը, օվկիանոսի հատակից մեթանի բարձրացումը, ցամաքի և օվկիանոսի կողմից ածխածնի կլանման ծավալների նվազումը, բակտերիալ շնչառության ինտենսիվության մեծացումը, Ամազոն գետի ավազանում գտնվող անտառածածկ տարածքների կրճատումը և այլն:
Հետազոտողները պնդում են, որ անհրաժեշտ է ոչ միայն կրճատել գազերի արտանետումը, այլև անտառապատման միջոցով ստեղծել ածխածնի պահեստավորման բնական ռեզերվուարներ, պահպանել հողերն ու կենսաբազմազանությունը: Անհրաժեշտ է նաև ստեղծել մթնոլորտից ածխածինը կլանող նոր տեխնոլոգիաներ, վստահեցնում են գիտնականները:
Կլիմային վերաբերող Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 դեկտեմբերին: Դրան միացել են 195 երկիր, այդ թվում և Ռուսաստանը: Պետությունները պարտավորվում միջոցներ ձեռնարկել կանխելու մինչև 2100 թ. Երկրի վրա միջին ջերմաստիճանի Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով բարձրացումը: Հունիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու որոշուման մասին, այն համարելով «չափազանց անարդար» Միացյալ Նահանգների նկատմամբ: