Ադրբեջանի իշխանությունները բացահայտել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ տարածաշրջանի հայ բնակչության վերաինտեգրման ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ հանրապետության նախագահի աշխատակազմին հղումով։
Ղարաբաղի բնակիչներին երաշխավորվում է անվտանգություն, իրավունքների և ազատությունների, մասնավորապես՝ կրոնի հավասարություն, ինչպես նաև իրենց մշակույթը, էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու հնարավորություն, «ստեղծվել է հայերենի օգտագործման հնարավորություն»։
Տարածաշրջանում կառավարումը նախատեսվում է իրականացնել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով, կձևավորվեն նաև քաղաքապետարաններ։
«Ռեզիդենտների քաղաքացիության հարցերը լուծվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան», - ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի ներքին գործերի մարմինները կապահովեն տարածաշրջանում հասարակական կարգը, բոլոր զենքերը կառգրավվեն բնակիչներից։
Նրանց հարկային ու մաքսային արտոնություններ են խոստացել՝ կապված տարածաշրջանում տնտեսական հատուկ ռեժիմի տարածման հետ։ Ձեռնարկատերերին կտրամադրվի աջակցություն՝ «արտոնյալ վարկեր, տոկոսների սուբսիդիաներ, վարկերի երաշխիքներ» և այլն։ Ֆերմերները կազատվեն բոլոր հարկերից, բացի հողի հարկից։
Սեփականության հետ կապված հարցերը կկարգավորվեն Ադրբեջանի օրենքներով։ Շրջանառության մեջ կդրվի Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը։
«Բնակիչները ենթարկվում են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձերի և սոցիալական նպաստների համակարգին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Սա ներառում է հատուկ տնտեսական գոտու շրջանակներում արտոնություններ, զբաղվածության ծրագրեր և այլն։
Բնակիչներին կապահովեն կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքներ, որոնց մակարդակը ժամանակի ընթացքում կհասցվի «ազգային միջինին»։
Սեպտեմբերի 19-20-ը Բաքուն Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» է իրականացրել (բռնի էթնիկ զտումներ՝ խմբ․)։ Դրա արդյունքը եղավ հրադադարի համաձայնագրի կնքումը, որը ներառում էր նաև կետեր չճանաչված հանրապետության բանակի զինաթափման և Ադրբեջանի կազմում տարածաշրջանի բնակիչների վերաինտեգրման մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր երկիրը չի մասնակցել համաձայնագրի ձևավորմանը, ինչպես նաև հերքեց, որ Ղարաբաղում հայ զինվորականներ կան։ ԼՂՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում կառավարության ղեկավարի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Բնակիչությանը խորհուրդ է տրվել ուսումնասիրել Բաքվի առաջարկած վերաինտեգրման պայմանները։ Ղարաբաղի հայերն այս հարցով երեք հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։ Նախկինում շրջանի ղեկավարությունը հայտնել էր, որ բնակչության 99,9%-ը կամ 120 հազար մարդ մտադիր է հեռանալ։ Փաշինյանը փախստականներին խոստացել է կեցության ծախսերի փոխհատուցում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ մինչև տարեվերջ նախկինում Ադրբեջան մեկնածներից 5,5 հազարը կվերադառնա Լեռնային Ղարաբաղ։