Պահանջելով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են ստանալ արտոնագիր՝ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար, ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու իբր պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց ետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու Բաքվի իրական մտադրությունը», - ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ 2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Բաքվի հերթական անթաքույց սպառնալիքներն ու բացահայտ շանտաժը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու բուն հնարավորությունը։
«Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ», - ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ինչպես ցույց են տալիս արդեն ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը, շարունակվող զինված հարձակումներն ու ռազմատենչ հայտարարությունները, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել սպառնալիքների և բռնության իր քաղաքականությունից, այլև ավելի ու ավելի է ամրապնդում այն՝ միջազգային հանրության, այդ թվում՝ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների անգործության պայմաններում։
«Ներգրավված միջազգային դերակատարները պետք է դադարեն չնկատելու տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական օրակարգի իրական դրդապատճառներն ու բուն նպատակները։ Այդ օրակարգի դիվանագիտական և արտաքին քաղաքական բաղադրիչներն Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի կոպիտ խախտմամբ իրականացվող շանտաժի, հարկադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականության շարունակությունն են։ Ադրբեջանի իրական մտադրությունների, վերջինիս միջազգային պարտավորությունների խախտման անտեսումը, ինչպես նաև Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական օրակարգում կառուցողականություն փնտրելու միջազգային միջնորդների ցանկացած փորձ ինքնախաբեություն է և հավասարազոր է Բաքվի հանցավոր գործողությունները հավանության արժանացնելուն»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ն բացարձակապես անթույլատրելի է համարում, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո տասնյակ հազարավոր արցախցիներ 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնեն Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները։
«Ելնում ենք նրանից, որ միջազգային միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Եվրամիության, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու հակաիրավական արարքներին և խոսքից անցնեն գործի՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների հանցավոր ծրագրերը և դրանով իսկ գործնականում ապացուցելու իրենց համընդհանուր հանձնառությունը միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար, արժանապատիվ և տևական խաղաղության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։ Երևանը և Ստեփանակերտը դատապարտել են Ադրբեջանի կողմից ՌԽԶ վերահսկողության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և կոչ արել Մոսկվային վերացնել Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։