Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 150 քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ և համայնքների ղեկավարներ ուղերձ են հղել միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ին նշվող Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Արցախի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։
«Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում»,- ասված է «Արցախպրես»-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարությունում նկարագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման և գոյության ողջ գործընթացը, որը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի օրինական իշխանությունների կողմից, այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։
«Մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նույնիսկ Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, հիմք է հանդիսացել 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման համար, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրությամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությամբ և «ԼՂԻՄ-ի մասին» Ադր.ԽՍՀ օրենքով, այն պահպանվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրենքով, ինչպես նաև խարսխված է ՄԱԿ-ի կանոնադրության և 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում են նաև Ադրբեջանի կողմից վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները, ԼՂՀ-ի դեմ ապօրինի ուժի կիրառումը, ինչի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց ինքնապաշտպանության իր իրավունքը, և 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտությամբ պսակվեց այդ երկրի համար։
Հայտարարության հեղինակները մատնանշում են, որ այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, արցախցիները գտնում են, որ «սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.
Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։
Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։
Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։
Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա»։
Հայտարարության հասցեատերերն են․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եվրոպայի Խորհուրդ (Գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եվրամիություն Խորհուրդի նախագահ, Եվրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար։
Ուղերձը բաց է հետագա ստորագրության համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և համայնքների ղեկավարները: Միանալու ցանկություն ունեցող սուբյեկտները պետք է համապատասխան նամակ ուղարկեն հետևյալ էլհասցեին՝ [email protected]: