Բավ է պառակտվել
11-12-2020 17:01

Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպես է այն կառավարվելու, քանի որ միջանկյալ կարգավիճակը չափազանց կարևոր կետ է․ Էդվարդ Նալբանդյան

«Չափազանց նշանակալի է, որ համանախագահ երկրները մնում են միասնական մնացած բոլոր հարցերը լուծելու մոտեցումների հարցում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ Իսկ ի՞նչ է մնում՝ կարգավիճակը՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը, որն ըստ էության չկա այս հայտարարությունում»,- այս մասին «SputnikԱրմենիա»-ի եթերում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում. հայացք Մոսկվայից և Երևանից» վերտառությամբ կլոր սեղանի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-2018) Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետպատերազմյան մի շարք էական հարցերի։

Անդրադառնալով օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների տարածած եռակողմ հայտարարությանը՝ Նալբանդյանը նկատեց, որ ընդամենը երկու, նույնիսկ երեք շաբաթ առաջ պարզ չէր՝ կկարողանա՞ն արդյոք համանախագահ երկրներն արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում պայմանավորվել հերթական հայտարարության շուրջ (իսկ նման հայտարարություններ ընդունվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյության համարյա թե ողջ ընթացքում), քանի որ ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ընդունած հայտարարությունից անմիջապես հետո կային որոշակի հարցեր Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մոտ, որոնք միանշանակ չընդունեցին այն, ինչ հայտարարվեց։ Բայց, Նալբանդյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ հիանալի է, որ նրանք վերջապես կարողացան ընդունել նման հայտարարություն, որը հստակ նախանշում է աջակցություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ՌԴ միջնորդությամբ ձեռքբերված հրադադարին և նշում է այն միջոցառումների կարևորությունը, որոնք իրականացնում է ՌԴ-ն՝ թույլ չտալու համար ռազմական գործողությունների վերսկսում։ «Սա չափազանց կարևոր հանգամանք է, քանի որ ես իմ դիվանագետ ընկերների հետ խոսակցությունների ընթացքում այս պատերազմի մեկնարկից սկսած մշտապես ընդգծել եմ, որ ռազմագործողությունները կարող են դադարեցվել ՌԴ անմիջական մասնակցության պարագայում և ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում։ Դրան ևս այնքան էլ միանշանակ չէր արձագանքը և հեշտ չէր և ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակում պայմանավորվել, հասկանալի է, որ ոչ բոլորն էին էնտուզիազմով ընդունում ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում և ԵԱՀԿ-ում ևս, քանի որ դա կազմակերպություն է, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսային սկզբունքով, իսկ հայտարարությունը, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին, ամեն դեպքում ստեղծել է միջազգային իրավական հիմք ռուս խաղաղապահների ներկայության համար և ռազմական գործողությունների դադարեցման համար, դա չափազանց կարևոր հանգամանք է։

ԵԱՀԿ-ում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանի հայտարարությունում կարևոր է մի քանի հանգամանք, քանի որ կային կասկածներ, թե որքանով կհաջողվի պահպանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը, քանի որ տպավորություն էր ստեղծվել, թե համանախագահներն այլևս գործ չունեն, և չափազանց կարևոր էր պահպանել այդ ձևաչափը։ Ես կարծում եմ, որ դրանում հետաքրքրված էին թե ԵԱՀԿ-ն, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, թե ՌԴ-ն, և շատ կարևոր է, որ այդ հայտարարությամբ հաստատվեց, որ այդ ձևաչափը պահպանվում է և շարունակելու է իր աշխատանքը։ Հաջորդ կարևոր հանգամանքը՝ կրկին հարց էր՝ որքանո՞վ կպահպանվի ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի առաքելությունը, և այս հայտարարությամբ կրկին հստակ արտահայտված էր համանախագահ երկրների լիակատար աջակցությունը Կասպրչիկի առաքելությանը։ Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է։ Այս հայտարարությունում շատ նրբություններ կան, բայց չափազանց նշանակալի է, որ համանախագահ երկրները մնում են միասնական մնացած բոլոր հարցերը լուծելու մոտեցումների հարցում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ Իսկ ի՞նչ է մնում, մինչ ասելը, թե ի՞նչ կա և ի՞նչ է մնում՝ կարգավիճակը՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը, որն ըստ էության չկա այս հայտարարությունում, թեև ՌԴ իշխանությունների հետագա հայտարարություններում նշված էր, որ հարցը բաց է մնում, և այն կարող է դիտարկվել ապագայում»,- նման կարծիք հայտնեց Նալբանդյանը։

Նա ասաց, որ այս հիմնարար սկզբունքներից այլ կարևոր հանգամանք էլ կա, այսինքն՝ հիմնարար սկզբունքների առանցքային հարցերը, փաստաթղթեր, որոնք քննարկվել են չափազանց երկար ժամանակահատվածում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, եղել են տարբեր փուլեր, այդ թվում՝ Կազանյան գագաթաժողովը, հետագա բանակցությունները՝ ԼՂ միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակը, սա ևս սկզբունքային և առանցքային հարց է։

«Որքանո՞վ համանախագահները կշարունակեն բանակցությունները՝ հստակեցնելու ԼՂ միջանկյալ կարգավիճակը։ Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպե՞ս է այն կառավարվելու, քանի որ միջանկյալ կարգավիճակը, համաձայն այն բոլոր փաստաթղթերի, որոնք կողմերը քննարկել են, չափազանց կարևոր կետ է, որտեղ հստակեցվում էր, որ միջանկյալ կարգավիճակի փուլում ԼՂ-ն ձևավորելու է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր, տեղական ինքնակառավարման մարմիններ, դատարաններ է ձևավորելու, իրավապահ մարմիններ, համաձայնագրի պարամետրերի համաձայն՝ արտաքին կապեր է հաստատելու, իրավունք է ունենալու մասնակցել միջազգային կազմակերպությունների աշխատանքին, եթե միջանկյալ կարգավիճակը դրան չի խոչընդոտելու, հնարավորություն է ունենալու ստանալ ուղիղ ներդրումներ և հասանելիություն է ունենալու արտաքին շուկաներին, միջազգային կազմակերպություններից հնարավորություն էր ունենալու ստանալ ուղիղ հումանիտար օգնություն, այսինքն՝ հարցերի լայն շարք, և ամենակարևորը, թե ինչ է լինելու այդ ընթացքում անվտանգության հետ»,- ասաց Նալբանդյանը։

Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական. Փալոն
Ալիևը բացառել է Ղարաբաղի որևէ կարգավիճակի հնարավորությունը
Ի՞նչ ուժ կարող են ունենալ Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևերը
Պուտինն առաջարկել է Փաշինյանին և Ալիևին հստակեցնել ռուս խաղաղապահ զորախմբի կարգավիճակը Ղարաբաղում
Ինչ է մնացել ԼՂՀ-ից ․ նոր քարտեզ (լուսանկար)