Բավ է պառակտվել
23-11-2022 15:00

Արցախի պետնախարարը՝ նախարարներին ազատելու մասին. ճգնաժամային իրավիճակն ու մարտահրավերները կառավարման նոր մոտեցումներ են պահանջում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:
Վարդանյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:

Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, նրանց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:

Պետնախարարը զրուցել է նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ամբողջ ծավալով իրականացնել պարտականությունները:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նոյեմբերի 23-ին ստորագրված հրամանագրերով աշխատանքից ազատվել է 9 նախարար, որոնցից Ժիրայր Միրզոյանը կշարունակի պաշտոնավարել որպես արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Դավիթ Բաբայանը՝ ԱԳ նախարարի, Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության, Վահրամ Բաղդասարյանը՝ Ֆինանսների և էկոնոմիկայի։ Աշխատանքից ազատվել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Այս գերատեսչությունների ղեկավարների լիազորությունները ժամանակավորապես կկատարեն փոխնախարարները։