Բավ է պառակտվել
12-06-2020 15:55

Միջազգային հանրությունը մտադրված խանգարում է արցախցիների իրավունքների պաշտպանությանը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն արձագանքել է Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հայտարարությանը.
«Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհի կառուցմանն առնչվող Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հայտարարությունն ամբողջովին կրկնում էր ադրբեջանական քարոզչական թեզերը, ինչը հանգեցնում է հիմնավոր կասկածի, որ այն գրվել է Բաքվում:

Սակայն առավել ցավալին այն է, որ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը կոչված եվրոպացի պաշտոնատար անձինք ոչ միայն որևէ բառ երբևէ չեն ասել միջազգային մեկուսացման ու ադրբեջանական սպառնալիքների պայմաններում ապրող արցախցիների իրավունքների մասին, այլ նույնիսկ որոշում են դատապարտող հայտարարություն անել մեր սեփական ջանքերով ու միջոցներով իրականացվող զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Միջազգային հանրության անունից ներկայացող գործիչները եթե չեն այցելում Արցախ, եթե աջակցություն չեն ցուցաբերում մեր իրավունքների պաշտպանությանը, եթե չեն սանձում Ադրբեջանի ակնբախ հանցագործություններն ու ագրեսիվությունը, եթե նույնիսկ շնորհակալություն չեն ասում ՀՀ-ին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց փոխարեն իրենց միջազգային պարտավորությունները կատարելու համար, ապա գոնե պետք է լռեն ու ջուր չլցնեն ադրբեջանական հայատյաց ու ռազմաշունչ քարոզչության ու գործողությունների ջրաղացին:

Ես կառաջարկեի նրանց մտածել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին, առավել ևս, երբ կորոնավիրուսի այս ճգնաժամի պայմաններում իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ են նշանակում ազատ տեղաշարժի նման սահմանափակումներն ու մեկուսացումը:

Արցախի բնակչությունն ունի բոլոր իրավունքները, ինչ հայտարարություն կատարած անձինք, և մեր անվտանգության ապահովման, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մենք կլուծենք ողջ հայության աջակցությամբ, նրանցից ակնկալվում է միայն չխանգարել…»:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ Էին հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
Համատեղ հայտարարության տակ ստորագրել են պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուն, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն։

 

 

Արմինե Գևորգյան