
Արթուր Օսիպյանը, ով արդեն 11 օր հացադուլ է անում քրեակատարողական հիմնարկում, հանրությանն է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրապարակային ներողություն խնդրել։ Օսիպյանի հացադուլի պատճառը, նրա խոսքով, Փաշինյանի կողմից իրեն և բոլոր արցախցիներին «փախած» անվանելն է՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ», – նշել է Օսիպյանը իր ուղերձում։
Նա պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ իրենից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան՝ պաշտպանելով հայրենիքը։ Օսիպյանը հիշեցրել է տասը ամիս շրջափակման մեջ մնալու և Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիային ենթարկվելու մասին, երբ ոչ խաղաղապահ ուժերից, ոչ էլ Հայաստանի իշխանություններից օգնություն չի ստացվել։ Արցախցիները ստիպված են եղել լքել Արցախը՝ փրկելու 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Սա, ըստ Օսիպյանի, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո։
«Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է», – հավելել է Օսիպյանը՝ կոչ անելով բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։





