Բավ է պառակտվել
19-11-2020 21:13

«Շուշին՝ որպես Արցախի քաղաք, թեկուզ ադրբեջանցի որոշակի բնակչությամբ, շատ ավելի գերադասելի էր, քան․․․». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի հարցազրույցը 168-ին։

– Պարոն Բաբայան, Արցախի նախագահը վերջերս արցախցիներին կոչ արեց վերադառնալ Արցախ, այս պահին վերադարձողներ կա՞ն, ի՞նչ պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Այն մարդիկ, որոնց բնակավայրերն այս պահին գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նրանք որտե՞ղ են վերադառնալու։

– Օրական տասնյակ ավոտոբուսներ, այլ մեքենաներ Երևանից և այլ վայրերից արցախցիներին բերում են Արցախ։ Իհարկե, ցանկալի է, որպեսզի վերադառնան բոլորը, և Ստեփանակերտը հասնի իր երբեմնի փառքին, այս ամենը գերնպատակ է։ Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է, և պետք է որ բոլորը վերադառնան։ Իհարկե, այս պահին ոչ բոլորն են վերադառնում, բայց սա սոցիալ-կենցաղային խնդիր չէ, որոշ դժվարություններ կան, բայց գազամատակարարում, ջրամատակարարում և այլն, վերականգնվել է, մարդիկ իրենց ապագայի մասին են մտածում, այդուհանդերձ կարծում եմ՝ արցախցիների մեծ մասը վերադառնալու է։ Բացի դրանից, այստեղ օթևան կգտնեն Ադրբեջանի կողմից զավթված Արցախի տարբեր շրջանների բնակչության որոշակի մաս։ Մյուս մասին, կտեսնենք, թե ինչպես է լինելու, բայց բնական է, որ ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ վերադառնան, սակայն այնպես չլինի, որ վերադառնան ու տեղ չլինի՝ հատկապես տեղահանվածների համար։ Հետևաբար՝ անհրաժեշտ բոլոր պայմանները պետք է լինեն, որպեսզի նրանց վերադարձը կազմակերպված ու հիմնովին լինի։

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին իր տված հարցազրույցում ասել էր, թե ինչ պայման է առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմի դադարեցման համար։ Ըստ ՌԴ նախագահի, պետք է ադրբեջանցի փախստականները վերադառնային Շուշի, որը կլիներ հայկական կողմի և ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, որին, սակայն, ՀՀ վարչապետը չի համաձայնել։ Ձեր կարծիքով՝ սա հայկական կողմի համար ընդունելի՞ տարբերակ էր։

– Հիմա հարցին հարցով պատասխանեմ, ո՞րն էր ավելի լավը, հատկապես, որ համեմատում ենք այսօրվա իրավիճակի հետ, կորցրա՞ծ Շուշին, այդ ցա՞վը Մասիս լեռան պես։ Քիչ էր Մասիս լեռը, Անին, դրան գումարվեց նաև Շուշին, թե՞ ավելի գերադասելի կլիներ ադրբեջանցիների որոշ քանակի վերադարձ և այնտեղ ռուս խաղաղապահների առկայություն։ Եթե մենք համեմատում ենք ներկայիս իրավիճակի հետ, իհարկե, անհամեմատելի է, Շուշին՝ որպես Արցախի քաղաք, թեկուզ ադրբեջանցի որոշակի բնակչությամբ, շատ ավելի գերադասելի էր, քան Շուշիին նայենք՝ որպես Մասիս լեռ, որպես Անիի, որպես կորցրած մայրաքաղաքի։ Հիմա մենք այս վիճակում ենք։ Կարծում եմ՝ ցանկացած հայի, ում հարցնենք, կնախընտրի առաջին տարբերակը՝ Շուշին Արցախում, թեպետ որոշ ադրբեջանցի բնակիչների հետ։ Սա իմ անձնական կարծիքն է։

– Այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը չգնաց այդ քայլին։ Եվ արդեն մի քանի անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի՝ այս պատերազմում այն լուծվեց՝ սա առհասարակ հայկական կողմին մտահոգո՞ւմ է։

– Ինչո՞ւ այդպես եղավ, կարծում եմ՝ այդ հարցը չպետք է ինձ ուղղեք։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, ապա ասեմ՝ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, նրանք զավթել են մեր տարածքների մեծ մասը, բայց չեն կարողացել ոչնչացնել Արցախը, չի լինելու Արցախ Ադրբեջանի կազմում՝ առավել ևս՝ հիմա։

– Նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ փաստաթուղթը, ինչպես շատերն են բնութագրում՝ մահացու էր Արցախի ու Հայաստանի համար։ Այդ պայմաններում որո՞նք է մեր անելիքները։

– Սա մեր ամենածանրագույն, ամենասարսափելի հարվածներից մեկն էր, մեր ամբողջ պատմության մեջ, որը երբևէ ստացել ենք։ Արժանի՞ ենք դրանք, կարծում եմ՝ սա նաև մեր սխալների արդյունքն է, որևէ մեկին չպետք է մեղադրենք, որ նման բան եղավ, ոչ մի արտաքին ուժի։ Հիմա ի՞նչ պետք է անենք՝ վերակենդանացնենք Արցախը, հիմա Արցախը գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում», պետք է փրկենք։ Նաև՝ արմատական փոփոխություններ անենք մեր աշխարհայացքում, մեր ապրելակերպում, հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Մեկս մյուսի հանդեպ լինենք եղբայր, հոգատար, ոչ թե թշնամիներ։

Կարծում եմ՝ հնարավորություն կա, Աստված տվել է այն հնարավորությունը, թեպետ մենք սարսափելի հարվածի ենք բախվել, բայց չի արժանացրել այն ճակատագրին, որին մենք այս պահին գուցե արժանի ենք, Աստված մեզ կրկին շանս է տվել, պետք է այն օգտագործենք ու դասեր քաղենք։ Եթե սա չանենք, իսկապես այս ամենը մահացու է լինելու։

– Իրատեսորեն մենք այս ամենից հետո կարո՞ղ ենք երբևէ Շուշին ազատագրել՝ հաշվի առնելով ստացած ծանր հարվածը, նաև աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան այս պատերազմի ժամանակ։

– Ամեն ինչ կախված է մեզանից։ Դժբախտաբար, մեր հասարակությունը հիվանդ է, արատներով լի է, եթե այդ արատներից ձերբազատվենք, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։ Մեզ պետք են մարգարեներ՝ բառիս բուն իմաստով, լինի կյանքում, հասարակական-քաղաքական ոլորտում, գիտության մեջ և այլն, եթե սա լինի, ապա այնպիսի հաղթանակներ ենք տոնելու, որոնց մասին այս ջարդված ու փշրված վիճակում չենք էլ պատկերացնում։ Բայց լինելու են հաղթանակներ, եթե կարողանանք իմ ասած կետերն անել։

1992 թվականի Արցախն այսօրվա Արցախից տարբեր էր, այնտեղ հասարակությունն այլ գաղափարներ ուներ, միասնական էին, այլ մթնոլորտ էր տիրում, նման ծանր մթնոլորտ չէր։ Այն ժամանակվա հասարակությունը, գաղափարախոսությունը, աշխարհայացքը տարբերվում էր այժմյանից։ Մենք մեր արժեքները, ավանդականը պետք է վերակենդանացնեք։

– Պարոն Բաբայան, ՌԴ նախագահն իր այդ նույն հարցազրույցում նաև խոսել էր այն մասին, որ ՀՀ-ի կողմից Արցախի չճանաչումն էլ է ունեցել իր ազդեցությունը։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կարո՞ղ էր որոշակի ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։

– Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, բայց ավելի քան համոզված եմ, որ մենք ճանաչման գործընթացը գոնե մի քիչ դադարեցնենք, դա անիմաստ գործընթաց է, սա իմ անձնական կարծիքն է։ Այդքան ֆինանս ծախսել, ջանքեր գործադրել, չե՞ք տեսնում, որ որևէ մեկը չի ճանաչում, ինչո՞ւ որովհետև ճանաչումը հո խոսելո՞վ չէ, կենացներ ասելով ու ցանկություններո՞վ չէ։ Ճանաչումը կախված է աշխարհաքաղաքական հրամայականներից, այսքան տարի ինքներս մեզ ոգևորելով՝ փորձում ենք ճանաչման հասնել, բայց դա հնարավոր չէ։ Հետագայում կարող է հնարավոր լինել, բայց մենք առաջին հերթին պետք է փորձենք ուժեղացնել մեր կապերը սփյուռքի հետ և երկկողմ հարաբերություններ զարգացնենք առանց այդ ճանաչումն առաջ տանելու, սա արդեն անիմաստ ու որոշ դեպքերում ծիծաղելի է դառնում։