Բավ է պառակտվել
13-09-2018 12:42

Հայը լավագույն տանտերն է, և այդ պատճառով ցանկանում ես կրկին նրա տուն վերադառնալ

Ռուսական նորաձևության ամսագրերի հետ աշխատող մոսկովյան լուսանկարիչն առաջին տարին չէ, որ տարբեր առիթներով Հայաստան է գալիս։ Այն մասին, թե ինչո՞վ է իրեն հրապուրում Հայստանը, ի՞նչ ծրագրեր են արդեն իրականացվել և ի՞նչ է նա փնտրում Հայաստանում Gisher news-ին տրված իր հարցարույցում պատմել է Իլյա Դևինը։

Gisher․news․ Իլյա, ե՞րբ է սկսվել քո ծանոթությունը Հայաստանի հետ

Իլյա Դևին․ Ես առաջին անգամ Հայաստան եմ եկել 2007 թ․ Ռուսաստանի զբոսաշրջիկների խմբի հետ՝ աշխատանքի բերումով։ Դա եռօրյա շրջագայություն էր սովորական երթուղով․ Գառնի, Գեղարդ, Սևան, Նորավանք և այլն։ Նորավանքում մի դեպք պատահեց, որն ինձ շատ հուզեց։Հյուրերից մեկը հարցրեց վանահորը, թե ինչու՞ վանքի բակով մեկ սփռված տապանաքարերից մի քանիսի վրա գրություններ կան, իսկ մյուսների վրա՝ ոչ։ Եվ վանահայրը պատասխանեց, որ այն մարդիկ, ովքեր ցանկացել են, որ իրենց քարը հարթ մնա, համարում էին, որ Տերը գիտի իրենց գործերը, ժառանգները հիշում են իրենց անունները, այնպես որ անհրաժեշտություն չկա տապանաքարի վրա գրության տեսքով իրենց մասին պայծառ հիշատակ թողնել։ Էքսկուրսիայից հետո ես մոտեցա վանահորը և մի հարց տվեցի, որն այն ժամանակ ինձ շատ էր հետաքրքրում․“ մարդկության պատմության ընթացքում այդքան շատ կրոնական համակարգեր են եղել, նրանք տասնյակ հազարավոր տարիներ են գոյություն ունեցել, իսկ ի՞նչն է պատճառը, որ ընդամենը 2000 տարի առաջ ծագած քրիստոնեությունը աշխարհի պատմության տեսանկյունից այդ շատ կարճ ժամանակահատվածում հասցրել իր հետևորդների ձեռքերով այդքան շատ մարդ սպանել՝ հանուն հավատքի”։ Լսելով իմ հարցըվանահայրը մեկ - երկու րոպե լռեց և պատասխանեց․ “Կարևոր չէ, քրիստոնյա ես, թե հեթանոս, գլխավորը մարդ լինելն է”։
Երկրորդ անգամ ես եկել եմ 2013թ․ապրիլին ռեժիսոր Արման Գևորգյանի հրավերքով, ում հետ ծանոթացել էի Բելառուսում նրա ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ բուն նկարահանման պրոցեսը լուսանկարելիս։ Այդ այցի ժամանակ ես մի քանի օր Սևանում անցկացրի, իսկ Երևան վերադառնալով՝ այցելեցի պատմության թանգարանը, որտեղ ծանոթացա խալիների մասնագետ Լիլիա Հովհաննիսյանի հետ։ Եվ թանգարանի, հին արտեֆակտների, առանց չափազանցության, մոգական հայկական զարդանախշերի հետ այս ծանոթությունս Հայասատանի հետ իմ հարաբերությունների շրջադարձային պահը դարձավ։
Երրորդ անգամ ես Հայաստան եկա 2016թ․-ին ”Ընտանեկան արժեքներ” ֆոտոնախագծով, ինչից հետո արդեն սկսեցի կանոնավոր այստեղ գալ։ Իսկ այսօր արդեն միայնակ չեմ եկել, այլ ամբողջ ընտանիքով։

 

G.N. Պատմիր ավելի մանրամասն այդ նախագծի մասին

Ի․Դ․2016թ․լրացավ 35 ամյակս, և ես որոշեցի յուրահատուկ ձևով
նշել այդ օրը՝ չստանալ նվերներ այլ նվիրել դրանք։ Ես լուսանկարիչ եմ, ուստի որոշեցի, որ նվերները պետք է լուսանկարներ լինեն։ Բայց ոչ թե սովորական լուսանկարներ, այլ՝ ժապավենի վրա լուսանկարված, սև-սպիտակ։ Իսկ քանի որ ծննդյան տարեդարձը ընտանեկան տոն է, ես որոշեցի ընտանիքներ լուսանկարել։ Ֆեյսբուքում հայտարարություն տեղադրեցի բոլոր ցանկացողների համար անվճար ընտանեկան ֆոտոսեսիայի մասին և “Ընտանեկան արժեքներ” անվամբ խումբ ստեղծեցի։ Արդյունքում լուսանկարվելու եկավ մոտ 50 ընտանիք։ Նրանց բոլորին ես նույն հարցն էի տալիս․ “ի՞նչ են ձեզ համար ընտանեկան արժեքները”, և գրանցում էի նրանց պատասխանները։

Այդ հարցին տրված պատասխանները ոգեշնչեցին ինձ շարունակել նախագիծը։ Բարեբախտաբար, ամառ էր, և ես Մոսկվայում այդ ժամանակ շատ աշխատանք չունեի, ուստի որոշեցի ամառային հանգիստն ընտանիքներ լուսանկարելու հետ համատեղել: Խորհելով, թե ու՞ր կարելի է գնալ, ես հասկացա, որ մեր՝ ռուսների մոտ ընտանիքի թեման միշտ ասոցացվում է Կովկասի ժողովուրդների նահապետական նիստուկացի հետ։

Եվ այստեղ Հայաստանի հետ իմ ծանոթությունը որոշիչ դեր խաղաց։ Մեկնելուց առաջ ես տեղեկություններ փնտրեցի Հայաստանի պատմության և հենց ավանդական հայկական ընտանիքի դրվածքի մասին։ Իսկ արդեն ճամփորդության ընթացքում ես ոչ միայն լուսանկարում էի ընտանիքները, այլև պարզում, թե որքանով է Հայաստանում ընտանեկան դրվածքը համապատասխանում իմ սպասելիքներին։

G.N. Ի՞նչ հիմնական տարբերություններ նկատեցիր

Ի․Դ․Իմ կարդացած գրքերում գրում են, ամենաուշը 19-րդ դարի հիշատակումով, դարավոր ավանդույթներն առավելագույնս աուտենտիկ պահպանող ոչ թե պարզապես ընտանիքների, այլ տոհմերի մասին։ Ես նման ընտանիքներ չհանդիպեցի, սակայն այն, ինչ ես իմացել էի գրքերից 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի մասին թույլ տվեց ինձ նույնիսկ ոչ այնքան հասկանալ, թե ի՞նչ է հայկական ընտանիքը, այլ ավելի շուտ զգալ, ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանը որպես երկիր, որպես ազգ և որպես մեկ մեծ ընտանիք։

 

G.N. Ընտանեկան արժեքների մասին պատասխաններից ո՞րն է ամանահիշվածը

Ի․Դ․Ես այն դեռևս Մոսկվայում լսեցի։ Ընտանիքներից մեկի գլուխը պատասխանեց, որ գլխավոր ընտանեկան արժեքն ընտանիքն է։ Ես նույն կերպ էի ինքս ինձ պատասխանել։ Ինձ համար դա նշանակում է, որ ընտանիքն ինքնըստինքյան ենթադրվող բան չէ։ Այն գաղափարը, որ յուրաքանչյուր կնոջ կողքին պետք է տղամարդ լինի, իսկ յուրաքանչյուր տղամարդ պետք է իր կյանքը նվիրի մեկ կնոջ՝ ամենալավ գաղափարն է, որ կարող էր մարդու մտքին գալ։ Ավելին, դա պարզապես միտք չէ, այլ անվիճելի աքսիոմ, բառիս բուն իմաստով՝ օրենք, նպատակ, իմաստ և միաժամանակ՝ լավագույն դրդապատճառ յուրաքանչյուր մարդու կյանքում։
Եվ եթե անգամ մարդուն ամբողջ կյանքի ընթացքում չի հաջողվում իր ընտանիքը ստեղծել, ապա իմացությունը, թե ինչ է Ընտանիքն արդեն բավարար է իրեն երջանիկ համարելու համար։

G.N. Իսկ անձամբ քո համար ընտանիքն ի՞նչ է

Ի․Դ․ Ընտանիքն այն վայրն ու մթնոլորտն է, որ ուզում ես վերադառնալ, քանի որ նրանից դուրս դու քեզ լիարժեք չես զգում։ Ցանկացած մարդ իր մեջ կրում է իր Ընտանիքի գենետիկ հիշողությունը։ Դու կարող ես չճանաչել քո ծնողներին, չունենալ ամուսին կամ կին և երեխաներ, սակայն “ընտանիք” խոսքն արդեն ապրելակերպ է։ Եվ եթե մարդն ունի ընտանիքի ճիշտ մոդել, դրա ճիշտ զգացողություն, ապա նրա ամբողջ կյանքը վերափոխվում է։ Ինչ էլ նա չանի, ինչ էլ չձեռնարկի՝ ամենն իր վրա Ընտանիքի կնիքն է կրելու։ Անգամ եթե նա կարծրացած պաշտոնամոլ է կամ ուղն ու ծուծով գործարար և հսկայական միջազգային կորպորացիայի ղեկավար՝ նա իր բիզնեսը կվարի յուրահատուկ, ընտանեկան ձևով։
Ընտանիքն անշուշտ ամենաարժեքավոր, առավել անձնական և ամենանուրբ զգացմունքային ապրումներն են։ Միևնույն ժամանակ ընտանիքն, ինչպես ցանկացած օրգանիզմի կմախք՝ այն է, ինչի վրա է հենվում է կյանքը։
Եվ հայ ընտանքիների հետ իմ զրույցների արդյունքում ես կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում այս ամենը շատ լավ են զգում։
Ժապավենի վրա արվող ընտանեկան լուսանկարներն ինձ համար առիթ հանդիսացան հանդիպել և խոսել կենդանի մարդկանց հետ։ Ավելի ճիշտ՝ ոչ միայն հանդիպել, այլև ոգեշնչում գտնել բարի գործերի համար, որոնք կարելի կլիներ իրականացնել այդ մարդկանց հետ։ Եվ ես կարղ եմ վստահաբար ասել, որ իմ աշխատանքը զուր չի արվել։ Եվ Գյումրիում իմ հանդիպումը Թումասյանների ընտանիքի հետ դրա վառ ապացույցն է։ Իրենց ընտանեկան արժեքների մասին մեր երկար զրույցը թույլ տվեց իմանալ թե՛ Գլումրիում ընտանիքի մասին պատկերացումների, թե՛ քաղաքի պատմության և թե՛ իրենց հարազատ քաղաքի պատմության մեջ այդ ընտանիքի ունեցած ներդրման մասին։

G.N. Դու հաճախ եղել ես Գյումրիում և Երևանում, մեկնել ես Հայաստանի այլ քաղաքներ։ Եթե փորձես համեմատել դրանք՝ ի՞նչը կառանձնացնես

Ի․Դ․ Ուր էլ որ չլինեմ, ցանկացած երկրում, ինձ հետաքրքիր է այդ երկրի հետ ծանոթանալ դրա տարբեր քաղաքների միջոցով, քանի որ իրականում ընդհանուրն ավելի լավ է երևում տարբերությունների միջոցով։
Շատ հետաքրքիր էր իմանալ, որքան տարբեր է ընթացել կյանքն այդ քաղաքներում վերջին 30 տարիների ընթացքում։ Գյումրիում շատ բան կապված է երկրաշարժի հետ, Երևանում՝ նրա մայրաքաղաքի կարգավիճակի։
Հայաստանի նկատմամբ ունեցած իմ հետաքրքրությունը վերաբերվում է ամբողջ երկրին, այլ ոչ թե առանձին քաղաքներին։ Իսկ եթե ավելի ճշգրիտ լինեմ, ապա դա հետաքրքրություն է հազարամյա արմատների նկատմամբ, որոնք ընդհանուր են և Գյումրիի համար, և՝ Երևանի։
Չնայած, չթաքցնեմ, Գյումրիի նկատմամբ իմ վերաբերմունքն առանձնահատուկ է։ Գյումրին է ինձ համար ինչ որ ձգողության կենտրոն է հանդիսանում։ Ինձ համար այդ վայրը յուրահատուկ է այն պատճառով, որ մի կողմից զգացվում է նրա անկրկնելի, բացարձակապես եզակի ինքնությունը, մյուս կողմից, հաշվի առնելով նրա տնտեսապես և սոցիալապես անբարեկարգ վիճակը՝ քաղաքի օրինակով կարելի է պարզորոշ պատկերացում կազմել, թե ինչպե՞ս են իրականում կատարվում պատմամշակութային և տնտեսաքաղաքական փոփոխությունները, որոնց մասին կարելի էր միայն գրքերից իմանալ։
Երևանում ամեն ինչ մի փոքր ավելի բարեկարգ է, հարթ, հանգիստ, ուստի և՝ ավելի հասկանալի։ Իսկ Գյումրին մտորումների ավելի շատ առիթ է տալիս, ավելի շատ հարցեր առաջացնում և փնտրելու ու հետազոտելու ավելի շատ թեմաներ առաջարկում։

G.N. Կա՞ն արդեն գտնված թեմաներ

Ի․Դ․ Այո, և դա, օրինակ՝ կնոջ և տղամարդու էությունների հարաբերակցությունն է։ Ալդ ամենն այն մասին է, թե ի՞նչ է այս աշխարհ գալիս տղամարդու միջոցով, իսկ ի՞նչը՝ կնոջ։ Դա ընդհանուր մարդկային բանաձևի որոնումն է, ուսումնասիրությունը՝ թե ինչպե՞ս է այն աշխատում Հայաստանում և մասնավորապես՝ Գյումրիում։ Այդ թեման ուսումնասիրելով՝ ես ցանկանում եմ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Հայաստան արժի գալ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ թանգարաններ, պատմական ճարտարապետական կառույցներ կան, որ այստեղ է աշխարհի ամենահամեղ դեղձը կամ մաքրամաքուր լեռնային օդը։ Այստեղ նաև բաներ կան, որոնք վերջին 5 հազար տարվա ընթացքում ոչ միայն չեն պատվել նաֆթալինով, այլև թանգարանային ցուցանմուշներից շատ ավելի հետաքրքիր են հնչում և շատ ավելի ուժեղ և վառ զգացվում։

G.N. Ըստ քեզ՝ ինչու՞ է պետք Հայաստան գալ

Ի․Դ․ Հայաստանը մի հիասքանչ վայր է, ուր պետք է գալ, որպեսզի հայկական մշակույթի միջոցով ծանոթանալ անձնական պատմության հետ։ Այստեղ, ինչպես աշխարհում ուրիշ ոչ մի տեղ, կարելի է գործողության մեջ տեսնել հազարամյա պատմություն ունեցող իրերը։ Այստեղ մինչ օրս հինն ու նորը կողք-կողքի են ապրում, ակտիվ փոխազդում և ծնում այն, ինչը միայն կարող է արդիականություն կոչվել։
Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներն են, որ պետք է ստիպեն ձեզ գնալ գյուղերն ու հանդիպել հայերի հետ, շփվել նրանց իրական առօրյա կյանքի հետ։
Այս շփումներն են, որ թույլ կտան հասկանալ ինքներդ ձեզ, սեփական պատմությունը, հարազատ մշակույթը, ձեր տեղը ժամանակակից աշխարհում, ձեր անձնական դերը։
Հայաստանը գաղտնիքների և հրաշքների երկիր է, որտեղ կա ամնե ինչ։ Հայաստանում կա զրադաշտականություն և քրիստոնեություն, և արև, և սարեր, և զուլալ ջրի աղբյուրներ և անկրկնելի տուֆի պաշարներ․․․
Հայաստանը պատրաստ է ոգեշնչել և ուղղորդել ցանկացած մարդու, ով ինչ որ բան է փնտրում։ Նա ուրախությամբ սնունդ կտա՝ մտքի համար և ամեն անհրաժեշտը՝ իմաստություն ձեռք բերելու համար։
Եվ այն ամենն, ինչ Հայաստանն ունի ձեզ համար՝ կդրդի ձեզ որևէ բան անել ժամանակակից աշխարհի յուրահատուկ, ուրույն մասը դառնալու համար։
Ուրույն, ինչպես ինքը Հայաստանն է։

 

G.N. Ինչի՞ մասին է Հայաստանն անձամբ քո համար

Ի․Դ․ Ես սիրում եմ փնտրել այն գլխավոր խոսքը, որը կբնութագրի այն ազգի մշակույթը և նախորոշումը, որի հետ ծանոթանում եմ։ Օրինակ, Իռլանդիայի ժողովուրդն աշխարհի ցանկացած ազգին կարող է սովորեցնել, ինչպես պետք է ուրախանալ անգամ ամենասարսափելի տառապանքների, հալածանքների եւ ճնշումների ժամանակ։ Այդ պատճառով է, որ իռլանդական ժողովրդական երաժշտությունն աշխարհում ամենակենսուրախն է։
Գերմանացիներն ում ուզես կարգուկանոն կսովորեցնեն։ Այդ պատճառով գերմանական ավտոմեքենաներն աշխարհում ամենահուսալին են և ամենահեղինակավորը։


Ճապոնացիները հավատարմության չգերազանցված օրինակ են։ Ինչպես սամուրայներն ամբողջ կյանքում մի տիրոջ էին ծառայում, այնպես էլ ժամանակակից ճապոնացիները կարող են իրենց ամբողջ կյանքի ընթացքում նույն գործատիրոջ մոտ աշխատել։
Ռուսները ամբողջ աշխարհին հայտնի են իրենց մեծասրտությամբ և բոլորին հաշտեցնելու ցանկությամբ։
Հրեաները բոլորից լավ են կարողանում պաշտպանել իրենց իրավացիությունը։
Հայաստանի ժողովուրդը ցանկացած ազգին կարող է տնտեսվարություն սովորեցնել։ Աշխարհի որ անկյուն էլ հայը չընկնի՝ նա ամենուրեք ամուր արմատներ է գցում և կայուն ու կենսունակ տնտեսություն կազմակերպում։ Հայը լավագույն տանտերն է, մանավանդ, եթե նա իր հայրենիքում է բնակվում։ Եվ այդ պատճառով ցանկանում ես կրկին և կրկին նրա տուն վերադառնալ։