Բավ է պառակտվել
25-04-2019 19:44

Մահվան ճիրաններից փրկված մշակույթը իրավունք չունենք կորցնելու․Գայանե Սամվելյան

Լուսիկ Ագուլեցի   

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի և արտ-սրճարանի պաշտոնական բացումն այնտեղ, որտեղ ապրել և ստեղծագործել է նա՝ իսկական հայուհին, արվեստագետն ու ազգագրագետն, ով վերածնել է հայկական ավանդույթներն իր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ այժմ՝ նաև իր կյանքից հետո... Անընդհատ պահպանելով և բազմապատկելով՝ Լուսիկը մեզ է հասցրել հայկական մշակույթը, դարձնելով այն մեր առօրեական կյանքի մի մաս։ Անկասկած, Լուսիկ Ագուլեցին եղել է «մեր ժամանակի հերոսը», քանի որ նրա մասին կարելի է վստահաբար ասել, որ նա եղել էր իրապես, այլ ոչ՝ թվացյալ։

Ներկա գտնվելով նմանօրինակ լուսավոր իրադարձությանը, Gisher.News- ը որոշել է զրուցել Լուսիկի հարսի՝ Գայանեի հետ: Ուզում եմ նշել, որ վաղուց չեի զգացել նման հյուրընկալություն։ Դա վերադարձ էր մանկություն, երբ տատիկս էր սեղան բացում: Ամեն ինչ համեմված էր այնչափ սիրով, այնքան համեղ էր, և տան մթնոլորտն էլ այնքան հարազատ էր թվում, որ պարզապես չէիր ցանկանում հեռանալ այնտեղից ...

 Գայանե Սամվելյան   

G. News - Բարև Ձեզ, Գայանե ջան։ Մեր այս հանպատրաստից զրույցն ուզում եմ նվիրել Լուսիկ Ագուլեցու հիշատակին։ Նրա մասին կարելի է կարդալ Վիքիդարանում, այլ նյութերում, բայց ես Ձեզ, որպես մարդու, ով նրա մասին գիտի շատ ավելին, խնդրում եմ պատմել Լուսիկ Ագուլեցու մասին այնպես, ինչպես կպատմեիք Ձեր թոռներին, այն Լուսիկ Ագուլեցու մասին, ում քչերն են ճանաչում։ Ո՞րն էր նրա կյանքի առաքելությունը։

Գայանե - Լուսիկ Ագուլեցին մասնագիտությամբ նկարչուհի էր, բայց շատ սիրում էր զբաղվել նաև ազգագրությամբ, որովհետև շատ սիրում էր մեր ազգային մշակույթը և կարևորում էր դրա պահպանումը։ Այդ ամենը նա սերմանում էր նաև իր ընտանիքի անդամների, թոռների ու ծոռների մեջ։ Նա ստեղծել էր այն միջավայրը, որտեղ ապրելով մարդիկ այլ կերպ չէին էլ կարող մտածել։

Բնավորությամբ շատ նպատակասլաց էր, համառ, անչափ աշխատասեր։ Կարելի է ասել՝ հակասությունների կծիկ էր․և Տարիների փորձով իմաստնացած մամիկ էր որից կարելի էր անընդհատ սովորել, և, միևնույն ժամանակ, չարաճճի էր, կամակոր փոքրիկ, որին պետք էր անընդհատ սաստել ու զերծ պահել ինչ-որ փորձություններից։ Նա իր նպատակին հասնելու, իր գործն առաջ տանելու համար չէր կարևորում ոչինչ։ Ավելի ճիշտ՝ ոչ թե չէր կարևորում, այլ նվիրվում էր անմնացորդ, հաշվի չառնելով ո՛չ առողջությունը, ո՛չ տարբերակներ, և այս ամենն, ինչ ստեղծվել է, ինչ տեսնում եք, կարելի է ասել՝ ձեռք է բերվել իր առողջության հաշվին։

Աստղիկ Ագուլեցի  

G. News -Իսկ ինչու՞մ էին դրսևորվում այդ հակասությունները։

Գայանե - Հակասություննե՞րն․ այդ իմաստության և կամակորության մեջ; Զուտ բացատրելու համար օրինակ բերեմ։ Նա գիտեր հիվանդությունների մասին, բայց դեղերը չարաշահում էր, որպեսզի կարողանա գործը հասցնել։ Հասկանալով, որ վնասում է իրեն, ասում էր․”ես չեմ հասցնելու, եթե գլխացավ ունենամ՝ էս գործս կմնա, էն գործս կմնա”։ Իր սննդին նորմալ չէր հետևում։ Եթե գլխացավ չէր ունենում՝ ամբողջ գիշեր չէր քնի, որ գործն առաջ տաներ։ Բայց քնել պետք էր, որպեսզի երկրորդ օրը նորմալ կենսաձև ունենար։ Ստեղծվում էր շղթա, երբ իր այդ ապրելակերպը դառնում էր շարունակական գլխացավերի պատճառ։ Հակասություններ՝ այս առումով։

  

G. News - Հասկանալի է։ Գիտեմ, որ Դուք պատմել եք, որ ամեն ինչ սկսվել է մի գոտուց։

Գայանե - Այո, 1968 թվականին ամուսինը նրան նվիրում է առաջին գոտին և, կարելի է ասել, դրա հիման վրա ստեղծվում է թանգարանը։ Ինչ խոսք, Լուսիկ Ագուլեցին գեղագետ էր, էսթետ և սիրում էր շրջապատել իրեն գեղեցիկ իրերով։ Նա իր հավաքածուն ստեղծելու մասին պատմում էր, որ փորձեց այն ստեղծել կորցնելու վախից դրդված։ Ամեն անգամ Ագուլիս այցելելիս, ուր ծնվել էր, մեծացել և 8 տարեկան հասակում նոր տեղափոխվել Երևան, զգում էր, ինչպես են մեր հայկական մշակութային արժեքներն անցնում օտարների ձեռքը, և քիչ-քիչ կամ ներկայացվում են որպես իրենց մշակույթ կամ պարզապես՝ ոչնչացվում։ Եվ նա այդ տարիների ընթացքում փորձեց Ագուլիսից գոնե բերել, ինչը որ կարողացավ։ Փորձեց պահել այն ամենն, ինչը կարողացավ փրկել, պահել իր ուժերի սահմաններում։ Օրինակ՝ պատմում էր, որ Ագուլիսի Սբ․Թովմա եկեղեցում, որտեղ Նաղաշ Հովնաթանի որմնանկարներ կային, մի կտոր քար պոկված, ընկած էր։ Ասում էր, որ իր մեջ երկու ուժ էր խոսում․մեկը՝ որ եկեղեցուց ոչինչ պետք չի հանել-տանել, բայց մյուս կողմից մտածում էր, ինչ է լինելու այդ որմնանկարի կտորի հետ, որին Նաղաշ Հովնաթանի ձեռքն է կպել։ Ամեն դեպքում, հաղթել էր զգացողությունը, որ եկեղեցուց ոչինչ պետք չի հանել և որ մի օր այդ փոքրիկ կտորն ամբողջ որմնանկարի մեջ իր տեղը կգտնի։ Բայց տարիներ անց շատ էր ափսոսում։ Որովհետև այս պահին մենք չգիտենք, ի՞նչ վիճակում են մեր եկեղեցիները, կա՞ն, թե՝ չկա՞ն․․․ինչպես Ջուղայի խաչքարերի հետ վարվեցին։ Բայց այն նմուշները, որոնք նա կարողացավ պեղել, գտնել այսօր մենք ցուցադրում ենք թանգարանում։

Հավաքածուն ստեղծելու երկրորդ շնչառությունը, կարելի է ասել, բացվեց, երբ 90-ականներին մարդիկ սկսեցին բացել իրենց սունդուկներն ու գզրոցները և իրենց մասունքները հանել վաճառքի։ Եվ երբ նա տեսավ, ինչ քանակությամբ իրեր, մշակութային արժեքներ են դուրս գալիս Հայաստանից՝ կրկին փորձեց իր ուժերի չափով պահպանել այդ ամենը։ Փոխանակում էր իր նկարների հետ, գնում էր, չնայած ամեն վաճառողին համոզում էր հնարավորության սահմաններում իրենց ընտանիքի մասունքները պահել, բայց երբ տեսնում էր, որ, այսպես թե այնպես, իրը վաճառվելու է՝ փորձում էր ձեռք բերել։ Դե, հնարավորություններն անսպառ չէին, կարողացավ անել այն, ինչ կարողացավ։

   

G. News - Իմ հաջորդ հարցը բխում է Ձեր պատմածից։ Կցանկանայի հարցնել, Հայաստանի,  ապագայի, սերունդների հետ կապված ի՞նչն էր ամենից շատ իրեն հուզում, մտահոգում։ Կիսվու՞մ էր իր մտահոգություններով։

Գայանե - Ընդհանրապես, նա էլ, ամուսինն էլ ընտանիքի ամբողջության պահպանման ջատագովներն էին։ Ընտանիքն էին շատ կարևորում, ընտանիքի հետ կապված մշակութային արժեքները, ամենն, ինչ կապ ուներ մեր ազգային մշակութային արժեքների հետ։ Այ, տեսե՛ք, նույնիսկ տարազը, որը, բնականաբար, ամբողջ կյանքում կրելը գուցե դժվար է շատերի համար՝ նա փորձեց պահպանել։ Եվ, թերևս, Հայաստանում միակ կինն էր, ով ամբողջ կյանքում կրեց ազգային հագուստ՝ արծաթեղենով, ձեռագործ աշխատանքներով համեմված։ Իհարկե, դրանք ստեղծագործական աշխատանքներ էին։ Եվ դա նրան հաջողվեց բավական դժվարություններով, որովհետև մարդիկ սկզբում չէին հասկանում։ Եթե վերջին շրջանում մարդկանց մեջ ազգային մշակույթի հանդեպ այդ սերն արթնացել էր, սկզբնական շրջանում, կարելի է ասել՝ սվիններով էր ընդունվում, որովհետև շփոթում էին գնչուների, եզդիների հետ։ Տարբեր արձագանքներ էին լինում։ Երբ ես նոր էի այս ընտանիքում, իհարկե՝ ոչ ամբողջությամբ, բայց տարազի դետալներ կրում էի, և ինքս էլ արժանացել եմ թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների։ Գործած, ազգային մոտիվներով զգեստ էի հագել, վերարկուի նման, ու փողոցում մի կին ինձ հետապնդելով ասում էր․”Էս ի՞նչ ես հագել, չէ՞ս ամաչում, բա հայ կինն էսպիսի շոր կհագնի՞”, ոչ բաց էր, ոչ․․․ (ծիծաղում է)։ Եվ հակառակը, եղել է, երբ փողոցում կանգնեցրել են, շնորհակալություն հայտնել, հետաքրքրվել, ինչպե՞ս կարելի ձեռք բերել, ինչպե՞ս ունենալ։ Այսինքն, երկակի են եղել արձագանքները։ Բայց նաև եղել է բացասականը, և իսկապես ուժ էր պետք սպիտակ ագռավի կարգավիճակում հայտնվելու համար, մինչև մարդկանց մեջ մտավ այն գիտակցությունը, որ պետք է պահպանել նաև տարազը։ Նրա նորարարություններից էր նաև այն, որ նա  ազգագրության մեջ գրված տարբեր նյութերի կենդանություն տվեց։ Նշվում էր, օրինակ Վարդավառի Խնդում տոքի մասին, Կենաց ծառերի մասին, որով զարդարվել են սեղանները։ Կային նկարագրություններ, տարբեր հաղորդումների ժամանակ ազգագրագետները նշում էին, որ ունեցել ենք այդպիսի իրեր, բայց պատկերավոր չկար։ Խոսք ունենք, որ ավելի լավ է 1 անգամ տեսնել, քան 10 անգամ լսել։ Ահա նա ստեղծում էր այդ ամենը, զատկական տարատեսակ ծառեր, ամանօրյա Կենաց ծառեր՝ ամեն անգամ յուրովի, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով։

   

G. News -Իսկ դուք այստեղ ունե՞ք, մենք կարո՞ղ ենք լուսանկարել։

Գայանե - Լուսանկարներ, գիրք ունենք, տոնածիսական մշակույթի գիրք։ Լուսիկ Ագուլեցին կյանքի ընթացքում գրքեր հրապարակեց, և, կարելի է ասել, որ ամբողջականացրեց իր գործունեությունը։ Ստեղծեց “Անցյալի մասունքներ” ժողովածուն, որտեղ մեր ամբողջ հավաքածուն է ներկայացված, նաև գիտական մշակման է ենթարկված, որովհետև տարբեր մասնագետներ կոնկրետ ոլորտներից նայել են իրերը, պարզել ժամանակագրությունը, իրենց կարծիքներն են գրել գրքում։ Ամփովել է Ծիսական մշակույթն ըստ Լուսիկ Ագուլեցու, որտեղ նշվում է, թե տվյալ ծեսը, տոնն ինչպե՞ս են նշել, ի՞նչ կերպարներ են հանդես եկել՝ երևակայական կերպարներ։ Տեսե՛ք, մեր մշակույթի մեջ ունեցել ենք տիկնիկների շարք, այդ տիկնիկներն էլ, կարելի է ասել՝ ծպտված աստվածներ էին։ Երբ հեթանոս էինք, ունեինք աստվածներ։ Մարդկանց մեջ շարունակում էր մնալ իրենց աստվածներին դիմելու սովորույթը, բայց արդեն քրիստոնեություն էին ընդունել և չէր կարելի, բնականաբար։ Իրենք էլ իրենց շատ կերպարներ վերածեցին տիկնիկների, որոնց միջոցով փորձում էին Աստծուց խնդրել այն, ինչ ուզում էին։ Օրինակ՝ գոյություն ունի Նուրի տիկնիկների շարքը, դրանք անձրևաբեր տիկնիկներ էին։ Կամ աղամանները, որոնք Անահիտ աստվածուհուն էին խորհրդանշում, Ակլարիզը, Ուտիս տատը ․․․։ Եվ մեր ազգագրության մեջ, ճիշտ է, պատմվում էր այդ ամենի մասին, բայց տիկնիկների քիչ կերպարներ էին մնացել։ Նա, ուսումնասիրելով տարբեր աղբյուրները, պատմությունները, դրանց հիման վրա ստեղծեց այդ տիկնիկները, որոնք ցուցադրվեցին, որպեսզի մենք, ամեն անգամ  խոսելով այդ տիկնիկների, այդ ծեսի մասին արդեն տեսանելիորեն ժողովրդին ներկայացնենք մեր խոսք ու զրույցի կենդանի արձագանքը։ Կա մեկ այլ գիրք, որտեղ նա անդրադարձավ ամուսնու ստեղծագործական աշխատանքներին, քանդակներին, ներկայացրեց իրենց համատեղ կյանքի ստեղծագործական բնույթը։

   

G. News - Կպատմե՞ք մի փոքր ամուսնու մասին։

Գայանե - Ամուսինը քանդակագործ Յուրի Սամվելյանն է, արմատներով վանեցի, հրաշալի մի մարդ, իսկապես՝ նահապետ։ Ընդհանրապես ասում են չէ՞, որ կայացած մարդու մեջքին կանգնած է լինում մեկն, ով պիտի սատարող լինի։ Եվ Յուրի Սամվելյանն իրոք այն մարդն էր, ով սատարեց Լուսիկ Ագուլեցուն, որ նա կարողանա ստեղծել այս ամենը, որովհետև գրեթե ամենն, ինչ տեսնում եք, նյութական միջոցներով է ձեռք բերվել, որոնք դուրս են եկել ընտանիքից։ Ճիշտ է, Լուսիկ Ագուլեցին կարողացել է ձեռք բերել նաև իր նկարների օգնությամբ, բայց, հավատացե՛ք, եթե չլիներ նրա ամուսնու աջակցությունը, բնակնաբար, այս ամենը չէր կարող ստեղծվել ու պահպանվել։ Հրաշալի քանդակագործ, հրաշալի մարդ․․։․

G. News - Թանգարանում էլ, որքան տեսնում եմ, կան նրա գործերը։

Գայանե - Բնականաբար, տուն-թանգարանում ցուցադրվում են ամուսնու, զավակների ստեղծագործությունները՝ հասնելով մինչև թոռ ու ծոռ։ Հինգ սերունդ Սամվելյանների գերդաստանում ստեղծագործում է։ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ տարազների հավաքածու ստեղծեց, շուրջ 30 տարազ, որոնք ցուցադրվեցին տարբեր երկրներում։ Առանձնահատուկ էր, որ ցուցադրվեցին նաև Նյուրենբերգի այն սրահում, որտեղ Հիտլերն ասել էր․”տարիներ հետո ո՞վ է հիշելու հայերի ցեղասպանության մասին”։ Լուսիկ Ագուլեցին փոքրիկ կատալոգով անդրադարձավ նաև տարազներին։

Եվ, վերջապես՝ “Լուսիկ Ագուլեցի․հոգևորի ճանապարհով” գիրքը, վերջին գիրքը, որը նա հանձնեց տպագրության, բայց չտեսավ տպագրված օրինակը։ Այստեղ նա ամփոփել է իր ամբողջ կյանքը, գեղարվեստական պատմի ձևով ներկայացրել իր ամբողջ անցած ուղին։ Շատ հետաքրքիր, գողտրիկ պատմություն է, ասույթների ձևով իր իմաստախոսություններով, իր գեղարվեստական աշխատանքներով հագեցած մի հրաշալի ալբոմ։

  

G. News - Այսինքն, հիմա տպագրվու՞մ է։

Գայանե -Չէ, արդեն ունենք, այն օրը ես առաջին օրինակը ցուցադրեցի։

  

G. News - Իսկ մենք  հնարավորություն ունե՞նք ձեռք բերել դա տուն-թանգարանում, վաճառքում կա՞։

Գայանե - Այո, մենք գրքերը վաճառում ենք մեզ մոտ։ Իհարկե, գրքեր կան, որ վերահրատարակվելու կարիք ունեն, բայց այս պահին բոլոր օրինակներից, թերևս, ունենք։

   

G. News - Գիրքը մի գանձ է․․․

Գայանե - Կարելի է ասել, որ նա ամփոփեց իր գործունեության բոլոր ոլորտները․գեղանկարչություն, ծեսեր, հավաքածու, տարազներ։ Անդրադարձավ ամուսնու աշխատանքներին; Եվ գիտե՞ք ինչ․նրա մեջ անընդհատ կար այն միտքը, որ չի հասցնելու, անընդհատ շտապում էր,․”չեմ հասցնելու, չեմ հասցնելու”։

G. News - Կարծես, ավելի շա՞տ էր ուզում արած լինել։

Գայանե - Հա, հա, անընդհատ ասում էր․”քանի ի վիճակի եմ՝ գոնե անեմ, ստեղծեմ”։ Անեմ-անեմ-անեմ, անընդհատ այդ միտքն էր իր մեջ խմորվում։ Իսկ ընտանիքը, մենք տեսնում և հասկանում էինք, որ ադ ամենն արվում է իր առողջության հաշվին, և այդ պատճառով էլ հաճախ սաստում էինք, ասում․”հերի՛ք է, մի այդքան քեզ լարի, մի արա”, բայց․․․։

G. News - Իհարկե, մենք կարող ենք մի քանի ամիս խոսել Լուսիկ Ագուլեցու մասին․․

Գայանե - Կարծում եմ, մի անգամ չի լինելու․․․

   

G. News - Անշուշտ, մենք անպայման ավելի մանրամասն կխոսենք։ Իսկ հիմա մի երկու հարց էլ, եթե կարելի է։

Գայանե - Այո, այո, իհարկե։

G. News - Կարո՞ղ եք նշել Լուսիկ Ագուլեցու սիրած ճաշատեսակը և արդյո՞ք այն մատուցվում է ձեր արտ-սրճարանում։ Եվ երկրորդը․ես, օրինակ, այստեղ գտնվելով ինձ ավելի հայ եմ զգում, որովհետև ամենը, որ ինձ շրջապատում է՝ հայապատկան է։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է իր մասին իմանա յուրաքանչյուր հայ։

 Գայանե - Լուսիկ Ագուլեցու պատգամն էր մյուսներին ամեն կերպ պահել-պահպանել ազգային մշակույթը։ Փիլիսոփա, բանաստեղծ Գրիգոր Պահլավունին մի առակ ունի։ Արտույտը, լսելով, որ երկինքը փուլ է գալիս՝ պառկում է գետնին և  իր տոտիկները բարձրացնում վերև։ Զարմացած հարցնում են, թե ինչու՞ է այդպես վարվել։ Արտույտը պատասխանում է, որ երկինք փուլ է գալու։ Ծիծաղում են արտուտի վրա և ասում․”ա՛յ խելքի ծով, դու քո թույլ ծնկներով ինչպե՞ս ես կարողանալու պահել երկինքը”։ Արտույտը պատասխանում է․”ես պահում եմ իմ բաժին երկինքը”։ Ա՛յ, Լուսիկ Ագուլեցին իր ուժերի, իր կարողությունների չափով պահել է իր բաժին երկինքը։ Եվ նրա պատգամն է յուրաքանչյուր հային, որ ամեն մեկը կարողանա պահել իր բաժին երկինքը, որովհետև յուրաքանչյուրին տրված է իր անձնական միջավայրն ունենալու երջանկությունը, տատերից, պապերից եկած իրենց պատմությունները, մասունքներ՝ տարբեր իրերի տեսքով, խոհանոց, երգեր, պարեր, մշակույթ։ Ոչ միայն նյութական, այլև հոգևոր մշակույթի բաժին է տրված յուրաքանչյուրին ի սկզբանե։ Եվ եթե յուրաքանչյուրը փորձի պահպանել իր բաժին երկինքը, իր բաժին աշխարհը՝ հավատացե՛ք, մեր արդյունքները տեսանելի կլինեն շատ մոտ ժամանակում։ Եղեռնից հետո վերապրողներն ի՜նչ պատմություններ, ի՜նչ ավանդույթներ փոխանցեցին։ Մենք իսակպես շատ բան կորցրեցինք։ Կորցրեցինք մշակույթ․թե՛ տարազ, թե՛ սովորույթներ, թե՛ ճաշատեսակներ։ Եվ եթե չլինեին այդ բանավոր խոսք ու զրույցներ, երգեր, պարեր կրողներն ու սերնդեսերունդ փոխանցողները՝ շատ ավելին էինք կորցնելու։ Եղեռնի ժամանակ Մշո ճառընտիր են բերել կանայք, այդ ծանր մատյաններն իրենց մեջքերին դրած բերել-հասցրել են, պատառիկներ են բերել, պահպանել։ Եվ եթե այդ օրհասական պահերին, մահվան ճիրաններում մարդը մշակույթ է փրկում՝ մենք այս խաղաղ պայմաններում այդ ամենը կորցնելու իրավունքը չունենք։

Ուտեսներ շատ էր սիրում պատրաստել, հակում ուներ ավելի բարդ ճաշատեսակների, օրինակ՝ ղավուրմա էր սիրում պատրաստել, բաստուրմա էր անում, սուջուխներ, լցոնում էր տարբեր կենդանիներ՝ նապաստակ, հնդկահավ, հավ, ստամոքս։ Օրիգինալ բաներ էր մտածում, նաև՝ ստեղծագործական մոտեցումներով։ Չրերով ճաշատեսակներ էր շատ սիրում։ Մենք ունենալու ենք մեր չորաթանով, չրերով, սերկևիլով պատրաստված թփով դոլման։ Չամչարակ էր պատրաստում՝ չրերով կոմպոտ։ Չրերն, ընդեղենը անպակաս է եղել մեր ընտանիքում, և նույն էլ պիտի լինի նաև սրճարանում։

   

G. News - Մի խոսքով, ամեն ինչ արել եք այդ շունչը պահպանլու համար։

Գայանե - Փորձելու ենք այնպես անել, որ այդ շունչը պահպանվի, որ շարունակվի այս հյուրընկալ ընտանիքի միտքը, կաղապարը, որովհետև իսկապես մեր տունն այդպիսին է եղել։ Ով մեկ անգամ այցելել է, կարծում եմ, պիտի վկայի, թե Լուսիկ Ագուլեցին ինչ ուշադրությամբ, ինչ հոգատարությամբ էր շրջապատում յուրաքանչյուրին, զրուցում իրենց հետ։ Յուրաքանչյուր ոգ, ով ներս էր մտնում մեր տուն՝ առանց մի պատառ կիսելու դուրս չէր գալիս մեր օջախից։

G. News - Ես նկատել եմ, այստեղ աուրան բոլորովին այլ է, դա փաստ է։

Գայանե - Այո, այդ մասին են խոսում մեր հյուրերի վկայությունները, և մենք ուրախ ենք դրանով։ Գիտեք, ի վերջո, ամենակարևորը մարդու թողած անունն է և գործերը, որ խոսելու են նրա մասին։ Հիմա ինչ էլ ասենք, ինչ էլ պատմենք, ինչքան էլ փորձենք կերպարներ ստեղծել՝ ժամանակի վկայությունները  կամ կհաստատեն կամ՝ կժխտեն։ Մենք վստահ ենք, որ այդ վկայությունները կլինեն հօգուտ Լուսիկ Ագուլեցու և, հետայսու, նրա տուն-թանգարանի։

G. News - Շնորհակալություն ժամանակ տրամադրելու և անչափ հետաքրքիր զրույցի համար։

 

Գայանեի հետ զրուցել էր Ս․ Մինասյանը

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը գտնվում է: Ք․ Երևան. Մուրացանի փող., 79 տուն.