Բավ է պառակտվել
25-02-2020 17:22

Գտնվում ենք անգրագիտության ազատականացման գործընթացում․գրականագետը հայոց լեզվի մասին


«Բարձրագույն կրթության գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեման քննարկվում էր ԱԺ –ում։
Այն մեծ հետաքրքություն էր առաջացրել ոլորտի պատասխանատուների ու հասարակության լայն շրջանում։ Մեկ օրում ԱԺ էր ներկայացվել քննարկմանը մասնակցելու 600 հայտ։ ԿԳՍՄ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ ստիպված են եղել դադարեցնել լսումներին մասնակցել ցանկացողների գրանցումը, մասնակցության աննախադեպ մեծ թվի պատճառով փոխվել էր նաև քննարկումների ձևաչափը։ Հարցեր հնչեցնելու հնարավորություն չեղավ։ Իսկ ելույթների համար հերթագրվել էր 50 հոգի։ Նախ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունը բաց է բոլոր տեսակի առաջարկների համար, որոնք կապահովեն ոլորտի որակի բարձրացումը։
Այս ոլորտում խնդիրները շատ են՝ և խնդիրներն առկա են ոչ միայն օրենքի նախագծում, այլև նախարարության քաղաքականության մեջ։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը մինչ կմոտենար ԱԺ ամբիոնին` նիստը նախագահող Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրեց թե ով է Քրիստինե Վարդանյանը։ «Տիկին Վարդանյանը այն անձն է, որը ցույցեր էր կազմակերպում նախարարության մոտ ու հիմա շատ լավ է, որ ձեզ ամբիոն ենք տրամադրում»։
Իսկ բանախոսը ասաց, որ օրենքի նախագծի մի շարք դրույթներ խնդրահարույց են։ Օրենքի նախագծում արհեստական հակադրության մեջ են դրվել բուհերի ինքնավարությունը և հայագիտական բլոկի առարկաների դասավանդումը. կեղծ օրակարգ էր առաջ քաշված։
ԳԱԱ-ն պետք է պահպանի իր դերը՝ որպես գիտության բնագավառում հիմնարար հետազոտություններ իրականացնող ու կառավարությանը խորհրդատվություն տրամադրող մարմին: Իհարկե, պետք է որակական նոր մակարդակի բարձրանա կրթության և գիտության համագործակցությունը, բայց դա չպետք է արվի ԳԱԱ-ի հաշվին, և մենք լուծումներ ենք փնտրում այս համատեքստում։ Կարող ենք առաջարկել, որ ներդրվեն համապատասխան մեխանիզմներ, որպեսզի ուսանողները գիտահետազոտական ինստիտուտներում իրենց ծրագրերի մի մասն անցկացնեն ու տվյալ ինստիտուտից ստանան կրեդիտների կոնկրետ քանակ»:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համար էլ դարձյալ պարզ չէր եղել Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա կարգավիճակի հարցը:
«Երբ տարիներ առաջ Վրաստանի ԳԱԱ-ում փոփոխություններ եղան, և վերակազմավորվեց ԳԱԱ-ն, և ինստիտուտները տարվեցին բուհեր, Վրաստանի ակադեմիկոսներից մեկը ինձ զանգահարեց և ասաց, որ մեր գիտությունը մեռավ, որովհետև մենք այլևս ԳԱԱ չունենք»: Գիտությունների ակադեմիան այն կառույցն է, որտեղ գիտնականը իսկապես գիտական արդյունք է տալիս, և մտավախություն կա որ Վրաստանի փորձը կարող է կրկնվել նաև մեր երկրում:
Մելքոնյանը հույս հայտնեց, որ իրենց դիտողությունները տեղ կգտնեն օրենքի նախագծում: Սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ օրինագծում գիտությանն առնչվող խնդիրները հիմնականում արծարծված են, ըստ նրա առաջին տարբերակը դժվար թե նպաստեր գիտության զարգացմանը։ Ակադեմիայի ղեկավարը նշեց, որ օրինագծի նման տեսք ստացել են հատկապես նախարարի հետ հանդիպումներից հետո, քանի որ իրենց առաջարկած փոփոխություններն ընդգրկվել են այս օրինագծում։
Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանն էլ բարձրաձայնեց հայերենը որպես պարտադիր առարկա բուհերից հանելու խնդիրը։ Շեշտեց, որ մենք կարիք ունենք հայերենի ընդհանարական ռեֆորմի, և նոր իշխանությունը պետք է սկսած լիներ այդ գործընթացը:
«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ սոցցանցերի՝ մեր հասարակության մեջ մեծ դեր զբաղեցնելու հետևանքով անգրագիտության ազատականացման գործընթաց է տեղի ունենում, հարկ է լինում հայերենի տարրական կանոնները նորից բացատրել։ Մենք գտնվում ենք անհույս մի իրավիճակում, երբ մարդը 15 տարեկանում պարապելու է կրկնուսույցի մոտ հայերեն, հետագա ողջ կյանքի ընթացքում հայերենի կատաելագործման որևէ հնարավորություն չի ունենալու»:
Հայերենի խնդրի մասին խոսեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Ասաց, որ թեկուզ առանց պարտադիր բաղադրիչի, ամրագրվի հայագիտական առարկաների գերակայությունը, որը կարևորվում է նաև բանակում Հայոց պատմություն դասավանդմամբ և «վերջերս դեբատի ժամանակ պատմության իմացությամբ» նկատի ունի Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև դեբատը։
«Հայոց պատմություն և Հայոց լեզվի կարևորությունը հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, աշխարհայացք ձևավորելու և հայրենասեր սերունդ դաստիարակելու մեջ է և սրանք ազգային անվտանգությանն առնչվող հարցեր են»,–ասաց Միասյանը:

Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չունի այն պրոֆեսիոնալիզմը, ինչով ԱԺ-ում այդ պահին ակադեմիկոսները և դոկտորները քննարկում են իրականացնում, այդ պատճառով էլ կանդրադառնա հասարակությանը հուզող և նախկինում շատ քննարկված հարցին։ այն է, որ դպրոցներում պետք է «Հայոց լեզու», «Հայոց գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների այն որոկի դասավանդվի, որ բուհերում անհրաժեշտություն չլիներ գոնե ինչ–որ ժամանակ ապահովել դրանց պարտադիր ուսուցում»։
«Իմ համար միշտ մտահոգիչ է եղել, երբ տարբեր ոլորտներում սայլը միշտ դրել ենք ձիուց առաջ։ Եկեք ավագ դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան է։ Հասկանում ե՞ք, ու շատ լուրջ տեսքով։ Ապահովենք, որ մեր հանրության համար «մեղանչել» բառը չասոցացվի «ապաշխարհել» բառի հետ։ Այսինքն՝ մենք ապահովենք այդ կրթական մակարդակը մեր հանրակրթական դպրոցներում, և նոր մտածենք այս հարցերի մասին։

 

 

Արմինե Գևորգյան