
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը մահացել է 84 տարեկան հասակում։ Նրա մահը մեծ կորուստ է հայ մշակույթի համար։
Մկրտչյանը հայ էստրադային երաժշտության անվանի դեմքերից էր, ում ձայնը հնչել է տասնամյակներ շարունակ։ Նա Բաբաջանյանի, Օրբելյանի և այլ հայ կոմպոզիտորների բազմաթիվ երգերի առաջին կատարողն էր։
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում երգչուհին ձայնագրել է ավելի քան 400 երգ։ Դրանց զգալի մասը պահպանվում է Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում։ 1968 թվականից նա եղել է Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։
Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում։ Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2006 թվականին նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Նրա կատարումները և երգերը կմնան հայ երաժշտության պատմության մեջ՝ որպես ազգային մշակույթի կարևոր մաս։





