Բավ է պառակտվել
22-11-2023 18:53

Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

Նոյեմբերի 7-ից 22-ը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում ընդգրկելու վերաբերյալ, հայտնևմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրների և երկրների խմբի կողմից։ Մասնավորապես՝ Ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ավելի քան 80 անդամ ունեցող ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ։ Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի և Լեհաստանի աջակցությունը։

1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 25 հոբելյանական տարեթիվ:
Նախորդ երկամյակի համար հաստատվել էին ՀՀ կողմից ներկայացված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի և ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանի հայտերը:

Մեծ շանսոնյե

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին։ Ապագա մեծ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Նա դուետով հանդես է եկել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ։ 1946 թվականին երկուսն էլ մասնակցել են Էդիթ Պիաֆի Ֆրանսիա և ԱՄՆ շրջագայությանը։ Այդ ժամանակվանից սկսվեց երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրը գրել է մոտ 1000 երգ և խաղացել 60 ֆիլմում։ Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մաթյոն։

Ամբողջ աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 միլիոն օրինակ։ TIME ամսագրի և CNN-ի համատեղ հարցման արդյունքներով՝ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն փոփ կատարող։

Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988 թվականին ավերիչ երկրաշարժից հետո։ Հաջորդ 30 տարիների ընթացքում նա ներգրավված է եղել բազմաթիվ բարեգործական ծրագրերում։ 2016 թվականին Շառլ Ազնավուրը որդու հետ որոշեց նոր թափ հաղորդել բարեգործական գործունեությանը, ինչի արդյունքում ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը։

Մաեստրոն մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

Հանճարեղ ռեժիսոր

«Այլ կինոյի» հիմնադիր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թբիլիսիում հայ հնավաճառ Ջոզեֆ (Հովսեփ) Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում։ 1952 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը։

Ռեժիսորին համաշխարհային համբավ բերեց Միխայիլ Կոցյուբինսկու պատմվածքի հիման վրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը։ Այն մի շարք մրցանակների է արժանացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանում։ Փարաջանովի մեկ այլ փայլուն, նորարարական կինոնկար է «Նռան գույնը», որը վառ մանրանկարներով վերարտադրում է 18-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ, երաժիշտ և աշուղ (ժողովրդական երգիչ) Սայաթ-Նովայի կյանքը:

«Նռան գույնից» հետո Փարաջանովը 15 տարի զրկվեց լուրջ ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից։ 1974 թվականին նա ձերբակալվեց, երեք տարի անցկացրեց բանտում և ազատ արձակվեց, այդ թվում՝ աշխարհի ամենահայտնի կինոգործիչների՝ Ֆրանսուա Տրյուֆոյի, Ժան-Լյուկ Գոդարի, Ֆեդերիկո Ֆելինիի, Լուչինո Վիսկոնտիի, Ռոբերտո Ռոսելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Միխայիլ Վարտանովի և Լուի Արագոնի՝ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղարկված նամակի շնորհիվ։

Փարաջանովի վերջին ավարտված ֆիլմը «Աշիկ-Քերիբն» է՝ նկարահանված 1988 թվականին, «Ինտերմեցո» (հիմնված Մ. Կոցյուբինսկու), «Կիևյան որմնանկարներ», «Իկարուս», «Խոստովանություն» ֆիլմերը էկրան չեն բարձրացել։

Մեծ ռեժիսորը մահացել է Երևանում 1991 թվականի հուլիսի 21-ին։

Փարաջանովի համբավն իսկապես անմահ դարձավ. 2010 թվականին Հոլիվուդում հիմնվեց Սերգեյ Փարաջանովի և սցենարիստ և կինոռեժիսոր Միխայիլ Վարտանովի անվան ինստիտուտը՝ նրանց ստեղծագործությունն ուսումնասիրելու համար, իսկ Երևանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմնանեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը շնորհվում է կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար։

Տեղեկանք․ Բանտում, չունենալով թուղթ և մատիտ, Փարաջանովը կաթի շշի ալյումինե կափարիչների վրա եղունգով փորագրել է ռելիեֆներ, անվանելով դրանք թալեր։ Թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը հանդիսանում է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մրցանակը:

Քևին Սփեյսին երևանյան հանրության հետ խոսել է դերասանության մասին՝ քաղաքականությունը դուրս թողնելով հավասարումից
Քևին Սփեյսի և այլ հայտնի հյուրեր. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի Երևանում
National Geographic-ը Հայաստանը ներառել է 2024 թվականին պարտադիր այցելությունների իր ցանկում
Հայաստանի կառավարությունը Մատենադարանին է ընծայել 15-րդ դարի Ավետարան
Պուշկինի անվան թանգարանում բացվել է հին հայկական Ուրարտու թագավորությանը նվիրված ցուցահանդես