Բավ է պառակտվել
28-09-2022 20:50

Հայաստանում քննարկվում են արևմտահայերենի դասավանդման ընդլայնման հեռանկարները

ՀՀ կրթության նախարարությունում քննարկվում են Հայաստանում արևմտահայերենի տարածման և Սփյուռքի ուսումնական հաստատություններում դրա ուսուցման հեռանկարները։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամո ծառայությունից, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն քննարկել են այս հարցերը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանի հետ:

«Մենք կարող ենք էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն»,- ասել է Մարտիրոսյանը, ցանություն հայտնելով ստանալ սփյուռքի աջակցությունը։

Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Նա ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը:

Քննարկման ընթացքում նախանշվել են ուսուցիչների վերապատրաստման, արևմտահայերենի դասավանդման մեթոդական նյութերի պատրաստման նպատակով ջանքերի միավորման հեռանկարները:

Իր հերթին, Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով արևմտահայերենի նկատմամբ պետական մոտեցումը:

Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը և դրական է գնահատել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, վերապատրաստման գործընթացի, համատեղ նախագծային աշխատանքի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը քննարկվել են արևմտահայերենի թվայնացման, դպրոցականների ներգրավմամբ արևմտահայերենով տարբեր հարթակների, կայքերի պատրաստման հեռանկարները:

Հայերենի երկու ճյուղերը

Արևմտահայերենը հայերենի երկու ճյուղերից մեկն է, որով խոսում է սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը տասնյակ երկրներում։ Ենթադրվում է, որ հայերենի այս ճյուղը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին Թուրքահայաստանի հայության (պոլսահայության) բարբառի հիման վրա։

Արևելահայերենը գործածվում է Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի հայերի կողմից։ Հայերենի այս ճյուղը ձևավորվել է արարատյան և թիֆլիսյան (թբիլիսյան) բարբառների հիման վրա։