Բավ է պառակտվել
10-02-2020 13:19

Գիտեք՝ ինչ հաճելի է,երբ ամբողջ դահլիճը քեզ հետ երգում է․Ռուզան Ավետիքյան (Լուսանկարներ)

 

Երգչուհի Ռուզան Ավետիքյանը չնայած վերջին տարիներին նոր տեսահոլովակ չի ներկայացրել, ու թվում է թե պասիվ ստեղծագործական փուլում է, բայց հետևելով նրա ՖԲ-յան ու ինստագրամյան էջերին այլ տպավորություն ես ստանում: Այնտեղ ժամանակ առ ժամանակ երգչուհին հրապարակում է լուսանկարներ արտերկրի համերգներից, տեսանյութեր և այլն:
Պարզվեց, որ երգչուհին նոր էր վերադարձել համերգային շրջագայությունից։ Զրույցն էլ սկսում ենք հենց այդ նոտայից։

Ինչպես նկատեցիք ես երբեք պասիվ չեմ եղել, ստեղծագործական դադար որպես այդպիսին չեմ ունեցել: Եթե նոր տեսահոլովակներ չեմ ներկայացնում, դա դեռ չի նշանակում՝ պասիվ գործունեություն եմ ծավալում: Եթե լինում են թեմատիկ համերգներ, որտեղ ժողովորդական երգարվեստը պետք է ներկայացվի, ապա այդ համերգներին ես մասնակցում եմ։ Զուգահեռ նոր երգեր եմ ձայնագրում, դասավանդում եմ Կոնսերվատորիայում ու Առնո Բաբաջանյանի անվան ուսուոմնարանում: Իսկ համացանցը այսօր լայն հնարավորություն ունի,որի միջոցով հանդիսատեսը շատ լավ տեղեկանում է քո գործունեությունից: Բացի դա ես երգում եմ ժողովրդական ժանրում, որի պահանջարկը միշտ կա: Այն, անկախ ամեն ինչից, միշտ իր ուրույն տեղը ունի: Չեմ ուզում վիրավորել ոչ ոքի, բայց այսօր ծնվող նոր երգերը թիթեռի կյանք են ունենում, իսկ ժողովրդականը միշտ հավերժ է ու իր բարձունքում:

 

-Ձեր պաշտոնական էջերին հետևելիս նկատեցի, որ համերգային ծրագրով մեկնել էիք ՌԴ , Օբնինսկ քաղաք: Ի դեպ, շատ հետաքրքիր կազմով. ոճային առումով շատ տարբեր երգիչներ՝ Սարգիս Ավետիսյան և Սպիտակցի Հայկո: Ինչո՞վ էր պայմանավորված երգիչների նման ընտրությունը:
-Մինչ ընտրության մասին խոսելը՝ խոսեմ համերգից: Չեմ վախենա ասել, որ փառահեղ համերգ ենք ունեցել: Գիտեք ինչ հաճելի է,երբ երգում ես ու տեսնում ես, որ ամբողջ դահլիճը քեզ հետ երգում է: Արդեն համերգի ժամանակ հասկացանք, որ հանդիսատեսն իսկապես կարոտ ունի նման լավ երեկոյի, իսկ համերգից հետո կազմակերպիչներից տեղեկացանք, որ վերջին անգամ այդ քաղաքում համերգ եղել է 1996 թ-ին: Համերգը կազմակերպել էր գործարար Արմեն Մնացականյանը, ով պարզապես ցանկացել էր տոն պարգևել իր համայնքին՝ ինչն էլ ստացվեց: Կազմակերպիչները ամեն դետալի մասին մտածել էին՝ դիմավորումից մինչև համերգասրահ: Նման կերպ կազմակերպած համերգների ժամանակ իհարկե, յուրաքանչյուր արտիստ իրեն միայն շոյված ու գնահատված է զգում: Երեք փայլուն օրեր ենք ունեցել, որոնք տոն են եղել ոչ միայն համայնքի , այլև մեր համար:
Իսկ երգիչներին՝ հրավիրող կողմն էր ընտրել: Երբ մարդուն ուզում ես ճանաչել, ապա նրա հետ պետք է ճանապարհ գնաս. բացի այն որ կոլեգաներս իրենց ոճի գիտակն են ու տաղանդավոր են, նույնքան էլ լավն է նրանց մարդ տեսակը: Սա ուզում եմ շեշտել, քանի որ վերջին շրջանում շատ են փոխվել մարդկային որակները: Եթե աշխատանքիդ մեջ մի քիչ թերանաս՝ ոչինչ: Բայց մարդ տեսակի մեջ փորձենք երբևէ չթերանալ. ինձ համար մարդկային արժեքներից առավել կարևոր բան չկա:

-Վերջին տարիներին «կոմերցիոն երգեր» արտահայտությունը շատ նորաձև դարձավ: Շատ երգիչներ փոխեցին իրենց ոճը, ասելով՝ դա հանդիսատեսի պահանջն է. հետևաբար պետք է գնալ պահանջին ընդառաջ: Դուք երբևէ մտածե՞լ եք ստեղծագործել այլ ոճում, այլ ռիթմի մեջ:
-Ես սկսել եմ ժողովրդական ժանրից ու այդպես էլ շարունակում եմ: Եղավ ընդամենը մեկ պահ, երբ փորձեցի ժանրային փոփոխություն անել: Երգը գրվեց, գործիքավորվեց, բայց այդ ձայնագրությունը լսեցի միայն ես: Հասկացա, որ դա իմ երգը չէ ու այդպիսով էլ վերջակետ դրվեց: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ պետք է երգել այն ոճում, որը հոգեհարազատ է քեզ: Իհարկե, արտիստներ կարող են լինել, որոնք ցանկանում են գոհացնել հանդիսատեսին ու երգերը պատվիրելու պարագայում նման թեմատիկա են ընտրում: Ես այդ ամենին չեմ միանում: Ես երգել եմ այն, ինչ երգել եմ : Նաև իմ ուսանողներին եմ սովորեցնում բուն ժողովրդական, աշուղական, գուսանական երգարվեստի գաղտնիքները. այն, ինչ սովորեցրել են ինձ իմ վարպետները: Այդ եկող սերունդը լինելու է այն սերունդը, ով կրթելու է նաև մեր երեխաներին, հետևաբար պետք է գիտակ լինեն ու ճիշտ տիրապետեն գեղեցիկ ստեղծագործություններին:
-Նոր սերուդ եք կրթում, կարելի է ասել՝ նոր սերնդի զարկերակը զգում եք: Ինչո՞ւ ուսանելու տարիներին նրանք երգում են մաքուր ժողովրդական երգեր, սակայն ավարտելուց հետո ընտրում են բոլորվին այլ ժանր ու հասկանալի չէ՝ ի՞նչ ոճում են երգում:
-Այո՛, կա նման բան: Քիչ առաջ էլ ասացի. շատերը ցանկանում են երգել այն, ինչ որ հանդիսատեսն է ուզում, բայց ես իմ ուսանողների մասով կարող եմ ասել, որ, ի ուրախություն ինձ, նրանք սովորելու տարիներին տիրապետում են բուն, մաքրամաքուր ժողովրդական, գուսաանական, աշուղական երգարվեստին, որն ինձ սովորեցրել է իմ վարպետ Հովհաննես Բադալյանը: Նրանք եթե երգեն էլ, ապա բուն ակունքներից հաստատ չեն շեղվի: Միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր արտիստ ունի իր ձեռագիրը , պետք չէ կրկնօրինակել ու դառնալ վատ կրկնօրինակող: Այդ մարդու օրիգինալ տարբերակը արդեն կա: Ավելի լավ է քո անհատական իրավիճակը կատարելագործես, քան թե վատ կրկնօրինակես մեկ այլ արտիստի:
-Ամբողջացնելով մեր զրույցը չեմ կարող չհարցնել. հետևո՞ւմ եք քաղաքական պրոցեսներին:
-Հետևում եմ այնքանով, որ ՀՀ քաղաքացի եմ, ապրում եմ այս երկրում, իմ ապագա երեխաները կծնվեն-կմեծանան այս երկրում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, պարզապես ինֆորմացվում եմ։

 

Արմինե Գևորգյան