Գնա ընտրության
19-05-2026 19:52

Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում քննարկման առարկա. Մոսկվան պահանջում է հստակություն

Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը խոստանում է դառնալ Հայաստանի՝ կազմակերպությունում ունեցած կարգավիճակի շուրջ կարևորագույն քննարկումների հարթակ։ Այս մասին TACC-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ օրակարգում լինելու է Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ում։

Օվերչուկը չի թաքցրել իրավիճակի բարդությունը՝ նշելով, որ Մոսկվան չի ցանկանում Երևանի դուրս գալը միությունից, սակայն խորը մտահոգություն է հայտնել Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ։ «Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում», — հայտարարել է ռուս փոխվարչապետը՝ հավելելով, որ այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։

Ռուսական կողմը ուղիղ հարցեր է բարձրացնում նման ընտրության տրամաբանության վերաբերյալ։ «Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա», — հռետորական հարց է բարձրացրել Օվերչուկը։

Նա նաև մատնանշել է Երևանի քաղաքականության թվացյալ հակասությունը։ Օվերչուկի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ «նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանը արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց իր՝ Հայաստանի հանդեպ», — ընդգծել է փոխվարչապետը։

Այս հայտարարությունները համահունչ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին կոչին՝ Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել իրենց արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Պուտինն այն ժամանակ նշել էր, որ եթե Երևանը շուտ որոշում կայացնի, Մոսկվայի հետ «ապահարզանը» «քաղաքակիրթ կլինի»։

Ի պատասխան նման հայտարարությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնել է իր դիրքորոշումը. Հայաստանը որոշում կկայացնի, երբ «պահը հասունանա»։ Նա ընդգծել է, որ այս պահին և առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Փաշինյանը նաև մերժել է «ապահարզան» տերմինը՝ հայտարարելով, որ միջպետական հարաբերությունները չպետք է շփոթել ամուսնության հետ։ «Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ էդպիսի հարց դնել՝ նաև հանրաքվե։ Կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», — եզրափակել է Փաշինյանը՝ հարցը թողնելով բաց, բայց ակնհայտ շեշտադրումով ազգային շահերի և ընտրության ինքնիշխան իրավունքի վրա։

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերակառուցման շեմին է. Օվերչուկի հայտարարությունը
Պուտինը «մեղմ ամուսնալուծության» պայման է դրել Հայաստանի համար. Երևանը պետք է ընտրի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Փաշինյան. Հայաստանը չի վախենում գների աճից՝ նպատակ ունենալով դառնալ «աշխարհի խաչմերուկ»
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ՝ հանդիպելու Պուտինի հետ
Զատուլին. Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին վախեցնել պատերազմով՝ իշխանությունը պահելու համար