Բավ է պառակտվել
03-12-2019 20:56

Հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր ավիաընկերություն


Հայկական ավիաշուկա շուտով մուտք կգործի հայկական նոր ավիաընկերություն։ Բարի լուրը ԱԺ –ում հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Անվանումը դեռ հայտնի չէ, բայց ընկերությունը ամառային սեզոնին պատրաստվում է իրականացնել չվերթեր 13 ուղղություններով։ Շաբաթական 41 չվերթ, նախատեսվող շուրջ 200 աշխատատեղ։ Ռևազյանը հավաստիացրեց՝ անելու են ամեն բան, որ բոլոր՝ տեղական և ոչ տեղական ավիաընկերություններն աշխատեն հավասար պայմաններում։ Սակայն այս լուրը չէր հիմնական պատճառը, որ կոմիտեի նախագահը եկել էր Ազգային ժողով։ Ռևազայանն օրենսդիրներին առաջարկում է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով, այն է՝ օդի տուրքից ազատել այն ընկերություններին, որոնք չվերթեր կիրակակնենեն նոր բացված ուղղություններով կամ այն ուղղություններով, որոնք չեն շահագործվել 12 ամիս։ Այս արտոնությունը կտրամադրվի 3 տարով , բայց ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Խթանում ենք նոր ուղղությունները, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն դրանք: Այսպես վերացնում ենք այն ռիսկը, որ մի ընկերություն կարող է մտնել շուկա, բացել տասը նոր ուղղություն և դառնալ միակ ավիաընկերությունը, որ տվյալ ուղղություններով ստանում է արտոնություն»,–ասում է Տաթևիկ Ռևազյանը։
2018-ին «օդի տուրքից» պետբյուջե մուտքագրվել է 12 մլրդ դրամ: Նոր կարգավորումների նապատակը շուկայում նոր ուղղությունների սպասարկման համար մենաշնորհային արտոնություններ ստանալու ռիսկը վերացնելն է։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մտավախություն ունի, որ նոր կարգավորումը կարող է խաղից դուրս թողնել գործող ավիաընկերություններին:
«Սա կարող է լուրջ ռիսկեր պարունակել ու խաղից դուրս թողնել արդեն իսկ գործող ավիաընկերություններին: Օրինակ Air France-ը, որը Հայաստան է թռնում Շառլ դը Գոլ օդանավակայանից, հիմա եթե նոր ավիաընկերություն ենք ցանկանում ավելացնել ու չենք ֆիքսում նոր ուղղություն, այլ ֆիքսում ենք նոր օդանավակայան, նշանակում է, որ ինչ-որ բյուջետային ավիաընկերություն Փարիզի մեկ այլ օդանավակայանից Հայաստան կարող է թռիչք իրականացնել՝ օգտվելով այս արտոնությունից, արդյունքում մենք Հայաստանում տարիներ շարունակ գործող ավիաընկերությանը կդնենք վատ դրության մեջ»,–ասաց Բաբկեն Թունյանը։
Նախագծի բացերի մասին խոսեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը։
«Ասում եք՝ հավասար պայմաններ են, ես համաձայն չեմ, միանշանակ, անհավասար պայմաններ են գործում։ Երկրորդը՝ մենք բյուջեից սուբսիդավորում ենք, բայց այս պահին որևէ «գարանտիա» չունենք, որ եթե իր գործառույթը սկսելու պահին տոմսի արժեքը, օրինակ՝ կլինի 25.000 դրամ, որտե՞ղ է երևալու «գարանտիան», որ տոմսի գինը չի բարձրանա 30-40.000 դրամ։ Դուք որևէ տեսակի երաշխիք չեք կարող տալ։ Հասկանալու ենք մեկ բան՝ այդ գումարները հստակ անցնելու են փոխադրողին»։,–ասաց ԲՀԿ–ական պատգամավորը։

Ռևազյանն ասում է, որ այս փոփոխությանների արդյուքնում Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կաճի շուրջ 300 000 ուղևորով: « Իմ քայլից» Բաբկեն Թուն յանը տարակուսում է՝ նախագծում այդ հաշվարկները չեն երևում․ որտե՞ղ են այդ հաշվարկները, ովքե՞ր են դրանք արել, հաշվե՞լ են ընդհանրապես, թե ոչ։
Նախագիծը քննարկվելու է 24–ժամյա ռեժիմով, ինչը նշանակում է, որ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կանցկացվի առաջինից 24 ժամ հետո։ Ավիաշուկայում արտոնությունների տրամադրման մասին առավել ակտիվ սկսեցին խոսել Ryanair լոուքոստեր ավիաընկերության մուտքի մասին հայտարարությունից հետո, որը սպասվում է 2020-ի սկզբին: Այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պատրաստվում է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի դեպքում գործելու են նաև լրացուցիչ այլ ֆինանսական խթաններ: Փաշինյանը շեշտեց, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել տեղական և օտարերկրյա բոլոր ավիաընկերությունները:

 

 

Արմինե Գևորգյան