Բավ է պառակտվել
03-10-2019 16:03

Էներգետիկա և տրանսպորտ․ Հայաստանն ու Իրանը կարող են վերակենդանացնել խոշոր ծրագրերը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան և մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին կարող է նոր խթան հանդիսանալ հայ-իրանական տնտեսական նախագծերի համար, կարծում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, բացի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան), մասնակցել են նաև Մոլդովայի և Իրանի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի մայրաքաղաքում։

“Երևանում ձեռքբերված պայմանավորվածությունները և Իրանի ու ԵԱՏՄ միջև կնքված ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը նոր հնարավորություններ են բացում հայ գործարարների համար Իրանում”,- հինգշաբթի մամլո ասուլիսին ասել է Իսկանդարյանը։

Փորձագետը նշել է, որ թեև խոսքը գնում է ընդամենը 300 անվանում արտադրանքի և մաքսայվճարների մինչև 20 տոկոս իջեցման մասին, սա 1979թ․ հեղափոխությունից հետո առաջին դեպքն է, երբ Թեհրանն արտոնություններ է տրամադրում երրորդ երկրներին և ինտեգրվում միջազգային կազմակերպությանը։

Համագործակցության դիվերսիֆիկացում տրասպորտի ոլորտում

Իսկանդարյանի խոսքով, գագաթնաժողովը կարող է նպաստել համատեղ տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ “Հյուսիս-հարավ” միջանցքի դիվերսիֆիկացմանը, որը Հայաստանի տարածքով կապում է Իրանը Սև ծովի ավազանի և Եվրոպայի հետ։

“Իրանը բազմիցս հայտարարել է այդ նախագծի շահավետության մասին։ Բացի դա, միջանքը կարող է փոքրացնել Իրանի կախվածությունը թուրքալեզու երկրներով անցնող երթուղիներից, ինչը կնվազեցնի արտաքին ճնշումն”,- ասել է նա։

Ինչպես նշել է փորձագետը, միջանցքի շինարարության դիվերսիֆիկացման թեման մեկ անգամ չէ, որ քննարկվել է տարբեր մակարդակներով հանդիպումների ժամանակ։

“Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արդեն հայտնել էր ավտոմայրուղի նոր հատվածների շինարարության մեկնարկի մասին, ինչն այդ բանակցությունների տրամաբանական արդյունք է”,- ասել է նա։

556 կմ ընդհանուր երկարությամբ “Հյուսիս-հարավ” միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի տարածքով (Մեղրի-Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) և Վրաստանով: Ներդրումային ծրագիրը ուղղված է հյուսիսային (Վրաստանի հետ սահմանի) և Հայաստանի հարավի (Իրանի հետ սահմանի) միջև կապի ապահովմանը `միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով, ինչպես նաև՝ մուտքի հնարավորություն համաշխարհային շուկաներ: “Հյուսիս-հարավ” մայրուղու շինարարության համար ներգրավվել է 550 միլիոն դոլար, որից իրացվել է 200 միլիոնը:

Իսկանդարյանը երկու երկրների միջև երկաթուղային ցանցի կառուցման վերաբերյալ նախագծի վերակենդանացումը որակել է որպես տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման ամենակարևոր քայլը՝ միաժամանակ շեշտելով, որ նախագծի իրականացումն ամբողջովին կախված է հայկական կողմից:

“Իրանն ունի տարածաշրջանի զարգացած երկաթուղային ցանցերից մեկը, և նրա համար դժվարություն չի ներկայացնի նոր երկաթգիծ ձգել մինչև Հայաստանի հետ սահման: Միակ խնդիրը նախագծի ֆինանսավորումն է, որը կարող է արժենալ ավելի քան 1,5 միլիարդ դոլար”, - ասել է նա: .

Ըստ նրա, Իրանում տիրող իրավիճակը թույլ չի տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ նախագծին, բայց Թեհրանը պատրաստ է ցանկացած պահի սկսել երկաթուղու 60 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն, ինչը նույնպես նշվել է Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Էներգետիկ նախագծեր

Իսկանդարյանը շեշտել է, որ իրանական գազի դիմաց Հայաստանից էլեկտրաէներգիա ներմուծելու մասին համաձայնագիրը երկկողմ հարաբերություններում նոր չէ, բայց Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ընդլայնել մասշտաբը:

“Հայկական կողմը պատրաստ է մեծացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը, բայց 400 կՎ լարման երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման հարցը դեռևս լուծված չէ: Նախկինում ենթադրվում էր, որ էլեկտրագծերի կառուցումը կավարտվի 2019-ի գարնանը, բայց այն կարող է հետաձգվել մինչև այս տարվա վերջ”, - ասել է նա:

2009թ․մայիսի 15-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան-Հայաստան գազամուղով։ “Գազ էլեկտրաէներգիայի դիմաց” նախագծի շրջանակներում իրանական “կապույտ վառելիքը” Հայաստանում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսվում է ԻԻՀ արտահանելու համար բնական գազի 1 խմ–ի դիմաց 3 կՎտ/ժամ հաշվարկով։

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով իրանական կողմը “սառեցրել է” սահմանին Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը։

“Չնայած դիվանագետների կատարած ամբողջ քրտնաջան աշխատանքին, ծրագրի ապագան դեռևս անորոշ է: Եվ թեև առկա է երկու կողմերի հետաքրքրությունը, դրա իրականացումը լիովին կախված է Իրանի ֆինանսական հնարավորություններից, որոնք ներկայումս սահմանափակ են”, - ասել է նա:

130 ՄՎտ հզորությամբ և 323 միլիոն դոլար արժողությամբ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնադրման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 8-ին՝ սահմանային Արաքս գետի ափին: Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրան: Ենթադրվում էր, որ շահագործումից 15 տարի անց հիդրոէլեկտրակայանը անհատույց կանցնի հայկական կողմին: