Բավ է պառակտվել
24-03-2020 15:57

Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Ծառուկյանի նկատմամբ, եթե նա հրաժարվի վճարել աշխատակիցներին


Աշխատանքային օրենսգիրքը արտակարգ դրության պայմաններում աշխատանքային որոշ հարաբերություններ չի կարգավորում կամ թերի է կարգավորում։ Բացը փորձում է լրացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․ հրատապ ռեժիմով մշակվել և շրջանառության մեջ է դրվել փոփոխությունների նախագիծ։
Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխատողների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի կամ մատնվել հարկադիր պարապուրդի։ Աշխատանքային օրենսգրքով «հեռավար աշխատանք» հասկացությունը չի սահմանվում, վճարումների մասով էլ կարգավորումներ չի նախատեսում։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել, որով փոփոխություններ են առաջարկվում արտակարգ դրության պայմաններում աշխատելու դեպքում։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ՝ ձևակերպել են հեռավար աշխատանքի սահմանումը։
«Հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, ըստ նախագծի, աշխատողները պարապուրդի մեջ չեն համարվում, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է»;
Հաջորդ փոփոխությամբ այն դեպքերում, երբ հնարավոր չէ աշխատանքը կատարել ո՛չ հեռավար, ո՛չ աշխատանքի վայրից՝ աշխատողը կօգտվի ամենամյա վճարվող արձակուրդից: Բայց, երբ աշխատանքները սկսվեն՝ արձակուրդները կհամարվեն մարված: Այսինքն, գործատուն իր ապագա ծախսը կբերի ներկա ժամանակահատված: Պետությունը փորձելու է աջակցություն ցուցաբերել գործատուին:
Փոփոխությունները արգելում են գործատուին իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։
Այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ և հնարավոր չէ աշխատանքը շարունակել ոչ տնից և ոչ էլ հեռավար եղանակով, գործատուի համար նախատեսվում է պարտադիր պահանջ՝ աշխատողին ցանկության դեպքում արձակուրդ տրամադրելու։
Ի դեպ, գործատուն չի կարող աշխատողին պարտադրել, որ նա չվճարվող արձակուրդ վերցնի։
«Օրավարձով աշխատողները, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր, նույնպես վճարվում են»,– ասում է Ժորա Սարգսյանը ու հավելում՝ եթե աշխատողը հարկադիր պարապուրդում է ոչ իր մեղքով, ապա գործատուն պետք է վճարի։ Կարգավորումը հստակ է, հրաժարվելու դեպքում հարցն արդեն ՊԵԿ–ի և առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմնի կարգավորման տիրույթում է՝ ասում է նախարարության ներկայացուցիչը։
Լրագրողների դիտարկմանը թե այս օրերին բազմաթիվ ահազանգեր են եղել, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատողներին պարապուրդի համար, որոշ գործատուներն էլ մինչև արտակարգ դրության ավարտն ազատել են աշխատողներին: Արդյոք տվյալներ կա՞ն, թե քանի աշխատող է այս ընթացքում աշխատանքից ազատվել, ահազանգեր եղել են և ինչ քայլեր է անում նախարարությունը աշխատողների իրավունքները պաշտպանելու համար:
«Տվյալ իրավիճակում, եթե գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, կարծում եմ` միակ հիմքը, որը կարող է կիրառվել, դա հաստիքի կրճատումն է, որը որ հիմնականում լինում է, ահազանգերից ենք տեղեկանում՝ հաստիքների կրճատման հիմքով են ազատում: Բայց մի պարզ բան` հաստիքի կրճատման հիմքով ազատումից առաջ գործատուն պարտավոր է 60 օր առաջ աշխատողին ծանուցել, իսկ եթե չի ծանուցում, հետևաբար տույժեր պետք է վճարի: Ստացվում է մի իրավիճակ, որ այս իրավիճակում գործատուին ֆինանսապես ձեռնտու էլ չի լինի հաստիքի կրճատման հիմքով աշխատողին ազատելը»,-նշեց նա:

Նշենք, որ երեկ ԱԺ –ում Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` որ ինքը չի պատրաստվում այդ քայլին գնալ։

Հարցին թե ի՞նչ սանկցիաներ կլինեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որը հրաժարվում է վճարել աշխատակիցներին, ասաց` եթե գործատուն հարկադիր պարապուրդի համար չի վճարում աշխատողին, ապա նա պարտավորվում է տույժ վճարել։

Սարգսյանը հավելեց, որ աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ եթե աշխատողը համաձայն չէ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի հետ, նա ունի 2 ամիս ժամանակ դիմելու դատարան և վերականգնելու իր իրավունքները:
Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որ առաջարկվող կարգավորումները ուժի մեջ մտած համարվեն 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն:

 

 

Արմինե Գևորգյան