Բավ է պառակտվել
30-06-2020 22:37

Ինչ նպատակ ունի գույքահարկի նոր օրենքը (Տեսանյութ)

Գույքահարկի մասին նոր օրենքը բյուջեն լցնելու նպատակ չունի: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Նոր կանոններով առաջին վճարումը մեր քաղաքացիները կատարելու են 2021 թ-ի դեկտեմբերին: Այսինքն՝ որքան էլ լավ կամ վատ լինի բյուջեի վիճակը, դրա վրա այս փոփոխոթյունն ազդեցություն չի ունենա: »,- ասաց Ջանջուղազյանը:
Հայաստանում կա մոտ 9500 բնակարան կամ բնակարանների շուրջ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը լինելու է տարեկան 64 հազար դրամից բարձր։ Ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ու վստահեցնում, որ գույքահարկի բարձրացումը բիզնեսի վրա էական ազդեցություն չի ունենա։
«Ավելին ասեմ, սա կարող է բիզնեսի վրա ունենալ խթանող ազդեցություն։ Մարդիկ ժամանակին կոպեկներով գույք են սեփականաշնորհել ու իրենց համար դա պահելը ոչ մի բան չարժե, քանի որ գույքահարկը շատ ցածր է։ Սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած գործարարը, եթե ցանկանում է գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ․ պարզապես չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով վարձակալել կամ գնել։ Գույքահարկի ավելացումը չօգտագործվող գույքի համար ստիպելու է կամ աշխատեցնել կամ վարձով տալ, վաճառել նրանց, որոնք ցանկություն ունեն»,- ասաց Թունյանը։
Անդրադարձավ ճգնաժամի պայմաններում գույքահարկի ավելացման մասին քննադատություններին, նշելով, որ դրանք արդարացի չեն, քանի որ առաջին տարում՝ 2021թ-ին, գույքահարկը վճարվելու է ընդամենը 25%-ով, իսկ 100%-ի հասնելու է միայն 6 տարի անց՝ աստիճանաբար:
Խոսելով երևանի կենտրոնում «թանկարժեք» բնակարաններում բնակվող թոշակառուների ֆինանսական խնդիրների մասին ու այն մտավախությանը, որ նրանք չեն կարողանալու վճարել իրենց բնակարանների համար, Թունյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե թոշակառուներից քանիսն են ապրում թանկարժեք բնակարաններում ու գույքահարկի արժեքը համադրել նրանց իրական եկամուտների հետ:
«Եթե իրականում մարդու եկամտի միակ աղբյուրը թոշակն է, նա իրոք չի կարողանում գույքահարկ վճարել, թոշակը օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ»։
Թունյանը տեղեկացրեց, որ համայնքների ավագանին էլ ունի մինչև իր գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է արտոնություն տալ կամ չեղարկել: Ընդգծեց՝ 10 տոկոսը բավարար է այդ մարդկանց խնդիրները լուծելու համար, և թափանցիկության չափորոշիչները ևս պետք է պահպանվեն:
«Օրինակ՝ Նալբանդյան փողոցում 75 քմ-անոց բնակարանի համար այսօր վճարում են տարեկան 25 000 դրամ, հետո վճարելու են 71 000 դրամ: Սա նորակառույցներն են: Իսկ մինչև 1975 թ-ը կառուցված շենքերի համար մեր բնիկ երևանցիները, օրինակ, Տիգրան Մեծի պողոտայում 70 քմ-ի համար վճարելու են 17 000 դրամ, առաջին տարում՝ 4000 դրամ: Մոսկովյան փողոցում 70 քմ-ի համար վճարելու են 25 000 դրամ, առաջին տարում՝ 7000 դրամ»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ առաջիկայում կսկսի գործել առցանց հաշվիչը, որով մարդիկ կկարողանան իրենք հաշվարկել իրենց գույքահարկի չափը, ինչից հետո առկա մտահոգությունները, նրա համոզմամբ, կփարատվեն:
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ հայտնեց, որ 1994թ-ից ի վեր Երևանի կենտրոնում 1քմ հողի կադաստրային արժեքը 2585 դրամ էր: Այսօր, արդեն, այն հաշվարկվում է 330 000 դրամով:
«Հողի կադաստրային ու շուկայական արժեքները ոչ մի աղերս չունեին իրար հետ: Այս ամբողջ փոփոխության նպատակն այն էր, որ դրանք համապատասխանեցվեն իրար»,- ասաց Թովմասյանը:
Նշենք,որ գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80 տոկոսը։ Այսինքն՝ եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարել 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։
Կենտրոն համայնքում մեկ քմ հողի բազային արժեքը սահմանված է 330 հազար դրամ, նորակառույց շենքում բնակարանի 1 քմ-ն՝ 700 հազար դրամ և անհատական բնակելի տան համար՝ 420 հազար դրամ։ Գոտիականությունից կախված՝ դրույքաչափերը նվազում են։
Իսկ Երևանի կենտրոնի նորակառույց շենքերում բնակարանների 1 քմ-ի արժեքը, նրա խոսքով, այսօր հաշվարկված է 700 000 դրամով, բնակելի տներինը՝ 420 000 դրամով:
ՀՀ տարածքը բաժանված է 20 գոտիների, և գոտիականությունից կախված` դրանց արժեքները նվազում են:
Հեռավոր գյուղական բնակավայրերում, կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով, բնակելի տների գույքահարկը 2026թ-ից հետո տարեկան կկազմի շուրջ 3-5 հազար դրամ: Իսկ վագոն-տնակներոմ բնակվող քաղաքացիները չեն հարկվի, քանի որ նրանց տնակներն ամրակցված չեն հողին:
Նախաձեռնողները վստահեցնում են,որ գույքահարկը վճարվում է համայնքային բյուջե։ Հետևաբար գումարները կուղղվեն համայնքների բարեկարգմանը։
Գույքահարկի նոր համակարգն ուժի մեջ է մտնելու աստիճանաբար։ Առաջին ամբողջական վճարումը սեփականատերերն անելու են 2026 թվականին, իսկ դրան նախորդող հինգ տարիներին վճարումներն անելու են մասնակիորեն. առաջին տարում՝ 2021-ին, վճարելու են գույքահարկի 25 տոկոսը, 2022-ին՝ 30, 2023-ին՝ 35, 2024-ին՝ 50, 2025-ին՝ 75 տոկոսը, 2026-ին՝ 100 տոկոսը:
Իսկ «Բնիկ երևանցիների» ֆեյսբուքյան ֆլեշմոբին ավելացել է ևս մեկը՝ ստորագրահավաք change.org հարթակում։ Այս նախաձեռնության հիմքում էլ գույքահարկի փոփոխություններն են, մասնակիցները կոչ են անում դադարեցնել սկսված գործընթացը, նշում են, որ անշարժ գույքի հարկերի բարձրացումն առաջացնելու է շղթայական հետևանքներ, ներառյալ` տարածքների վարձակալության գների աճ, ինչն առաջին հերթին վնասելու է փոքր և միջին բիզնեսին։

 

 

Արմինե Գևորգյան