Բավ է պառակտվել
01-06-2022 18:53

Քերոբյանը պատմել է, թե ինչպես է լուծվում Հայաստանից Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չորեքշաբթի լրագրողներին պատմել է, թե ինչ միջոցներ է ձեռնարկում հայկական կողմը Վերին Լարսի անցակետի խնդիրը լուծելու համար, որտեղ հայկական բեռնատարները երկու շաբաթից ավելի կանգնած են եղել մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ։

Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը հայտնել էր «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարների կուտակման մասին։ Նշվել էր, որ ՌԴ մուտք գործելուն է սպասում շուրջ 3000 բեռնատար, որոնք Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից բեռներ են տեղափոխում Ռուսաստան։ Պարապուրդի պատճառով բեռնափոխադրողների կորուստները միջինում կազմում են օրական մոտ 600-700 եվրո մեկ ծանր բեռնատարի համար: Հայկական լրատվամիջոցները հաղորդում էին, որ արագ փչացող ապրանքներ տեղափոխող հարյուրավոր հայկական ծանր բեռնատարներ շաբաթներով հերթ են կանգնում Վերին Լարսի անցակետով անցնելու համար։

«Մենք շատ մտահոգված ենք Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակով։ Ես և իմ գործընկերները օրական մի քանի ժամ հատկացնում ենք այս խնդրին։ Դրանով զբաղվում են նաև Պետական ​​եկամուտների կոմիտեն, արտաքին գործերի նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասել է Քերոբյանը՝ հավելելով, որ այս հարցով ռուս գործընկերների հետ ամենօրյա կապ է պահպանվում։

Այս առնչությամբ նախարարը բացատրել է, որ բեռնատարների մեծ կուտակումները պայմանավորված են նրանով, որ Եվրոպայից շատ բեռնափոխադրողներ, որոնք նախկինում անցնում էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են շրջան անել և Ռուսաստան մտնել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

«Հասկանալի է, որ սա շատ բարդ խնդիր է արտահանողների համար, և մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ այդ բեռը թեթևացնելու համար»,- ասել է նա։

Որպես օրինակ՝ Քերոբյանը հիշեցրեց լաստանավային հաղորդակցության մասին որոշումը՝ նշելով, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև լաստանավային հաղորդակցությունը, ինչպես և նախատեսվում էր, պետք է սկսի գործել հունիսի 15-ից։

«Դա էապես կնվազեցնի լարվածությունը որոշ բեռների գծով, կառավարությունը մոտ 2,5 միլիարդ դրամ է հատկացրել առաջիկա վեց ամիսների ընթացքում սուբսիդավորման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը բանակցություններ է վարում վրացական Փոթի նավահանգստից ռումինական Կոնստանցա նավահանգիստ բեռնափոխադրումների ծավալի մեծացման ուղղությամբ։

Բացի այդ, ասել է էկոնոմիկայի նախարարության ղեկավարն, անցած շաբաթ նա հանդիպում է անցկացրել ռուս գործընկերների հետ, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 11-ին Վերին Լարս անցակետում հանդիպելու մասին։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ հնարավորություններ ունենք Վերին Լարսի հնարավորություններն էլ ավելի ընդլայնելու համար։ Կարծում եմ, որ մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք թեթևացնել այս ծանրաբեռնվածությունը մինչև սեզոնի (գյուղատնտեսական արտադրանքի արտահանման՝ խմբ.) սկիզբը»,- պարզաբանել է Քերոբյանը։

Միաժամանակ, ըստ նախարարի, չնայած այս բոլոր դժվարություններին, ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 20%-ով՝ ոչ հանքարդյունաբերության հաշվին, որտեղ անկում է գրանցվել։

Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին որոշում է ընդունել սուբսիդավորել «Փոթի» (Վրաստան) - «Պորտ Կավկազ» (Ռուսաստան) լաստանավային փոխադրումները։ Իսկ մայիսի 5-ին «Սի ​​ընդ Էմ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է Հայաստանից արտահանման և երկիր ներմուծման նպատակով բեռների լաստանավային փոխադրման օպերատոր։